Ամփոփելով 2006 թվականին կատարված աշխատանքը, հերթական մամուլի ասուլիսում ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանը ամենամեծ ձեռքբերումը համարել է կրթամշակութային եւ սպորտի ոլորտների զարգացմանն ուղղված դոկտրինայի եւ դաստիարակության հայեցակարգի ընդունումը, ինչպես նաեւ մանկապատանեկան դպրոցական կազմակերպության ստեղծումը: Նախարարը միեւնույն ժամանակ կարեւորել է կրթության որակի ապահովումը, որի ուղղությամբ, ըստ Կ. Աթայանի, անելիքներ շատ կան: Խնդիրը դիտարկելով գործընթացի մեջ, նա հատկանշել է դպրոցաշենքերի բարենորոգումը, դրանց նյութական ապահովվածությունը, մանկավարժական կադրերի գործիմացությունը եւ դպրոց-հասարակություն-ընտանիք կապի ամրապնդումը: Կապված ԽՍՀՄ փլուզման եւ այդուհետեւ Արցախին պարտադրված պատերազմի հետ, ավելի քան 17 տարի Ղարաբաղում դպրոցները նյութատեխնիկական հարմարանքներով չեն համալրվել: Անցյալ տարի, սակայն, առաջին գործնական քայլերն սկսել են արվել: Մասնավորապես դպրոցներում ստեղծվել են ֆիզիկայի 15 եւ քիմիայի 10 կաբինետներ, որոնք հագեցվել են համապատասխան պարագաներով: Նախատեսվում է 2007 թվականին եւս նոր, ժամանակակից պահանջներին համապատասխան ուսումնական կաբինետներ ստեղծել: Գործընթացին կնպաստի նաեւ հանրակրթարաններում համացանցի արմատավորումը: Արդեն Արցախի 20 դպրոցներ օգտվում են համացանցի ծառայությունից: Բացի այդ, ուսուցիչների վերապատրաստման աշխատանքներ են տարվում: Անցյալ տարի պետբյուջեով նախատեսված 12 միլիոն դրամ գումարով կազմակերպվել են որակավորման եւ վերապատրաստման դասընթացներ:
Նախարարն առանձնացրել է համակարգում կատարված երկու նորամուծությունները, մասնավորապես 12-ամյա կրթությանն անցնելն ու գիտելիքների գնահատման նոր հայեցակարգի ընդունումը, որի կապակցությամբ արդեն ստեղծվել ու գործում է գիտելիքների թեստավորման կենտրոնը:
Ուշագրավ իրադարձություն էր նաեւ Արցախում արհեստագործական ուսումնարանի բացումը, որտեղ ներկայումս տարբեր մասնագիտություններ են ձեռք բերում 400-ից ավելի երիտասարդներ:
Կամո Աթայանը մատնանշել է նաեւ այն խնդիրները, որոնք 2006 թվականին հնարավոր չի եղել իրականացնել: Դրանց թվում առաջնահերթը նախադպրոցական հիմնարկների վիճակն է, որը նախարարի բնորոշմամբ գտնվում է անբարենպաստ վիճակում: Կրթության այս օղակի բարելավման համար կպահանջվի առնվազն 3-4 տարի:
Լուրջ խնդիր է նաեւ հանրապետությունում հատուկ դպրոցի բացակայությունը: Գիշերօթիկ դպրոց չունենալու պատճառով արատավոր երեխաների ուսուցումն իրականացվում է տներում կամ հատուկ դասարաններում: Չկան համապատասխան մասնագետներ, եւ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ցանկացողներին գործուղել Երեւանի մանկավարժական համալսարանՙ մասնագիտական կրթություն ստանալու համար:
Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում եւս վիճակը մխիթարական չէ: Նախարարի խոսքով, այս հաստատություններում առօրյան լավ չի կազմակերպվում, սովորողները լիարժեք չեն պատկերացնում իրենց կարգավիճակը, առավելապես ավարտելուց հետո աշխատանք գտնելու հեռանկարի առումով: Անհրաժեշտ է, որպեսզի ՄՄՀ-ները ստեղծեն տնօրենների խորհուրդ, քննարկեն իրենց խնդիրները եւ առաջարկություններ ներկայացնեն կառավարությունՙ ոլորտի համար բարեփոխումների ծրագիր մշակելու համար:
2007 թվականը կարող է բեկումնային դառնալ բուհական համակարգումՙ կապված մրցակցային կրթության ներդրման հետ, շեշտեց նախարարը: Բուհական կրթության առաջին աստիճանըՙ բակալավրիատը, համարելով կայացած, նա միաժամանակ նշեց, որ մագիստրատուրական կրթության բնագավառում դեռեւս անելիքներ կան, իսկ գիտության ոլորտն, առհասարակ, ցածր մակարդակի վրա է:
Անդրադառնալով մշակույթի ոլորտի խնդիրներին, նախարարը ափսոսանք հայտնեց, որ բնակչության մի մասը հեռացել է դասական մշակույթից: «Մենք օրենսդրական լուրջ բարեփոխումների կարիք ունենք: Մշակութային քաղաքականությունը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ մեզ մոտ դեռեւս օրենսդրորեն կարգավորված չէ», ասաց գերատեսչության ղեկավարը: Գյուղական մշակույթի տները գտնվելով տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության տակՙ աստիճանաբար քայքայվում են, եւ դրանց առկա կարգավիճակի պահպանման պայմաններում, միայն մի ելք կաՙ համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Իսկ թե ինչ արդյունք կտա այդ համագործակցությունըՙ ցույց կտա ժամանակը: Նախարարի հավաստմամբՙ մշակույթի վարչությունն արդեն համապատասխան հանձնարարականներ է ստացել:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ