Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանը, որի պայմանագիրը Բուխարեստի «Ռապիդի» հետ ավարտվել է, դժգոհ է ակումբում իր պայմաններից: Ռումինական ակումբը հայ ֆուտբոլիստին առաջարկել է առաջիկա 6 ամիսների համար 80.000 եվրո աշխատավարձ: Իսկ ահա ամռանն ակումբի ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագրի շուրջ բանակցել Արտավազդ Քարամյանի հետ: Ինչպես նախկինում տեղեկացրել ենք, Քարամյանը, որ «Ռապիդում» տարեկան 100.000 եվրո էր ստանում, պահանջել էր եռապատկել աշխատավարձը: Այս առնչությամբ հայ ֆուտբոլիստը նշել է, որ իր հետ վարվում են այնպես, կարծես թե ինքն ակումբում փորձաշրջան է անցնում: Այդ իրավիճակը նրան չի բավարարում:
Արտավազդ Քարամյանով հետաքրքրվում է ռումինական մեկ այլ ակումբ` Տիմիշոարայի «Պոլիտեխնիկան»: Ըստ Քարամյանի` ինքն առաջարկ ունի նաեւ Իտալիայի «A» սերիայում հանդես եկող «Լիվոռնոյից»: Այս մասին տեղեկացնում է Gazeta Sporturilor-ը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ