«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2007-01-13 | #6, 2007-01-16 | #7, 2007-01-17


ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՌԱՋԱԲՈՎՆ Է

Հոլանդիայի Վեյք Ան Զեե քաղաքում շարունակվում է շախմատային փառատոնը: Երրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդն էր: Սպիտակներով խաղացող Անանդը դիրքային որոշ առավելություն էր ստացել, սակայն հայ գրոսմայստերը հավերժական շախի շնորհիվ ստիպեց մրցակցին հաշտություն կնքել: Չորրորդ տուրում էլ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մոտիլյովի հետՙ հաշտություն կնքելով 22-րդ քայլին:

Ոչ-ոքի ավարտ ունեցան նաեւ Կառլսեն-Անանդ, Սվիդլեր-Պոնոմարյով, վան Վելի-Կարյակին, Կրամնիկ-Նավարա պարտիաները: Բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը սպիտակներով հաղթեց Ալեքսեյ Շիրովին եւ վաստակեց 3 միավոր: Երրորդ տուրից հետո աղյուսակը 2,5 միավորով գլխավորող Թեյմուր Ռաջաբովը մրցում էր Սերգեյ Տիվյակովի հետ: Պարտիան ավարտվեց Ռաջաբովի հաղթանակով:

Չորս տուրից հետո միանձնյա առաջատարը Ռաջաբովն էՙ 3,5 միավոր: Արոնյանն Անանդի, Սվիդլերի, Կրամնիկի, Նավարայի հետ 2,5 միավորով առաջատարների խմբում է:

Անհաջող մեկնարկից հետո «B» խմբի մրցաշարում անդրանիկ հաղթանակը տոնեց Գաբրիել Սարգսյանը: 3-րդ տուրում նա սպիտակներով հաղթեց Պավել Էլյանովին: Ցավոք, հաջորդ տուրում նա 54-րդ քայլին զիջեց մրցաշարի միակ կին մասնակից Տատյանա Կոսինցեւային: Գաբրիելը 4 հնարավորից ունի 1,5 միավոր: Աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է հոլանդացի Յան Սմեթսը, որը հաղթեց Վեռլեին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4