«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2007-01-12 | #5, 2007-01-13 | #6, 2007-01-16


ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅՈՑ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

«ГолосАрмении» թերթի ամենամսյա դայջեստում, որ տարածվում է նաեւ Մոսկվայում, ուշագրավ մի հոդված էր հրապարակված այն մասին, որ Ռուսաստանի որոշակի քաղաքական շրջանակներ (Կրեմլի պաշտոնավորներ, Պետդումայի պատգամավորներ) քննադատաբար են տրամադրված Հայաստանի որոշ արտաքին քաղաքական կողմնորոշիչների նկատմամբ, անհամարժեք են գնահատում տարածաշրջանի իրադրությունը, կարճատեսություն են դրսեւորում կացության զարգացման հեռանկարների հարցում եւ այլն: Մեզ մեղադրում են, նշում է հոդվածագիր Ռուբեն Գրձելյանը, որ սիրաշահում ենք Եվրոմիությանը, ՆԱՏՕ-ին, նվազ ուշադիր ենք ռուսաց լեզվի նկատմամբ եւ այլն: Նույնիսկ իր վերջին այցի ժամանակ մեր ժողովրդի նկատմամբ իր համակրանքով հայտնի Կոնստանտին Զատուլինը շարադրել է բավականին, մեղմ ասած, սուբյեկտիվ կարծիքներ հարեւանների նկատմամբ մեր զգուշավոր դիրքորոշումների կապակցությամբ:

Լրագրողը Մոսկվայում հանդիպումներ ու զրույցներ է ունեցել ռուսաց պատգամավորների հետ եւ չի թաքցնում իր տարակուսանքը նրանց ցուցաբերած «թյուրըմբռնումների» առթիվ: Շահեկան է, որ իր դիտարկումները Գրձելյանը ներկայացնում է բարյացակամ տոնով, ինչ-որ տեղ դառնությամբ եւ ոչ թե ցուցադրական չարությամբ, ինչով երբեմն աչքի են ընկնում հայաստանյան որոշ «ընդդիմադիր» հրատարակություններ:

Լիովին համամիտ եմ հայրենյաց գործընկերոջս կարծիքներին: Մի տարբերությամբ միայն: Բանն այն է, որ մոսկվացի հայերս դրանց, այսպես ասած, արդեն վարժվել ենք: Մոսկովյան մամուլում երբեմն այնպիսի նյութերի կհանդիպես Հայաստանի ու նրա քաղաքականության մասին, որ կթվա խոսքը վերաբերում է ոչ թե ռազմավարական դաշնակիցների, այլ հակամարտող պետությունների փոխհարաբերություններին: Մխիթարում ես քեզ նրանով, որ դրանք ոչ թե պաշտոնական մոտեցումներ են, այլ տվյալ հրատարակությունների թիկունքին կանգնած քաղաքական կամ տնտեսական ուժերի «ցանկությունները»:

Քննարկվող տարակարծությունների առնչությամբ կուզենայի կոնկրետացնել մի հանգամանք` Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Պետդումայի փոխհարաբերությունների հարցը: Նախ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Դումայի պատգամավորները չեն համապատասխանում հարգանքի այն աստիճանին, որ բնականորեն ժողովուրդը պիտի տածեր իր «ընտրյալների» նկատմամբ (թեեւ, ասում են, Հայաստանում էլ նույնն է, ցավոք): Այն մտայնությունն է իշխում, որ ազգի «ծառաները» ավելի շատ մտահոգված են ոչ թե պետության կամ ժողովրդի, այլ իրենց անձնական շահերով: Ու առավել եւս ռուսաստանցիների համար բնավ էլ հետաքրքրական չեն Պետդումայի արտաքին քաղաքական գործունեության ուղղությունները, դրանց արդյունքները: Սակայն այս ամենը չի նշանակում, թե արտաքին աշխարհի հետ հարաբերություններում պառլամենտին հետին տեղ է հատկացված: Իհարկե` ոչ: Այնտեղ քիչ չեն խելացի, բանիմաց մասնագետները, որոնց տեսակետներն էապես հաշվի են առնվում պետության համար կենսական որոշումներ ընդունելիս: Եվ այս իմաստով բնավ էլ ոչ հռետորական հարց է առաջանում` արդյոք հայերս բավարար աշխատանքներ տանո՞ւմ ենք Պետդումայի հետ: Չէ՞ որ մենք իրավամբ հպարտանում ենք ամերիկահայերի բարձրարդյունավետ հայանպաստ գործունեությամբ Կոնգրեսում: Ժամանակը չէ՞, որ երկու երկրների օրենսդրական մարմինների պաշտոնական (վերնախավային) փոխհարաբերությունների հետ մեկտեղ դրվի Մոսկվայում լոբբիստական գործունեություն ծավալելու հարցը: Իսկ եթե դա Ռուսաստանում չի թույլատրվում օրենսդրությամբ, ինչպես ԱՄՆ-ում, ապա կարելի է իրագործել անձնավորությունների մակարդակով, որոնելով ու գտնելով շփումների ձեւերը եւ ուղիները: Վերջերս ռուսական թերթերից մեկը, օրինակ, գրել էր, որ արտաքին ներգործության նպատակով ադրբեջանցիները Ռուսաստանի իշխանական կառույցներ են թափանցում բիզնեսի միջոցով:

Կարծում եմ նպատակահարմար կլիներ, որ հայոց Ազգային ժողովն իր ներկայացուցչությունն ունենար Ռուսաստանի Պետդումայում: Թե ինչպես կարելի է դա իրականացնել «տեխնիկապես»` պաշտոնապես, ոչ պաշտոնապես, անհատապես, մի քանի հոգով, դեսպանությանն առընթեր, հավատարմագրման կարգով եւ այլն, քննարկման առարկա է: Աներկբա պիտի լինի մի պարագա` այդ ներկայացուցիչը (ղեկավարը) պիտի լինի ճանաչված` հրապարակային անձնավորություն, ունենա լայն կապեր, ծանոթություններ եւ իր աշխատանքում հենվի ոչ միայն հայոց պառլամենտի վրա, այլեւ կարողանա օգտագործել Մոսկվայի հայերի կարողությունը: Եկեք անկեղծ լինենք, շատ հարցեր կարելի է լուծել նույնիսկ... ռեստորանային սեղանի շուրջը: Ինչպես Պոզներն է ասում, ժամանակներն են այդպես:

Ըստ իս, Ռուսաստանում մեր ազգային պառլամենտի, հիշյալ բնագավառում հայոց պետության շահերի արտահայտիչ կարող է լինել Հայաստանի նախկին ղեկավար Սուրեն Հարությունյանը: Ավարտելով իր արգասավոր դիվանագիտական ծառայությունը Բելառուսում, նա այժմ գտնվում է Մոսկվայում եւ չօգտագործել պետական կառավարման, դիվանագիտական աշխատանքի նրա երկարամյա փորձը` անխոհեմություն է: Նրա սերնդի մարդիկ, տարբեր ասպարեզների շատ գործընկերներ (այդ թվում նաեւ դումայում) այսօր էլ մեծ կշիռ ունեն Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Նվազ կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ նա երկար տարիներ ապրել է Մոսկվայում, տեղի հայությունը բարեհաճ է տրամադրված նրա նկատմամբ եւ առավելագույնս կաջակցի հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման ու բարելավման գործին: Դա նաեւ երկումիլիոնանոց ռուսահայության օգտին է:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4