Այդպես են կարծում ոչ թե մեր, այլ բրիտանացի քաղաքական գործիչները
Մեծ Բրիտանիայի «Աշխատավոր» կուսակցության առաջնորդ Ջոն Սմիթի անունը կրող հիմնադրամը արդեն մի քանի տարի նրա դավանած գլխավոր արժեքներըՙ հարգանք դիմացինի անհատականության եւ անսահման ձգտում հասարակության արդարության նկատմամբ, փորձում է տարածել նաեւ մեր երկրում: Այդ նպատակով 2002 թվականից ի վեր ամեն տարի ընտրվում են մի քանի երիտասարդներ, որոնք իրենց տրված կրթաթոշակով Մեծ Բրիտանիայում հինգշաբթյա ուսուցում են անցնում կառավարման, ժողովրդավարության եւ հասարակական արդարության ոլորտներում: Դասավանդվող հիմնական թեմաներն են օրենքի ուժը, սոցիալական արդարությունը, հանդուրժողականությունն ու անապահով խավին ժողովրդավարության գործընթացին մասնակից դարձնելը: Ծրագրին մասնակցած երիտասարդները ձեռք բերած գիտելիքներն ու փորձը կիրառում են իրենց երկրում որեւէ ծրագիր իրականացնելով: Բացի Հայաստանից ծրագրին մասնակցում են նաեւ Վրաստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից ընտրված երիտասարդները: Ծրագրի ղեկավարների ասելով, դա ոչ թե կարճաժամկետ կրթաթոշակ է, այլ դարձել է նոր հեռանկարների, ամուր կապերի ու արդյունավետ կառավարման ավանդույթ: 1994 թվականին հանկարծամահ եղած Ջոն Սմիթին փոխարինած Թոնի Բլերն ու հասարակական-քաղաքական գործիչներ մշտապես պնդել են, որ հիմնադրամը կոչված է տարածելու այն գաղափարները, որ բրիտանական խորհրդարանում արտահայտել է Ջոն Սմիթը:
Այս տարի ծրագրին դիմած 25-35 տարեկան 57 հայաստանցիներից պետք է ընտրվեն 3 հոգի: Ճիշտ ընտրություն կատարելու համար Հայաստան է ժամանել հիմնադրամի փոխնախագահ Քենեթ Մուրոն: Հայաստանում Բրիտանական խորհրդի երեկ հրավիրած մամլո ասուլիսում նա ասաց, որ ընտրության գլխավոր սկզբունքը առաջնորդի համար ամենից գերապատվելի հատկանիշովՙ հասարակության կյանքը բարեկեցիկ դարձնելու կարողությամբ օժտված լինելն է: Այդ հատկանիշը բացահայտելու համար ինքը հարցազրույց կանցկացնի դիմորդների հետ ու կընտրի ամենից արժանավորներին: Նրա ասելով, այս ծրագրին մասնակցած հայաստանցի բոլոր երիտասարդները վերադարձել են եւ իրենց գիտելիքները օգտավետ դարձրել հասարակության համար:
Ասուլիսին հաջորդած «Առաջնորդությունը որպես շարժիչ ուժ դեպի եվրոպական ինտեգրացիա» կլոր սեղանին մասնակցում էին նաեւ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը եւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փորձագետ Մանվել Ղումաշյանը: «Ազգի» հետ զրույցում Կարեն Բեքարյանը նշեց, որ մեր երկրի համար միջազգային կրթական ծրագրերի արդյունավետությունը պարզելու համար անհրաժեշտ է 5 տարին մեկ մոնիտորինգ անցկացնել, այդ ծրագրերին մասնակցած երիտասարդների զբաղվածությունը ստուգելու համար: «Եթե պարզվի, որ կրթական այս կամ այն ծրագրի մասնակիցների 80 տոկոսը հաստատվել է այդ ծրագիրն իրականացնող երկրում, նշանակում է տվյալ երկիրը ֆինանսական միջոցները ծախսում է ոչ թե Հայաստանին, այլեւ իր երկրին խելացի կադրերով ապահովելու համար: Մեզ համար սա շատ կարեւոր խնդիր է, որովհետեւ միջազգային կրթական ծրագրերը վերջին տարիներին նպաստում են ուղեղի արտահոսքին, ինչը մեր փոքր երկրի համար խիստ վտանգավոր երեւույթ է», ասաց Բեքարյանը: Միջազգային կրթական ծրագրերի օգտավետությունն ավելացնելու համար նա կարեւոր է համարում տվյալ ծրագրում գոնե մեկ դասախոսի ընդգրկելը, որպեսզի մեր երիտասարդներին դասավանդող օտար մասնագետները պարզ պատկերացում կազմեն մեր կրթական համակարգում տվյալ մասնագիտության մակարդակի մասին: «Միակողմանի ինտեգրում չի լինելու, եթե խոսում ենք Եվրոպային ինտեգրվելու մասին, ուրեմն պետք է իմանանք այն պարզ ճշմարտությունը, որ բացի դրսից բերելուց, կամ ընդօրինակելուց, պետք է ներկայացնենք նաեւ մեր ունեցածը: Հակառակ դեպքում չենք ստանա ակնկալվող արդյունքը», ասաց Բեքարյանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ