ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Մ. Նահանգների պետքարտուղարության հակաահաբեկչական բաժնի աջակցությամբ մեր ոստիկանների ու ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների համար Հայաստանում ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում երեկ սկսվեց «Հետախուզման հայտնաբերում» թեմայով երկօրյա դասընթացը: Հայաստանում Մ. Նահանգների դեսպանության ժամանակավոր հավատարմատար էնթոնի Գոդֆրին անկեղծորեն զարմացել էր հեռուստախցիկների առատությունից: Նրա տպավորությամբ, հետախուզության մասին դասընթացներն ու ահաբեկչության դեմ պայքարը մեր լրագրողների համար չափազանց հետաքրքրական թեմաներ են: Դրանից ոգեւորված Գոդֆրին իր հակիրճ խոսքում նշեց միացյալ ուժերով ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, հույս ներշնչելով, որ ամերիկացի մասնագետների փորձը խիստ ուսանելի կլինի մերոնց համար: Իր խոսքն ավարտելուց հետո դեսպանը հրաժեշտ տվեց դասընթացի մասնակիցներին ու լրագրողների բուն հետաքրքրասիրությունը բավարարեց սրահից դուրս: Հասկանալի է, որ նրա պատասխանները պիտի լինեն զգույշ ու խուսափողական, ինչպես ասում են` աչքը տեսածից է վախենում: Եվ այսպես, ահաբեկչության դեմ մղվող պայքարում Հայաստանը բավականին խոշոր միավոր է Մ. Նահանգների աչքում, որովհետեւ այդ պայքարը սահմաններ չի ճանաչում:
Եվ քանի որ ահաբեկիչների հիմնական թթվածինը` ապօրինի ֆինանսական հոսքն ու զինամթերքի տեղափոխումը կատարվում են սահմաններով, ուրեմն դրանք կանխելու համար անհրաժեշտ է ուժեղացնել սահմանների հսկողությունը: Նրան արդեն իսկ գոհացնում է, որ Հայաստանի Կենտրոնական բանկը ստեղծել է ֆինանսական հսկողություն սահմանող կառույց: Լեռնային Ղարաբաղը որպես ահաբեկիչների եւ թմրամիջոցներ տեղափոխելու տարանցիկ ճանապարհ օգտագործելու մասին ադրբեջանական կողմի շարունակական հայտարարությունները նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց` «Չեմ կարող մեկնաբանություններ անել գրավյալ տարածքներում կատարվող գործողությունների մասին, միայն կասեմ, որ սահմաններում հսկողություն ուժեղացնելու նպատակով Մ. Նահանգները գործակցում է միայն Հայաստանի հետ»:
Նա կտրուկ պատասխան տվեց նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ դեմոկրատներից ակնկալվող օրինագծի ընդունման մասին. «Այդ հարցը պետք է տալ Մ.Նահանգներում Հայաստանի դեսպանին, ես այստեղ զբաղվում եմ հայ-ամերիկյան հարաբերություններով»: Հայաստանում Մ. Նահանգների դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը կրկին առաջադրելու Ջորջ Բուշի համառության վերաբերյալ նա ասաց, որ ամեն ինչ կախված է Կոնգրեսի որոշումից: Ինքն ակնկալում է, որ Կոնգրեսը վերջնական որոշում կկայացնի բաց երկխոսությունից հետո: «Հայաստանում մենք շատ անելիք ունենք, դրանց իրականացման համար դեսպան ունենալը մեզ համար շատ կարեւոր է: Հուսով եմ, այդ հարցը շուտով կլուծվի, եւ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ նոր դեսպան կունենանք: Այստեղ աշխատանքային մեծ թիմ ունենք ու լավատես ենք, որ կառավարության եւ հասարակության հետ տարբեր ծրագրեր իրականացնելով` հնարավոր կլինի հասնել արդար ու թափանցիկ ընտրությունների»:
Նա ոչ մի խոսք չասաց այն մասին, որ նախորդ օրը սենատոր Ռոբերտ Մենենդեսի ջանքերով երկրորդ անգամ արգելափակվել էր Հոգլանդի թեկնածությունը, ինչը ենթադրում է, որ Սպիտակ տունը եւ պետքարտուղարությունը պետք է վերանայեն իրենց որոշումն ու Հայաստանում դեսպանի նոր թեկնածու առաջադրեն: Հունվարի 11-ին արած հայտարարության մեջ սենատորն ասել է, որ Հոգլանդի թեկնածության շուրջ ծագած հակասական խոսակցությունները հաշվի առնելով, հարցի լուծման լավագույն ճանապարհը դեսպանի պաշտոնում նոր թեկնածու առաջադրելն է»: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելով` Բուշի վարչակազմը խելամիտ քայլեր չի անում: