ԱՄՆ-ն այլընտրանք չունի, քան Իրաքի հարցում այս երկրների հետ համագործակցելը
Մինչ Վաշինգտոնում նախագահ Ջորջ Բուշը խոստովանում էր, որ ԱՄՆ-ի միջամտությամբ Իրաքն էլ ավելի է ապակայունացել, երեկ Երուսաղեմում պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հանդիպել է Իսրայելի վարչապետ Եհուդ Օլմերտի հետ: Հոդվածը պատրաստելու պահին հանդիպման արդյունքների մասին պաշտոնական որեւէ հայտարարություն չէր արվել:
Սակայն նախքան հանդիպումը հայտնի էր, որ ԱՄՆ պետքարտուղարը «Համասի» դեմ պայքարի եւ Պաղեստինի անկախության հարցերում ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին աջակցելու պահանջով պատրաստվում էր ճնշում գործադրել Իսրայելի վարչապետի վրա: Թերեւս նա դրանով մտադրվել էր ստեղծել կողմերի միջեւ բանակցությունների վերսկսման նախադրյալները, որոնք ընդհատվել էին դեռեւս 2000 թ.-ին:
Իսրայել-Պաղեստին բանակցությունների վերսկսումն էլ, ամենայն հավանականությամբ, ենթադրում է արաբա-իսրայելական խաղաղ կարգավորման «Ուղեգիծ» ծրագրի երկրորդ փուլի սկզբնավորումը: Թեեւ դա նախատեսում է Պաղեստինի անկախ պետականության հռչակումը, սակայն ժամանակավոր սահմաններում միայն, ինչին «փաստի առջեւ չկանգնելու» մտադրությամբ հակադրվում են պաղեստինցիները:
Համենայն դեպս, հունվարի 14-ին Ռամալլայում պետքարտուղար Ռայսը հանդիպել էր Պաղեստինի ինքնավարության ղեկավար Աբբասին, որտեղից անցել Ամման, հանդիպելով Հորդանանի Աբդալլա թագավորին: Իսրայելից հետո Ռայսը կուղեւորվի Եգիպտոս, Սաուդյան Արաբիա եւ Քուվեյթ: Այսպիսով կավարտվի նրա նախագահ Ջորջ Բուշի իրաքյան նոր ռազմավարության հրապարակումից հետո տարածաշրջան կատարած շրջագայությունը:
Առանց լրացուցիչ տեղեկությունների դժվար է որեւէ մեկնաբանություն տալ ԱՄՆ պետքարտուղարի շրջայցին: Հատկապես այն դեպքում, երբ Բուշի այս նոր ռազմավարությունը ենթադրում է Իրաքը զերծ պահել Իրանի եւ Սիրիայի միջամտությունից, իսկ Ռայսը հայտարարում է, որ ինքը չի բացառում այդ երկրներ ներխուժելու հավանականությունը:
ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը միանգամայն համապատասխանում էր Բուշի իրաքյան նոր ռազմավարությանՙ Իրանի ու Սիրիայի վրա ճնշումներն ուժեղացնելու դրույթներին: Սակայն դեկտեմբերի 14-ին, երբ Ռայսը Ռամալլայում հանդիպում էր Մահմուդ Աբբասի հետ, հանկարծ պաշտոնական այցով Դամասկոս է ուղեւորվում Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին, որտեղ հանդիպում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այսպիսով, վերականգնվում են այս երկու երկրների 1980 թ. ի վեր ընդհատված դիվանագիտական հարաբերությունները:
Ավելին, դեկտեմբերի 15-ին Թալաբանիի օրինակին է հետեւում Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը: Այն էլՙ Դամասկոսում «Համասի» քաղաքական առաջնորդ Խալեդ Մաշալի հետ հանդիպման գլխավոր առաջադրանքով: Ակնհայտ է, որ առանց Վաշինգտոնի թույլտվության չէին կարող Դամասկոս այցելել ո՛չ Իրաքի նախագահ Թալաբանին, ո՛չ էլ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Աբբասը, էլ չենք խոսում Մաշալի հետ վերջինի հանդիպման մասին:
Ինչո՞վ բացատրել այս ամենը: Ըստ երեւույթին Իրաքում հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի հնարավորությունների սահմանափակվածությամբ: Որքան էլ նախագահ Բուշի իրաքյան նոր ռազմավարությունը նախատեսի ճնշումների հետագա ուժեղացումն Իրանի ու Սիրիայի վրա, իսկ պետքարտուղար Ռայսը չբացառի ամերիկյան ներխուժումն այդ երկրներ, ներխուժման դեպքում Վաշինգտոնն արդեն ստիպված կլինի հաղթանակն ապահովելու հաշվարկների փոխարեն անել պարտությունից խուսափելու հաշվարկներ Իրաքում:
Ակնհայտ է, որ դա ճակատագրական կլինի նրա ոչ միայն իրաքյան, այլեւ տարածաշրջանային քաղաքականության համար: Ավելին, ամերիկյան ճնշումների ուժեղացումը կստիպի Սիրիային էլ ավելի ամրապնդել Իրանի հետ բազմակողմանի համագործակցությունը, դրա հետագա ամրապնդման պայմաններում վերջիններս համատեղ ջանքերով կմեծացնեն «Համասին» ցուցաբերվող ինչպես նյութական, այնպես էլ բարոյական աջակցության ծավալները:
Այլ կերպ, ԱՄՆ-ն այլընտրանք չունի, քան Իրաքի եւ «Համասի» հարցերում համագործակցել եթե ոչ տարածաշրջանի երկրների, ապա նրանցից Սիրիայի հետ թեկուզ միջնորդավորված ձեւով:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ