«Յառաջ» թերթի հաղորդմամբ, թուրքական կազմակերպություններից մեկը հարցախույզ է անցկացրել, որի արդյունքներով հասարակության գերակշիռ մասը երկրի զարգացման համար կարեւորում է Եվրոմիության, այլ ոչ Մ. Նահանգների ազդեցությունը: Նշմարվել է, որ մարդիկ առավելապես ձգտում են դեպի Եվրոմիություն, եւ Մ. Նահանգների նկատմամբ նրանց վստահությունը նվազել է:
Չնայած դրան, քաղաքական բնույթի մի շարք հարցերում, ինչպես օրինակ, «Երկրի ղեկավարության մեջ ո՞ր խումբն է ավելի ազդեցիկ», թուրքերի 17, 2 տոկոսը պատասխանել է` «Մ. Նահանգներ-Իսրայել զույգը», իսկ 17,6 տոկոսն առաջին տեղն է դասել լրատվամիջոցներին:
Հարցվածների 65 տոկոսը համամիտ է էթնիկ խմբավորումներին` մայրենի լեզվով խոսելու եւ տպագրվելու ազատություն տալուն:
Հարցարանում տեղ է գտել նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հարցը, որին հարցվածների 13 տոկոսը դրական պատասխան է տվել, 72,7 տոկոսը` մերժել:
Թերթը հետաքրքրական է համարում քրդամետ եւ ազգայնական կուսակցությունների հետեւորդների պատասխանների համեմատությունը, քրդամետների 88 տոկոսը համաձայնել է Հայոց ցեղասպանության իրողության մասին պնդումներին:
Ռ. Պ.