«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#248, 2006-12-27 | #249, 2006-12-28 | #1, 2007-01-09


ԷՐՈՏԻԿ ՖԻԼՄԵՐ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ «ԵՐԵՎԱՆԸ» ԴԱՐՁԵԼ Է ԴԵՂԱՏՈՒՆ...

Երեք տարվա կապիտալ վերանորոգումից հետո մեկ տարի առաջ վերաբացված կինոթատրոն «Երեւանն» արդեն մեկ ամիս դարձել է դեղատուն եւ «Վալան պրոֆ» ընկերության գրասենյակ: 40 տեղանոց նոր կինոդահլիճում կինոթատրոնի սեփականատերերը նախատեսել էին ցուցադրել բազմաժանր ֆիլմերՙ հրաժարվելով էրոտիկ ֆիլմերով հանդիսատեսին գրավողի նախկին համբավից: «Էրոտիկ ֆիլմեր այստեղ այլեւս չեն ցուցադրվի, լիովին հրաժարվել ենք դրանցից», մեկ տարի առաջ մեզ ասաց կինոթատրոնի փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը:

Այդ պահին նա գրեթե համոզված էր, որ ժամանակակից կինոդահլիճն ու նորաբաց «Կարաոկե» բարը կգրավեն երեւանցիներին ու անշահույթ աշխատելու որեւէ խնդիր չի առաջանա: Բայց... կարճ ժամանակ անց էրոտիկ ֆիլմերի պաստառներն ու գայթակղված հայացքներով կինոդահլիճ շտապող աղջիկների ու տղաների փոքրաթիվ խմբերը կամաց-կամաց նոսրացան եւ «Երեւանին» շահույթով չապահովեցին անգամ «Մուլատկի շակալադկիները»:

Դեղատներով զարդարված Տիգրան Մեծի պողոտայում նոր դեղատուն բացելը մեր քաղաքում զարմանալիորեն ավելի շահեկան է կինոթատրոնից: Սեփականատերերը կարծես դժգոհ չեն ու մտադիր են այսպես շարունակել, մինչեւ տեսնեն թե եկող քամիներն ի՞նչ կբերեն «Երեւանին»: «Ո՞վ գիտի վաղն ինչ է լինելու, երեւի մի օր կբացվի: Հնարավոր ամեն ինչ արեցինք, բայց բան դուրս չեկավ, հանդիսատես չունեցանք: «Մոսկվա» ու «Նաիրի» կինոթատրոնները մեր քաղաքին լիուլի բավական են ու նորի կարիքը առայժմ չկա: Մասնագետների օգնությանն էլ դիմեցինք, բայց ոչ մի խորհուրդ չստացանք, ոչ մի տարբերակ չաշխատեց», ասաց «Վալան պրոֆի» տնօրենը, որ նաեւ կինոթատրոնի սեփականատերերից է:

Կինոգետ Զավեն Բոյաջյանի կարծիքով, Էրոտիկ ֆիլմերը մեր կինոթատրոններին շահույթ բերել են 5-7 տարի առաջ, երբ դրանց նկատմամբ հիվանդագին հետաքրքրություն կարՙ խորհրդային տարիների արգելքից հետո: Բայց հիմա ամեն ինչ այնքան բաց է, վաճառքում ամեն տեսակի ժապավեններ կան, մատչելի է նաեւ ինտերնետըՙ հազարավոր պոռնոէջերով ու ֆիլմերով լեցուն: Արտասահմանում էրոտիկ ֆիլմեր ցուցադրող կինոթատրոններն ապահովված են հանդիսատեսով միայն այն պատճառով, որ այնտեղ սպառող զանգվածն անհամեմատ մեծ է, բացի այդ կան նաեւ ընտրության բազմազանություն, հազար ու մի հարցեր: Իսկ մեզ մոտ երիտասարդները գերադասում են իրենց ժամանակն անցկացնել ինտերնետ ակումբներում ու զվարճանքի այլ վայրերում»: Կինոհանդիսատես չունենալու հիմնական պատճառը նա համարում է ֆինանսականը, որովհետեւ հանդիսատեսն ի վիճակի չէ վճարել կինոթատրոնների սեփականատերերի աչքին ցածր գին թվացող 1000 դրամը: «Քաղաքի 2 խոշոր կինոթատրոնների դահլիճները շատ հաճախ դատարկ են, պարզապես նրանք հովանավորներ ունեն եւ կարողանում են այդկերպ պահպանվել: Դահլիճները երբեք լեփ-լեցուն չեն լինում առաջվա պես: Ֆինանսականից բացի կան նաեւ այլ պատճառներ, որոնք մեր հասարակության լայն զանգվածին հեռու են պահում կինոթատրոն հաճախելուց: Շատերը բավարարվում են հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերով, այս առումով հեռուստաընկերությունների միջեւ սուր մրցակցություն կա: Օրինակ, Հ1-ն իր քաղաքականությունը մեծ մասամբ կառուցում է կինոյի վրաՙ ձեռք բերելով բոլոր նոր ֆիլմերը: Մարդիկ վարժվում են տանը ֆիլմեր դիտելուն ու կինոթատրոն գնալու անհրաժեշտությունը հետզհետե վերանում է: Ապահով խավը որեւէ դժվարություն չունի կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերը դիտելու, սակայն նախընտրում է ձեռք բերել տեսաժապավեններն ու դրանք դիտել տանը», ասաց Բոյաջյանը:

Ենթադրելի է, որ մեր ժողովրդի ցածր կենսամակարդակը դեռ երկար տարիներ չի բարձրանա այնքան, որ մեզանից յուրաքանչյուրի համար շաբաթը գոնե մեկ անգամ կինոթատրոն հաճախելը չլինի ավելորդ շռայլություն: «Միջին կամ միջինից ցածր կենսամակարդակ ունեցողների համար կինո գնալն այսօր մեծ ճոխություն է: Բացի այդ այսօր Երեւանում հնարավոր չէ լուրջ ֆիլմ դիտել: Դրա մասին ոչ ոք չի մտածում, չգիտես ինչու բոլորը համարում են, որ կինոթատրոն հաճախող զանգվածը բութ է եւ նրան ոչ մի լուրջ բան չի հետաքրքրում: Մեր 2 կինոթատրոնների տնօրենները խուսափում են լուրջ ֆիլմերից, մտածելով, որ դրանք պահանջարկ ու հանդիսատես չունեն: Այնինչ լավ ֆիլմեր դիտելու ցանկություն ունեն շատ-շատերը, նաեւ երիտասարդները: Բոլորին միատեսակ պահանջներով գորշ զանգված պատկերացնելը շատ սխալ մոտեցում է: Հանդիսատեսին գրավելու տարբեր ձեւեր կանՙ կարելի է փոքր դահլիճներում շաբաթը 1-2 սեանս ցուցադրել: Հավատա, որ 1-2 ամիս հետո այդ ֆիլմերը անպայման եկամուտ կբերեն, կամաց-կամաց հանդիսատեսի թիվը կավելանա: Բայց ոչ մեկը դրա համար համբերություն չունի, բոլորը չարչիական մտածելակերպով են շարժվումՙ ի՞նչ անեն, որ անմիջապես մեծ շահույթ ստանան: Մինչդեռ այդ ամենը համբերատար աշխատանք է պահանջում», կարծում է նա:

Մեր կինոթատրոնների տխուր վիճակը, սակայն, այս ամենով չի ավարտվումՙ ամենից անտանելին, ցավոք, կապված է հենց կինոհանդիսատեսի հետ, որն իրեն հաճախ պահում է ինչպես սեփական տան բազմոցինՙ կողքինի հետ կամ բջջայինով բարձր խոսելով, սրտի ուզածն ուտելով, խմելով, անցուդարձ անելով, մի խոսքով մյուսների հանդեպ բացարձակ արհամարհական ու անհարգալից վարքագծով:

«Դահլիճում կարող են մարդ սպանել եւ ոչ մեկը չիմանա: «Մոսկվայում» ոչ մի հսկիչ չկա, ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում դահլիճում, կարեւորը շահույթն է: Կարելի է անվարան ասել, որ իսկական կինոհանդիսատեսը մեզանում վերացել է: Այս մասին չի խոսվում, չի քննարկվում, կինոգործիչների միությունը զբաղված է իր շենքը մեծացնելով, վարձով տալով, մի խոսքով փող աշխատելով: Կուտակելու մոլուցքը համակել է բոլորին, դա հասկանալի է, բայց պետք է գոնե մի քիչ աշխատանք տարվի հասարակության հետ, որպեսզի կինոթատրոն հաճախած կիրթ մարդը տհաճության զգացումով չհեռանա», ասաց կինոգետը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4