Հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում սկսվել է շախմատային փառատոնը, որի մասնակիցների թվում են Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը: Լեւոնը մասնակցում է ուժեղագույնների մրցաշարին, որը ՖԻԴԵ-ի 19-րդ կարգի է: Առաջին տուրում Արոնյանը սեւերով մրցեց չեխ գրոսմայստեր Դավիթ Նավարայի հետ: Մրցակիցները շատ ակտիվ սկսեցին խաղը, սակայն արդեն 22-րդ քայլին միմյանց ձեռք սեղմեցին ի նշան հաշտությանՙ կրկնելով քայլերը: Երկրորդ պարտիայում Արոնյանը սպիտակներով հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովին եւ այնուհետեւ ոչ ոքի ավարտեց պարտիան Անանդի հետ եւ այժմ Թոփալովի, Նավարայի, Անանդի, Սվիդլերի, Կրամնիկի եւ Ռաջաբովի հետ 2 միավորով գլխավորում է աղյուսակը:
Ի տարբերություն Արոնյանի, «B» խմբի մրցաշարում հանդես եկող Գաբրիել Սարգսյանն առայժմ անհաջող է մեկնարկել: Առաջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով պարտվեց հոլանդացի Սմեթսին, իսկ հաջորդ տուրում ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Լագրավի հետ: «B» խմբում 1,5 միավորով առաջատարներն են Բու Քսյանջին, Վիորել Բոլոգանը, Յան Սմեթսը եւ Պավել Էլյանովը:
Ընդհանրապես նման մրցաշարերում, որտեղ մրցանակային հիմնադրամն այնքան էլ մեծ չէ, իսկ մասնակիցների կազմը բավական հավասարազոր է, մեծ թիվ են կազմում ոչ-ոքիները: «A» խմբում մեկնարկային տուրն աչքի ընկավ ոչ-ոքիների առատությամբ: Կայացած 7 պարտիաներից վեցը խաղաղ ելք ունեցան, ընդ որում դրանց մեծամասնությունը բավական կարճատեւ էր: Միայն մեկ պարտիա արդյունավետ ելք ունեցավ, որում Ռաջաբովը հաղթեց Լյուկ վան Վելիին: Իսկ ահա 2-րդ տուրն ընթացավ մարտական պայքարում: Այս անգամ միայն մեկ պարտիա (Ռաջաբով-Կարյակին) ավարտվեց ոչ-ոքի, իսկ մյուս մրցախաղերում մրցակիցներից մեկը հաղթանակ տոնեց: Իրենց հաշվին հաղթական միավորներ գրանցեցին Թոփալովը, Անանդը, Շիրովը, Սվիդլերը, Նավարան եւ արդեն վերը հիշատակած Արոնյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ