Այլեւ նրա հետ վերապրում է Մեծ եղեռնի բոլոր սարսափները
2005 թ. սեպտեմբերին Ստամբուլի «Բիլգի» համալսարանում հրավիրվեց «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում» թեմայով գիտաժողովը: Թեեւ կազմակերպիչները հրավիրել էին այն թուրք գիտնականներին, որոնք դատապարտել են Հայոց ցեղասպանության թուրքական պաշտոնական թեզը, այնուամենայնիվ զեկուցումներում ցեղասպանություն բառը չէր հնչել: Մինչ թուրքական մամուլը գիտաժողովի հրավիրումը հանգեցնում էր Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի վրա դրված տաբուի վերացմանը, մտավորականներն ընդգծեցին դրա կարեւորությունը 1915 թ. իրադարձությունների առնչությամբ թուրք հասարակությանն իրազեկելու համար:
Մինչդեռ այդ հասարակությունը եղել է հայերի բնաջնջման ականատեսը, բնաջնջումն իրագործվել է թուրք զանգվածների ակտիվ մասնակցությամբ, Թուրքիայում ցեղասպանությունից մազապուրծներին առ այսօր անվանում են թրի կամ կացնի ավելցուկ, իսկ 1915 թ.-ըՙ կոտորածի տարի: Այսինքնՙ թուրք հասարակությունն իրազեկման կարիքը բոլորովին չունի: Քանի որ անհնար է վերացնել ցեղասպանության վրա դրված տաբունՙ խուսափելով ցեղասպանություն արտահայտության օգտագործումից, ուստի գիտաժողովի գլխավոր արդյունքը պետք էր համարել Թուրքիայում հայերի կոտորածների հրապարակավ քննարկումն ու թուրքական ժխտողականության քննադատումը, որոնք տաբուի վերացման անհրաժեշտ նախապայմաններն են:
«Բիլգի» համալսարանում հրավիրված գիտաժողովն էլ ուղղակի արդյունքն էր այն թուրք մտավորականների, որոնք Ռագըփ Զարաքոլուի եւ նրա հանգուցյալ տիկնոջՙ Այշե Նուրի գլխավորությամբ Թուրքիայում թարգմանաբար հրատարակել են օտարերկրյա, սփյուռքահայ եւ հայաստանցի մասնագետների Մեծ եղեռնին նվիրված աշխատությունները, ինչպես նաեւ ցեղասպանության անմիջական զոհերի հուշերը:
Այդ զոհերի մեջ զգալի թիվ են կազմում հայ երեխաները, որոնց ծնողներից խլել եւ մահմեդականացրել են: Այդպիսի երեխաներից էր Էլազիկի Բալու (Մադեն) գավառի Հավավ (Հաբաբ) գյուղում Կատարյան ընտանիքի դուստր Հրանուշը, որին տեղահանությունից առաջ զինվորները խլում են մորից, դառնում է Սեհեր եւ մեծանում թուրք ընտանիքում: Թեեւ ամուսնանում, երեխաների ու թոռների տեր է դառնում, իր թոռնուհուՙ Ֆեթհիյե Չեթինի դիպուկ արտահայտությամբՙ «մոռանում է իր լեզուն եւ կրոնը, բայց երբեք չի մոռանում իր գյուղը, մորը, հորը, մերձավորներին եւ նրանց միանալու հույսով ապրում է 95 տարի»:
Տատիկի մահից հետո ԱՄՆ-ում, շնորհիվ երջանկահիշատակ Մեսրոպ արք. Աշճյանի, նրա հարազատներին հանդիպում է Ֆեթհիյե Չեթինը եւ որոշում է գրել տատիկի մասին: Սեհեր տատիկի հայկական ծագման մասին Ֆեթհիյե Չեթինը իմացել է հասուն տարիքում միայն, երբ տատիկը ընտանիքի մյուս անդամներից գաղտնի նրան է պատմել իր դառնակսկիծ պատմությունը, որը նաեւ Մեծ եղեռնի խտացված պատմությունն է: Մինչ դրա բովանդակությանն անդրադառնալը, նշենք, որ Չեթինի գիրքը լույս է տեսել 2004 թ. Ստամբուլում եւ ունեցել է լայն արձագանք: Նրա օրինակով երկրում հրապարակվել են այլ գրքեր, բազմաթիվ հոդվածներ, որոնց հեղինակները նույնպես խոստովանել են, որ իրենց մեծ հայրը կամ մայրը եղել է հայ:
Չեթինի գիրքը վերջերս Ռուբեն Մելքոնյանի թարգմանությամբ «Մեծ մայրս» վերնագրով հրատարակվեց Երեւանում: Երեւանյան հրատարակությանն օժանդակել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Հարկ է սակայն նշել, որ մինչ այդ նույն գիրքը Հալեպում «Մեծ մայրիկս» վերնագրով հրատարակել էր Բերիո հայոց թեմը, որը թարգմանել է Սալբի Գասպարյանը, զետեղելով միաժամանակ գրքում Ֆեթհիյե Չեթինի կենսագրական հակիրճ տվյալներ: Թեեւ երեւանյան հրատարակությունում չի նշվել Սալբի Գասպարյանի թարգմանության մասին, այնուամենայնիվ, այս երկու թարգմանություններն էլ ողջունելի են:
Ըստ Ֆեթհիյե Չեթինին իր տատիկիՙ Հրանուշ Կատարյանի պատմածների, երբ եղանակն սկսում է տաքանալ, հանկարծ գյուղ են ներխուժում թուրք զինվորները: Հրանուշն այդ տարի փոխադրվում է հայկական դպրոցի չորրորդ դասարան: Զինվորները գյուղի բնակիչներին հավաքում են հրապարակում, տղամարդկանց առանձնացնում, զույգ-զույգ իրար են կապում, եւ բոլորին քշում-տանում են: Գյուղում մնում են միայն կանայք եւ երեխաները: Նույն օրը երեկոյան, սակայն, թուրք հրոսակն առեւանգում է երիտասարդ կանանց ու աղջիկներին, իսկ մնացածներին զինվորները քշում են Բալու, հավաքում եկեղեցու բակում:
Հրանուշն ընկերուհու միջոցով իմանում է, թե ինչպես տղամարդկանց մորթում եւ լցնում են գետը: Մինչ բակում հավաքվածները, հրամանի համաձայն, գյուղ են վերադառնում, հարեւան գյուղերից թուրքերը թալանում են նրանց տները: Այնուհետեւ զինվորներն արձակում են գաղթի հրամանը: Ճանապարհին սովից, ծարավից, հոգնածությունից մեռնում են մեծ թվով մանուկներ, իսկ քարավանից հետ մնացածներին էլ սպանում են թուրք զինվորները: Քարավանն ուժասպառ հասնում է Չերմիք: Այդ ընթացքում ճանապարհի երկայնքով շարված չերմիքցիները ոսկեղենի եւ դրամի դիմաց հաց ու ջուր են առաջարկում նրանց, ովքեր տեղահանության դեռեւս առաջին օրը զրկվել էին ոչ միայն տուն ու տեղից, ունեցվածքից, այլեւ հորից, ամուսնուց եւ բոլոր հարազատներից:
Հենց Չերմիքում էլ Հրանուշին, բազմաթիվ այլ երեխաների պես, խլում են մոր ձեռքից: Քանի որ դա արվում էր հայ երեխաներին որպես ծառա թուրք ընտանիքներին բաժանելու նպատակով, ուստի զինվորներն ընտրում են որոշակի տարիքի երեխաների, որպեսզի նրանք մանուկների պես խնամքի կարիք չունենան: Այդ է պատճառը, որ Հրանուշի հորեղբոր երկու աղջիկներին, որոնք թերեւս փոքր էին, կամուրջն անցնելիսՙ քայլել անկարող լինելու համար ճարահատյալ ջուրն է նետում տատիկը: Աղջիկներից մեկն իսկույն ջրասույզ է լինում, իսկ մյուսին, որը գլուխը դուրս է հանել ջրից, գետի մեջ է մխրճում տատը: Փոքրիկը մեկ անգամ եւս գլուխը բարձրացնում է, ապա ջուրը նետված տատիկի հետ անհետանում գետում:
Եթե ամփոփենք Հրանուշի պատմածները, ապա ակնհայտ կդառնա, որ Մեծ եղեռնը իրագործվել է նախքան տեղահանությունը: Դրա նախօրյակին թուրք զինվորներն առանձնացնելով հայ տղամարդկանց կանանցից, սպանել էին: Բացառապես կանանցից եւ երեխաներից կազմված բնակիչներին դուրս էին բերել իրենց բնակավայրերից, որպեսզի թալանի հնարավորություն տան թուրք գյուղացիներին, երիտասարդ կանանց եւ աղջիկներին առեւանգել էին, երեխաներին խլել իրենց մայրերից: Այսինքնՙ արյունաքամ էին արել, ապա եւ տեղահանելՙ սպանելով նաեւ ճանապարհին նրանց, ովքեր հետ էին մնում քարավանից:
«Ես, գրում է Չեթինը, չէի հավատա այս ամենին, եթե պատմողը մեծ մայրս չլիներ»: Ֆեթհիյե Չեթինն անմիջականությամբ եւ հուզականությամբ ոչ միայն կարողանում է ներկայացնել իր տատիկի պատմածները, այլեւ նրա հետ վերապրում է Մեծ եղեռնի բոլոր սարսափները: Մզկիթում մեծ մոր թաղմանը, երբ մոլլան հարցնում է հուղարկավորության մասնակիցներին, թե իրենք բախշո՞ւմ են հանգուցյալին արած լավություններըՙ ներելով նրա մեղքերը, թոռնուհի Չեթինը չի դիմանումՙ բացականչելով. «Թող նա իր արածները բախշի ձեզ, թող նա ների ձեզ, մեզ եւ բոլորիս»:
Այնուհետեւ Ֆեթհիյե Չեթինը գրում է. «Լսածներս բոլորովին չէին համապատասխանում իմ իմացածներին: Աչքերիս առջեւ եկեղեցու բակում հավաքված բազմությունն էր, երեխաների սեւեռուն բիբերը, ջուրը նետված մանուկները, ապրելու բնազդով նրանց ջրից հանած փոքրիկ գլուխները եւ մորից հափշտակված Հրանուշը: «Փառավոր անցյալին» նվիրված բանաստեղծությունները, որոնք դպրոցում սրտիս խորքից եկած բացականչություններով ես էի արտասանում, կտոր-կտոր էին լինում, բախվելով երեխաների սարսափից բացված աչքերին, ջրերում խեղդվող մանուկների գլուխներին եւ օրերով կաս-կարմիր հոսած գետի ջրերին»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ