Համաձայն ԼՂՀ ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության, Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են Ադրբեջանին փոխանցել ադրբեջանական բանակի զինծառայող Էլդանիզ Բեյալի օղլի Նուրիեւին:
Վերջինս ղարաբաղյան կողմն է անցել 2006 թ. դեկտեմբերի 31-ի գիշերը` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ֆիզուլու հատվածում ու գերի է վերցվել ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից:
Հանձնաժողովը դիմել է ԼՂՀ-ում հավատարմագրված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակին` գերուն ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում աջակցելու խնդրանքով:
Լեռնային Ղարաբաղում գտնվելու ժամանակաընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչներին անարգել թույլատրվել է այցելել Նուրիեւին:
Կ. Գ., Ստեփանակերտ