«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2007-01-10 | #3, 2007-01-11 | #4, 2007-01-12


ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀ Է

Երբ քահանան օրհնում է, հավատացյալները հուզվում են, անհավատները` քմծիծաղում, աղանդավորները` նյարդայնանում: Իսկ ի՞նչ է նշանակում օրհնություն, որ այդքան բազմակարծությունների առիթ է մարդկանց համար: Պարզաբանում է Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Շմավոն քհն. Ղեւոնդյանը:

- Ի՞նչ է օրհնությունը: (Սարգիս, Երեւան)

- Դա աստվածային շնորհի բաշխումն է, մաքրվելու առիթ, որ հոգեւորականը բաշխում է մարդկանց: Օրհնությունը մեծապես ազդում է մարդու ինքնազգացողության վրա եւ հոգեկան խաղաղություն է բերում նրան: Մի կարեւոր հանգամանք` մարդը պետք է կամովին պատրաստ լինի օրհնությամբ մաքրագործվելու, այլապես ոչ մի աղոթք նրան չի օգնի: Օրհնությունը բացի լավ զգացողությունից, նաեւ բժշկվելու հնարավորություն է մարդու համար, եւ այս դեպքի համար է Աստված ասել` թող քո հավատի չափով քեզ տրվի: Շատ հավատացյալներ իրենց հավատքի շնորհիվ են բուժվում:

- Ինչո՞ւ է հոգեւորականին ողջունելու կերպը այսպես` օրհնյա՛, տեր հայր: (Սարինա, Երեւան)

- Կոպիտ ասած, դա մարդու հնարավորության օգտագործումն է քահանային հանդիպելիս: Հավատացյալը գիտե, որ քահանան օծյալ է, եւ երկրի վրա նրա միջոցով է օրհնություն կատարվում: Դրա համար սովորական բարեւի փոխարեն խնդրում է քահանայի օրհնությունը: Այո՛, սա զուտ բարեւ չէ, այլ օրհնություն ստանալու պատրաստակամություն եւ փափագ:

- Ո՞վ է քահանային օրհնելու իրավունք տվել: (Նարինե, 24 տ.)

- Ինքը` Քրիստոս, երբ նա ուղարկեց իր առաքյալներին ասելով. «Գնացեք, մկրտեցեք բոլորին, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու», իսկ մեկ այլ տեղ ասում է. «Առեք իմ Հայր աստծու սուրբ հոգին»: Առաքյալներն էլ իրենց հերթին իրենց աշակերտներին` հոգեւորականներին տվեցին օրհնություն բաշխելու շնորհը: Դրա համար հոգեւորականն է Աստծուն եւ մարդուն կապող օղակը:

- Օրհնության քանի՞ տեսակ կա: Բարեկամս մեքենան օրհնել է տվել: Կարելի՞ է նման կարգ կատարել: (Ստեփան, 40 տ.)

- Մեր եկեղեցու բոլոր յոթ խորհուրդներն ինքնին օրհնության կարգ են: Բացի այդ ունենք մատաղի, աղի, խաչի, Աստվածաշունչ գրքի, եկեղեցու օրհնություն, անգամ ճաշի օրհնություն, որ մեր աղոթքն է առ Աստված: Իսկ ինչ վերաբերում է մեքենա օրհնելուն, վստահաբար, Ձեր բարեկամը Ռուսաստանում կամ Վրաստանում է այդ կարգը կատարելու համար դիմել հոգեւորականին: Համենայն դեպս, Հայ առաքելական եկեղեցում նման սովորություն չկա: Մենք խորհուրդ ենք տալիս օրհնված խաչ կախել մեքենայում, որ մարդն Աստծու աջակցության վստահությունն ունենա իր բարի նախաձեռնություններում:

- Եթե մկրտությամբ մենք այլեւս դրոշմված ու օրհնված ենք, ի՞նչ կարիք կա անընդհատ օրհնություն խնդրելու: (Սոնա Վարժապետյան)

- Մարդն իր վատ ու մեղսագործ արարքներով հաճախակի հեռացնում է իրեն Աստծուց: Իսկ օրհնությունը մարդուն ինչ-որ չափով մաքրագործում է` կրճատելով մարդ-Աստված ճանապարհին բացված անդունդը, որի պատճառը մարդու հաճախակի մեղսագործությունն է:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ձեր հարցերը «Խորան իմացության» խորագրին կարող եք ուղարկել հետեւյալ հասցեներով` Երեւան, Հանրապետության 47 կամ` column@azg.am


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4