Մոսկվայի քաղաքային դուման առաջարկել է լրացումներ մտցնել «Զանգվածային լրատվական միջոցների մասին» դաշնային օրենքի մեջ, որոնցով նախատեսվում է լրագրողներին արգելել նշելու հանցագործների, կասկածյալների եւ տուժածների ազգությունը: Դումայի նախագահ Վլադիմիր Պլատոնովն այդ առաջարկությունը կապում է Կոնդոպոգայի իրադարձությունների ու նրա դասերի հետ: Բանն այն է, որ այդ կարելական քաղաքում իրադրությունը սրվեց, երբ ծեծկռտուքի մասնակիցների մեջ շեշտը դրվեց չեչենական «ազգության» անձանց վրա:
Դժվար է ասել, կանցնի՞ այս առաջարկը, թե՞ ոչ: Սակայն նման փոփոխությունն օբյեկտիվորեն կարող էր ինչ-որ տեղ մեղմել հակակովկասյան հիստերիան, երբ իրոք տեղի թե անտեղի առաջին հերթին հիշատակվում է հանցագործների, առավել եւս դատարանի կողմից տակավին որպես այդպիսին չորակված, ազգությունը (երբեւէ լսե՞լ եք, որ նշվեն, ասենք, հրեական, թաթարական կամ չուկչայական «ազգության» հանցագործների անուններ):
Գուցեեւ «նզովյալ» կովկասցիների հանդեպ մեղքի գոնե մի մասը քավելու «ազնիվ» նկատառմամբ գաղափար է առաջ քաշվել Մոսկվայում կանգնեցնելու քանդակագործական կոմպոզիցիա «Միմինո» անունով: Քաղաքային դումայի մշակութային հանձնաժողովը հավանություն է տվել այդ նախաձեռնությանը: Երկու կովկասյան ազգության անձանցՙ Վախթանգ Կիկաբիձեին եւ Ֆրունզիկ Մկրտչյանին կմիանա ռուս Եվգենի Լեոնովը:
Իհարկե, ամենաճիշտն այն կլիներ, որ նշանավոր ֆիլմի հերոսները տեղ գտնեին «արժանահիշատակ» հյուրանոցիՙ «Ռոսիայի» կողքը, սակայն այնտեղ առայժմ ավերակներ են եւ հայտնի չէ, թե երբ կսկսվի նոր հսկա համալիրի շինարարությունը: Հավանական է համարվում Չիստիե պրուդի կոչված զբոսայգին, որի հարեւանությամբ է գտնվում ռեժիսոր Գեորգի Դանելիան:
Ուզում եմ հուսալ, որ բրոնզի մեջ մարմնավորված «սեւամազ» Միզանդարին եւ Խաչիկյանը միայն դրական զգացումներ կառաջացնեն մոսկվացիների մեջ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա