Եվ տոնը որպես հոգեբանական զարթխումի առիթ
Չնայած տարին ընդամենը մի քանի օրական է, սակայն հասցրեց առաջին դասը տալ մեզ: Բայց հասկացա՞նք, թե՞ ամեն տարվա պես արձանագրեցինք ու ինքնաքննադատությամբ բավարարված շարունակեցինք առաջ գնալ, այդպես էլ առանց հետեւություններ անելու:
Այս տարի եւս համոզվեցինք, որ ամանօրյա վազվռտուքը, ուտելեղենի, նվերների եւ հազար ու մի կարեւոր ու անկարեւոր իրերի փնտրտուքը նյութական արժեքների փառաբանում ու պաշտամունք են, որոնք շատ արագ վերափոխվում են ձանձրույթի եւ մերժումի:
Ընդամենը մի մեկ-երկու շաբաթ առաջ նախատոնական մարաթոնյան վազքում փնտրում էինք սննդամթերք, ընտրում, գնում ու հիանում, մշակում: Իսկ ամանորի գիշերը մի վերջին ճիգով պատրաստում էինք այդ ամենը, գեղադիր ու թանկագին սպասքով դնում սեղանին, որ ապա ստիպողական հյուրընկալություն կազմակերպենք կուռուկուշտ կերած հյուրերի գլխին:
Հետո առանց այդ էլ ավելորդ քաշից մշտապես բողոքող տնային տնտեսուհիներն ուտում են իրենց պատրաստած համեղ սալաթներն ու համադամ խորտիկները, ինչ է թե` չփչանա: Ուտելիքը, որ օրեր առաջ գնվել էր նյարդային հերթերում ու տրանսպորտային խճողումներում հիստերիայի հասնելու գնով, դառնում է գլխացավանք, ստամոքսի խանգարման ու փսխումի պատճառ: Ու չենք էլ անդրադառնում, որ տասնհինգօրյա մեր ինքնատանջանքը, աննկատ կերպով թույլ չտվեց խորհել անցնող տարվա տվածի ու առածի եւ գալիք տարվա սպասելիքների մասին: Եվ այստեղ է, որ նորից ձայնապնակի պես պտտվում է միտքը` ունայնություն ունայնության եւ ամեն ինչ ունայն է...
Սա` հասարակության մեծամասնության համար, սակայն համատարած ազատականության եւ համահավասարեցման մեր ժամանակներում հիշատակենք նաեւ փոքրամասնությանը, որ այս դեպքում գովելի է: Եվ, այնուամենայնիվ, քչերը միայն արհամարհեցին մարմնական անքակտելի սովորույթները, «աչքը մեջը չմնալու» եւ «ուրիշից ինչով եմ պակաս» չգրված, բայց մշտապես գործածելի գաղափարախոսությանը տուրք տալը եւ անցնող տարին ճանապարհեցին ու նորը դիմավորեցին մաքրելով նախ իրենց հոգիները, ապա նոր բնակարանները: Հաշված մարդիկ միայն իրենց նոր զգեստ ու կոշիկ գնելուց առաջ մտածեցին, ոչ միայն արտաքին կերպարանափոխության այլ հոգով ու մտքով նորանալու մասին: Ցավոք, հատուկենտ մարդիկ միայն հիշեցին, որ Նոր տարին առիթ է ներելու վիրավորանքը, հաղթահարելու քինախնդրությունը, հին տարվա հետ փակելու ոչ միայն գումարի, այլեւ խղճի պարտքերը...
Թերեւս միայն հավատացյալ մարդն էր, որ չմոռացավ հավուր պատշաճի եւ ոչ միայն հացիվ պատրաստվել Ամանորի երեկոյին, որ ժամացույցի 12 համազարկերի ու հրավառության փայլով ընդամենը նախերգանքն էր Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնի:
Հիսուսի ծննդյան մասին ավետիսը ամանորից ընդամենը վեց օր անց ազդարարվեց եկեղեցական զանգերի ղողանջներով: Այն արձագանքվեց եւ ճոխ սեղանների առջեւ ոգու սով ապրողների ականջներին եւ պարզ ու համեստ պահքի սեղանով ու մոմով զարդարուն սեղանների շուրջը խմբված մարդկանց հոգիներում:
Երկու տոներն էլ առիթ եղան, որ մեզնից յուրաքանչյուրն անդրադառնա իր նախորդ արարքներին եւ առաջիկա տարվա անելիքին: Ի դեպ, դրանց շարքում պակաս կարեւոր չէ, թե ով ինչ որակում կտա իր անելիքներից ամենաուշագրավին` ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆԸ: Վերջինս չափազանց կարեւոր ԱՐԱՐՔ կամ ՉԱՐԱՐՔ է: Հատկապես այն ժամանակ, երբ մեզնից մեկը «տեղունեղ» էր անում իր սեղանին հերթական համադամ խորտիկն ու աղցանը դնելու համար, հիշո՞ւմ էր արդյոք, որ դիմացի ծեր հարեւանի տանը սառը լռությունն էր թեւածում իր չքավորության ու պակասության պաղ գույներով, իսկ դիմացի պատշգամբից հասնում էր ինչ-որ մեկի բարկացկոտ ու նյարդայնությունից անզոր ձայնը...
Յուրաքանչյուր տոն հայտնի եւ սիրելի է նրանով, որ մենք հաճույքով լիացնում ենք մեր աչքն ու ստամոքսը, սակայն մի՞թե նույն տոնը չէր կարող առիթ դառնալ, որ բերկրանքի տրոփյուն ապրեր նաեւ մեր հոգին ու խիղճը: Թերեւս արժե մտածել այդ մասին մինչ տոնական հաջորդ վազքուղի մտնելը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ