Երկրորդ անգամ միաձայն, 2 տարի ժամկետով ՀՀ հեծանվասպորտի ազգային ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Լեւոն Աբրահամյանը: Վերջինս ներկայացրեց երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքները եւ առաջիկա անելիքները: Հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիայի (ՈՒՍԻ) աջակցությամբ Հայաստանում բացվել է հեծանվասպորտի ազգային տեխնիկական կենտրոնը: Յուրաքանչյուր տարի ՈՒՍԻ-ն կենտրոնին է տրամադրում գույք եւ մարզական տեխնիկա: Նախորդ երկու տարիների ընթացքում հայ մարզիկները ոչ միայն մասնակցել են մի շարք մրցումների, այլեւ գրանցել հաջողություններ` տեղ զբաղեցնելով առաջին հնգյակում: Հայ մարզիկները մասնակցել են Ռուսաստանում, Իրանում եւ Մերձբալթյան երկրներում անցկացվող մրցաշարերին: Հեծանվասպորտի ազգային ֆեդերացիայի հրավերով Հայաստան են ժամանել նախկին ԽՍՀՄ-ից պրոֆեսիոնալների շրջանում աշխարհի միակ գավաթակիր Անդրեյ Չմիլը, 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Խեյն Վերբրյուգենը: Հայաստան էին եկել նաեւ Ֆրանսիայի Պաբեկալե նահանգի Արաս քաղաքի երկու մանկատան սաները` հայ պատանի մարզիկների հետ մասնակցելու մրցաշարերի: Առաջիկայում եւս շարունակվելու են հայ հեծանվորդների մասնակցությունը միջազգային մրցաշարերին, Հայաստանում եւս կազմակերպվելու են մրցումներ: Մարզիչների ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես պատանի մարզիկները, ովքեր էլ ապագայում կարող են դառնալ հայ հեծանվորդների ուժեղ կազմի հիմքը: Ֆեդերացիայի նպատակներից է լինելու նաեւ օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր ձեռք բերելը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ