Վերջերս Փարիզումՙ Արվեստի միջազգային կենտրոնում, ցուցադրվել էին Հայաստանից հրավիրված նկարիչներ Արա Հայթայանի եւ Աշոտ Կիրակոսյանի գործերը:
Առաջինը ներկայացրել էր վերջին 6 տարիների ջրաներկ գործերը, որոնցում ձեւը, նատյուրմորտը եւ բնանկարը մշակված են միեւնույն թեմայի բազմաթիվ տարբերակներով, գույնի բազմապիսի կիրառություններով, որոնք ընդգծում են լույսը եւ տարածությունը:
Այդ տարբերակներում նկարիչը մշակում է նոր արտահայտչամիջոցներ եւ փնտրում պլաստիկ նոր լեզու, որը ֆիգուրատիվ եւ աբստրակտ արվեստների խաչմերուկում է: Միեւնույն հորինվածքը կարող է հայտնվել թղթի վրա, ապա մասնատվել վերացական ձեւերի եւ վերականգնվել կուբիստական ձեւով:
Աշոտ կիրակոսյանի յուղաներկ կտավները եւ տեմպերաները միանգամայն ուրիշ տպավորություն են գործում: Թբիլիսիում ծնված նկարիչն աշխարհին նայում է բանաստեղծական հայացքով: Նրա գործերն արտացոլում են այդ երեւակայական կողմը: Կտավի վրա սկզբում նկատելի են ծառեր, բայց քանիցս կրկնվելովՙ դրանք ստեղծում են սալարկի տպավորություն, դասավորությամբ երաժշտական պարտիտուրի ռիթմ հիշեցնելով: Մասնակիորեն հատված կատարների մեղմ լուսապսակի շնորհիվ ծառերը կորցնում են իրենց նյութականությունը, դառնալով վերացարկված հորինվածքի տարրեր: Գույներն ստեղծում են հանդարտության եւ եթերայնության տպավորություն:
Պ. Ք.