«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2007-01-13 | #6, 2007-01-16 | #7, 2007-01-17


ԿՈՐՉԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆԸ

Ժամանակ առ ժամանակ ադրբեջանցիները «վարձակալում են» «Իզվեստիա» թերթի մի քանի էջեր եւ ռուս ընթերցողներին ներկայացնելով տարածաշրջանի «ամենաուժեղ ու դինամիկ զարգացող դեմոկրատական» երկրի կյանքի բազմազան կողմերը, զուգահեռաբար նաեւ հավաստում են Ռուսաստանի նկատմամբ իրենց տածած գրեթե անհուն ու համատարած սերը: Ճիշտ է, նախատոնական հերթական զեղումներում, սակայն, անհանգստություն էր արտահայտված վտարանդի շուկայասեր հասարակայնությանը Ռուսաստանից արտաքսելու հավանականության առնչությամբ:

Եվ այսպես, պարզվում է, որ համաշխարհային քաղաքակրթության մեջ «հսկայական» ավանդ ներդրած այդ «հնամյա» ազգը այսօր աշխարհում ներառում է շուրջ... 50 միլիոն անդամի` 8,5 միլիոն բուն «պատմական» օրրանում` Ադրբեջանական Հանրապետությունում, 30 միլիոն` Իրանում, 3 միլիոն` Թուրքիայում, 2 միլիոն` Ռուսաստանում, 1,5 միլիոն` ԱՄՆ-ում, 500 հազար` Ուկրաինայում, 350 հազար` Ֆրանսիայում, 400 հազար` Գերմանիայում եւ այլն: Ներկայացված է այն իսկապես մեծ կազմակերպչական աշխատանքը, որ կատարվում է «սփյուռքի» ադրբեջանցիներին համախմբելու ասպարեզում: Կարդալով այս թեմայով նյութերը, այն տպավորությունն ես ստանում, որ նրանք առավել արդյունավետությամբ փոխառել են հայերիս փորձը: Ավելին, եթե Հայաստանում այդպես էլ չվերականգնվեց խորհրդային տարիների «սփյուռքահայ» կոմիտեն, ապա Ադրբեջանում վաղուց գործում է արտասահմանում ապրող հայրենակիցների հետ աշխատանքի պետական կոմիտե:

Բուն Ռուսաստանում գործող Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը իր շոշափուկները տարածել է երկրի 73 սուբյեկտներում, հրատարակում է 15 թերթ մոտ մեկ միլիոն տպաքանակով: Օրենսդրականորեն իրավունք չունենալով զբաղվելու լոբբիստական գործունեությամբ, համայնքը փորձում է բիզնեսի միջոցով թափանցել Ռուսաստանի իշխանական կառույցները (Բաքվից կառավարվող այս «կոլեկտիվ» գործողությունների ֆոնի վրա առավել ողորմելի են դառնում Հայաստանի որոշ վայ-քաղաքագետների բութ հարձակումները Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հասցեին, որն իր սեփական միջոցներով ու անձնական ջանքերով հսկայական աշխատանք է կատարում ռուսահայությանը միավորելու գործում):

«Իզվեստիային», անշուշտ, չի կարելի մեղադրել ավելորդ «ադրբեջանասիրության» մեջ. թերթն էլ իր բիզնեսն է անում ադրբեջանցիների հաշվին: Բառացիորեն հաջորդ օրն այդ նույն հրատարակությունը ընդարձակ տեղեկություն հրապարակեց «Ինչո՞վ էր խանգարում ռուսաստանյան հեռուստատեսությունը ադրբեջանցիներին» բնավ էլ ոչ հռետորական հարց-վերնագրով: Բանն այն է, որ հյուսիսային հարեւանի նկատմամբ դրսեւորած կոնկրետ քծնանքն անգամ չխանգարեց, որ տարեմուտին Բաքուն պաշտոնապես արգելի Ռուսաստանի երկու առաջատար հեռուստաալիքների հաղորդումները երկրի տարածքում: Ադրբեջանցիները «անկեղծորեն» խոստովանեցին, որ դա արվում է կոմերցիոն նկատառումներով, իբր նպատակ ունենալով խթանել ազգային հեռուստատեսության զարգացումը: Թե իրոք ինչքանով էր Ռուսաստանի հեռուստատեսությունը խանգարում այդ «ազգանվեր» բիզնեսին, առանձնապես չհստակեցվեց: Դա կարեւոր էլ չէ: Պարզ է, որ նման մասշտաբի գործողությունը չի կարող քաղաքական աստառ չունենալ, ինչի վրա ուշադրություն դարձրին Ռուսաստանի ԶԼՄ-ները: Մի շարք փորձագետներ դա համարեցին պատասխան քայլ ընդդեմ գազի գինը բարձրացնելու Մոսկվայի պահանջի: Հեշտ չէ ցուցադրաբար վրացիներին տրամադրել հազար խորանարդ մետր գազ 120 դոլարով, երբ «Գազպրոմը» պահանջում է 235: Եվ նույնիսկ Միխայիլ Սաակաշվիլին Ալիեւի այդ քայլը համարեց «հերոսական»:

Սակայն, ըստ երեւույթին, այդ նյութական կորուստն էլ ամենաէականը չէ: Ամեն ինչ նորեն հանգում է քաղաքագաղափարականի: Ադրբեջանցիները խիստ դժգոհ են Ղարաբաղի խնդրի «միակողմանի» (պետք է հասկանալ` հայամետ) դիրքորոշումից: Նրանց համբերության բաժակն արդեն լցվել էր տակավին Արցախի անկախության 15-ամյակի տոնակատարության «աղաղակող» ցուցադրումներից: Կարծես դա քիչ էր, Ղարաբաղի հայերը ինքնագլուխ սահմանադրություն են ընդունում: Պատմում են, որ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին դժգոհություն է հայտնել, որ ռուսաստանյան հեռուստաալիքները հաճախ անբարյացակամ դիրք են գրավում Ադրբեջանի նկատմամբ:

Ինչպես ասում են, ահա թե որտե՜ղ է թաքնված շան գլուխը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4