Եվս մի քանի օր եւ պատմության գիրկը կանցնի 2006 թ.: Ընթացիկ մրցաշրջանը եւս հարուստ էր մարզական զանազան իրադարձություններով, որոնց «Ազգը» հանգամանորեն անդրադարձել է: Անշուշտ, այս տարվա մարզական գլխավոր իրադարձություններն էին Թուրինում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերը եւ Գերմանիայում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի 18-րդ առաջնությունը: Տարբեր մարզաձեւերից եւս անցկացվեցին աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ, միջազգային խոշոր մրցաշարեր, որոնցից մեդալների հարուստ ավարով տուն վերադարձան հայ մարզիկները:
Մրցաշրջան-2006-ում Հայաստանի մարզիկների համար ամենանշանակալի նվաճումը գրանցվեց Թուրինում կայացած շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայում: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որ մինչ այդ շախմատային օլիմպիադաներում երեք անգամ բրոնզե մրցանակակիր էր դարձել, փայլուն մրցելույթներ ունեցավ Թուրինում եւ հասավ աննախադեպ նվաճման` դառնալով չեմպիոն: Մեր շախմատիստների հրաշալի վեցյակը` Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանն ու Արտաշես Մինասյանը գերազանց խաղացին եւ իրենց փայլուն նվաճմամբ մեկ անգամ եւս ապացուցեցին, որ Հայաստանն իրոք շախմատային գերտերություններից մեկն է աշխարհում: Պատահական չէ, որ արդեն որերորդ տարին Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվում շախմատիստը: Այս անգամ էլ մարզական լրագրողներն առանց երկմտելու նախապատվությունը տվեցին Լեւոն Արոնյանին, որը երկրորդ տարին անընդմեջ լավագույնը ճանաչվեց Հայաստանում:
Լեւոն Արոնյանն իրոք արժանի էր նման բարձր գնահատականի: Մրցաշրջան-2006-ում էլ Հայաստանի շախմատիստներից ամենաբարձր անհատական վարկանիշ ունեցող Արոնյանը գերազանց մրցելույթներ ունեցավ, ապացուցելով, որ արժանիորեն է տեղ զբաղեցնում աշխարհի ուժեղագույն էլիտար գրոսմայստերների շարքում: Դեռեւս անցյալ տարվա վերջին Լեւոնը դարձավ աշխարհի գավաթակիր: 2006 թ. մեկնարկը Արոնյանը նշանավորեց Լինարեսի գերմրցաշարի հաղթողի կոչմամբ` առաջին իսկ փորձից արժանանալով գլխավոր մրցանակին: Նա դարձավ նաեւ Ֆիշերի շախմատի վարկածով աշխարհի չեմպիոն, հաջող հանդես եկավ միջազգային մի շարք մրցաշարերում, մասնավորապես Մոսկվայում կայացած Միխայիլ Տալի հուշամրցաշարում` տեղ զբաղեցնելով հաղթողների շարքում:
Իրենց նվաճումներով ուրախացրին նաեւ մեր պատանի շախմատիստները` մեդալների արժանանալով տարիքային տարբեր խմբերի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում: Հատկապես հաջող էր 17-ամյա Զավեն Անդրեասյանի ելույթը: Նա Երեւանում անցկացված մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ Եվրոպայի առաջնությունում դարձավ փոխչեմպիոն: Պատանիների նվաճումները հատկապես ուրախալի են, քանի որ վկայում են հայկական շախմատի հուսալի հերթափոխի մասին: Կանանց շախմատում եւս գրանցվեցին առանձին հաջողություններ: Լիլիթ Մկրտչյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում դարձավ բրոնզե մրցանակակիր, իսկ Երեւանի «Միկան» նվաճեց Եվրոպայի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը: Հաշվի առնելով հայ շախմատիստների նվաճումները, մրցաշրջան-2006-ը Հայաստանի համար իսկապես շախմատային տարի պետք է համարել: Իմաստուն խաղի հայ վարպետները մեկ անգամ եւս դրսեւորեցին մտքի եւ բանականության իրենց անսպառ ներուժը:
Հաջող մրցելույթներ ունեցան նաեւ մեր մյուս մարզաձեւերի (հատկապես հենակետային) ներկայացուցիչները: Ծանրորդներից գյումրեցի Գեւորգ Դավթյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիրներ դարձան Արա Խաչատրյանն ու Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը: Արմեն Ղազարյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունում էլ հրում վարժությունում արժանացավ արծաթե մեդալի: Մելինե Դալուզյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը, աշխարհի առաջնությունում էլ դարձավ բրոնզե մրցանակակիր: Հռիփսիմե Խուրշուդյանն էլ Եվրոպայի առաջնությունում դարձավ փոխչեմպիոն:
Մեր ըմբիշների ելույթները երկակի տպավորություն թողեցին: Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարեն Մնացականյանն ու Ռոման Ամոյանը նվաճեցին չեմպիոնի տիտղոսը, իսկ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկած Դենիս Ֆորովը դարձավ արծաթե մեդալակիր: Իսկ ահա աշխարհի առաջնությունում մեր ըմբիշները տապալվեցին: Ազատ ոճային մեր ըմբիշներից Հայաստանի հավաքականին մեդալներ պարգեւեցին միայն լեգեոնականները: Ռուսլան Բասիեւը աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց: Եվրոպայի առաջնությունից արծաթե մեդալներով տուն վերադարձան Ռուսլան Կոկաեւը, Շամիլ Գիտինովը, իսկ Վադիմ Լալիեւն ու Կարինե Շադոյանը դարձան բրոնզե մրցանակակիրներ:
Տարին հաջող էր ձյուդոյիստ Արմեն Նազարյանի համար: Մեր ամենատիտղոսակիր ձյուդոյիստն այս մրցաշրջանում էլ հաջող մրցելույթներ ունեցավ: Նա Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը, իսկ աշխարհի գավաթի խաղարկություններում արժանացավ արծաթե եւ բրոնզե մեդալների:
Բռնցքամարտիկներն էլ միջազգային մրցաշարերից տուն վերադարձան պարգեւներով: Իսկ Հրաչյա Ջավախյանն ու Հովհաննես Դանիելյանը Եվրոպայի առաջնությունում արժանացան համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալների:
Խաղարկված մեդալներից անմասն չմնացին նաեւ մեր սամբիստներն ու ուշուիստները: Լաերտ Ավագյանը սամբոյի աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե մրցանակակիր, իսկ Աշոտ Դանիելյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը: Ուշուի Եվրոպայի առաջնությունում էլ Արման Գրիգորյանը եւ Հարություն Սիմոնյանը դարձան փոխչեմպիոններ, իսկ Կարեն Սահակյանն ու Սերգեյ Սեւյանը նվաճեցին բրոնզե մեդալներ: Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Վահագն Ստեփանյանը ազատ վարժություններում եւ նժույգաթափերում արժանացավ արծաթե մեդալների, իսկ օղակների վրա վարժություններում նա 3-րդն էր: Նժույգաթափերում Հարություն Մերդինյանն աշխարհի գավաթի խաղարկության փուլերում նվաճել էր ոսկե եւ արծաթե մեդալներ:
2007 թ. նախաօլիմպիական տարի է եւ հայ մարզիկների գլխավոր նպատակը Պեկինի օլիմպիադայի ուղեգիր նվաճելն է: Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին անդամն արդեն հայտնի է: Առայժմ օլիմպիական միակ ուղեգիրը նվաճել է հրաձիգ Նորայր Բախտամյանը, որը Եվրոպայի առաջնությունում դարձել է արծաթե մրցանակակիր:
Իհարկե, մարզական տարին միայն հաջողություններով չնշանավորվեց: Եղան նաեւ անհաջողություններ, բացահայտ ձախողումներ: Կրկին ուրախանալու ոչ մի առիթ չտվեցին ֆուտբոլիստները: Ազգային հավաքականը կրկին անհաջող ելույթներ ունեցավ` այդպես էլ 6 հանդիպումներում չգտնելով մրցակցի դարպասի բանալին: Անհաջող հանդես եկան նաեւ երիտասարդական եւ պատանեկան հավաքականները` դուրս մնալով ընտրական մրցաշարի առաջին իսկ փուլից:
Ավարտվում է մարզական իրադարձություններով հարուստ 2006 թ.: «Ազգի» մարզական բաժինը շնորհավորում է մարզաշխարհի ներկայացուցիչներին Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ` մաղթելով ամենայն բարիք: Թող որ 2007 թ. նորանոր նվաճումների տարի դառնա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ