Պայմանավորելով կարգավորման հայկական կողմի պատրաստակամությունը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հոդվածով
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Նախորդ համարում «Ազգն», անդրադառնալով «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» թեմայով Երեւանում հրավիրված միջազգային գիտաժողովին, կարծիք էր հայտնել, որ դրա Վաշինգտոնի նախաձեռնությամբ հրավիրումը ենթադրում է Եվրոմիության հետ ԱՄՆ-ի մրցակցության աշխուժացումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում: Մեր թերթը միաժամանակ անդրադարձել էր գիտաժողովի առնչությամբ Անկարայում գործող Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի հունվարի 8-ի հաղորդագրությանն ու Յասեմին Չոնգարի «Երեւանի հետ նորմալացում» վերնագրով նույն օրը «Միլիեթում» հրապարակված հոդվածին:
Վերոհիշյալ հաղորդագրության եւ հոդվածի հեղինակները, նախապես արձագանքելով երեւանյան գիտաժողովին, միանգամայն դրական վերաբերմունք են արտահայտել: Ավելին, հոդվածում Չոնգարն, ընդգծելով հայ-թուրքական սահմանի բացմանը նպատակամղված քաղաքական կամքի բացակայությունը Թուրքիայում, նշում է, որ դրա հետեւանքով պաշտոնական Երեւանի հետ տուժում է Անկարան, առնվազն հայերի չափ նաեւ Արեւելյան Անատոլիայի բնակչությունը, եւ այս ամենի առումով հուսադրող է համարում երեւանյան գիտաժողովը:
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա «Միլիեթի» հեղինակն այդ հարցերում Հայաստանի պատրաստակամությունը հիմնավորում է ՀՀ արտգործնախարար Սերժ Սարգսյանի ամերիկյան «Նոր պահպանողականների» խոսափող «Ուոլ սթրիթ ջոռնըլում» հրապարակված հոդվածով: Նա ընդգծելու համար այս պատրաստակամությանն արձագանքելու անհրաժեշտությունը, մեջբերում է Թուրք-հայ գործարար միության համանախագահ Քաան Սոյաքին: Ավելին, Չոնգարն անուղղակի կոչ է անում թուրքական իշխանություններին, որ նրանք Հայոց ցեղասպանության հարցի պատճառաբանությամբ չհրաժարվեն Հայաստանի հետ հարաբերություններից:
Ահա թե ինչ է գրում «Միլիեթի» հունվարի 8-ի համարում Յասեմին Չոնգարը. «Դեկտեմբերի 22-ին «Ուոլ սթրիթ ջոռնըլում» հրապարակված հոդվածում Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայացքն ուղղել էր ապագային: Բուշի վարչակարգի ամենայն լրջությամբ ի գիտություն ընդունած նրա հոդվածը չի արժանացել Թուրքիայի համարժեք արձագանքին: «Չնայած ցեղասպանությանը...» վերնագրով հոդվածում Սարգսյանը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ «առանց նախապայմանի բոլոր ոլորտներում նորմալ հարաբերությունների սկզբնավորման» կոչ է արել, ընդգծելով, որ «նախապայման չէ նաեւ ցեղասպանության ճանաչումը»:
Նա ասել է. «Ցանկանում եմ դիվանագիտական շփումն օգտագործել մեր հարաբերությունների ճանապարհին ծառացած խնդիրների հաղթահարման համար: Քանի դեռ մենք երկխոսության մեջ չենք մտել, դրանք չեն լուծվի: Բանակցելով Եվրոմիության հետ, գուցե անդամակցելով այդ կառույցին, Թուրքիան կնպաստի մեր տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու կայունացմանը: Իսկ դա բխում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի շահերից: Մենք չենք կարող լինել մշտական թշնամիներ, եւ եթե անգամ կարողանայինքՙ անհրաժեշտություն եւ իմաստ չկա դրա մեջ: Հետեւաբար հանուն մեր ապագայի, եկեք առաջ շարժվենք»:
Սարգսյանը շարքային գործիչ չէ: Սկսած հուլիսից, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդներից է: Ավելին, ԱՄՆ-ի պատասխանատուների համոզմամբ, 2008 թ. նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին պաշտոնում փոխարինելու ամենահավանական թեկնածուն է: Թուրք-հայ գործարար միության համանախագահ Քաան Սոյաքը պահանջում է, որ լուրջ ընդունվի Սարգսյանի կոչը:
Նա ասում է. «Թուրքիան մի կողմ թողնելով «սպասիր, որ տեսնես» քաղաքականությունը, պետք է ակտիվորեն ներգրավվի կովկասյան խնդիրներում եւ անմիջական երկխոսություն պետք է հաստատի Հայաստանի հետ: Կառավարությունն իր լիազոր ներկայացուցչին պետք է գործուղի Երեւան, որ նա այնտեղ հանդիպի ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ»:
Երեւանի հետ անմիջական շփումների առնչությամբ Սոյաքի ասածներին համահունչ տեսակետներ են արտահայտում նաեւ ԱՄՆ պետքարտուղարության տարածաշրջանի գծով պատասխանատուները: Ըստ Սոյաքի, «Եթե Թուրքիան հարաբերությունների կարգավորման նպատակով ընդառաջ գնա Երեւանին, ապա հայ ղեկավարները պատրաստ են ընդունելու պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Անկարայի առաջարկըՙ ճանաչելու Կարսի պայմանագիրը եւ Մինսկի խմբի շրջանակներում հայերի անվտանգության, նաեւ Թուրքիայի մասնակցությամբ երաշխավորումից հետո դուրս գալու այնտեղից»: Ավելին, Սոյաքը պնդում է, որ Երեւանը կհրաժարվի այն աջակցությունից, որը նա տարբեր երկրների խորհրդարաններում ցուցաբերում է Հայոց ցեղասպանության բանաձեւերին:
Այս բանաձեւերից թերեւս ամենահավանականը փետրվարին կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: Բանաձեւի հովանավոր Ադամ Շիֆի մերձակա շրջապատում այն կարծիքին են, որ «նոր բանաձեւը շատ արագ կանցնի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից եւ 2008 թ.-ին կհայտնվի Կոնգրեսի օրակարգում»: Մեր երկրում ցեղասպանության հարցի ակտիվորեն վերարծարծման ներկա փուլում պետք է ճիշտ ըմբռնել դրա տեղն ԱՄՆ քաղաքականության մեջ:
1. Ցեղասպանության բանաձեւին տեր կանգնելիս Կոնգրեսի որոշ անդամներ ելնում են հայ ընտրողների ձայներն ստանալու, իսկ մյուսներըՙ մարդկային եւ բարոյական նկատառումներից:
2. Բանաձեւին հակադրվող ԱՄՆ ղեկավարները դա անում են ոչ թե հայերի ցեղասպանությանը չհավատալու, այլ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար:
3. Անկարան «ժխտելով ցեղասպանությունը», չի կարող որեւէ ազդեցություն ցուցաբերել բանաձեւերի դեմ:
4. Բանաձեւերի դեմ պայքարի ազդեցիկ միջոցը Թուրքիայի ռազմավարական նշանակության բացատրումն է Կոնգրեսի անդամներին: Միաժամանակ Թուրքիան պետք է ցուցաբերի իր պատմությունը բոլոր մակարդակներում, թափանցիկ եւ առանց գրաքննության ու ճնշումների քննարկելու հասունությունը: Ավելին, նորմալացնելով Երեւանի հետ հարաբերությունները, նա հարցը կարող է բուն հունի մեջ դնել»: