«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2007-01-16 | #7, 2007-01-17 | #8, 2007-01-18


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԱԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՆ

ԵԱՀԿ-ի առաքելության կողմից Ղարաբաղի հարակից տարածքներում հրդեհները «բնապահպանական աղետ» գնահատելու կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խազար Իբրահիմիՙ «Ազատություն» ռադիոկայանի միջոցով հնչած այն հայտարարությունը, ըստ որի անվտանգ բնապահպանական գործողության անցկացման համար պայմաններ ստեղծելու նպատակով հայկական կազմավորումներին առաջարկվում է հեռանալ հրդեհված տարածքներից, մեկնաբանելովՙ ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանն «Ազգի» թղթակցի հետ զրույցում մասնավորապես ասել է. «Դա Ադրբեջանի «հերթապահ» սադրանքներից մեկն է, որոնցով զինված հակառակորդ կողմը այս կամ այն առիթներով հաճախ հայտարարություններ է հրամցնում միջազգային հանրությանը: Իրականում անցյալ տարվա աննախադեպ շոգ ամռանը շփման գծի շրջանում բռնկված հրդեհները մարվել են ԼՂՀ պաշտպանության բանակի եւ արտակարգ իրավիճակների վարչության մարտիկների ջանքերով, եւ չեմ կարծում, թե որեւէ այլ ուժի ներկայությունը կարող էր ստեղծված պայմաններում ավելին անել: Ղարաբաղյան բանակն իր ուժերի սահմաններում պատրաստ է բնական անակնկալների դեպքում կրկին հնարավորինն անելՙ կասեցնելու աղետը: Ի՞նչ կոնկրետ գործողություններ պետք է անցկացնի Ադրբեջանը. դա պարզապես բնապահպանական խնդիրը քաղաքական հարթություն տեղափոխելու անիմաստ փորձ է, որն, ինչպես միշտ, դատապարտված է ձախողման»:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4