«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2007-01-16 | #7, 2007-01-17 | #8, 2007-01-18


«ԱՐԱՐԱՏԸ» ԼՐՋՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

Երեւանի «Արարատը» բարձրագույն խմբի թիմերից առաջիններից էր, որ սկսեց նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Արդեն դեկտեմբերի 18-ից արարատցիները գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ սկսեցին մարզումներըՙ պարապմունքներն անցկացնելով ինչպես մարզադահլիճում, այնպես էլ բացօթյա: Նախապատրաստության առաջին փուլում հիմնական շեշտը դրվել էր տղաների ֆիզիկական որակների, ֆունկցիոնալ պատրաստության բարելավման վրա: Աչքաթող չեն արվում նաեւ տեխնիկատակտիկական հարցերը:

Թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հավաստմամբ, նախապատրաստությունն ընթանում է ծրագրին համապատասխան, տղաները ջանասիրաբար են մարզվում, լավ հասկանալով, որ ապագա հաջողությունների հիմքերը դրվում են հենց նախապատրաստական շրջանում: Իսկ «Արարատն» այս մրցաշրջանում իր առջեւ լուրջ նպատակներ է դրել: Թիմը պայքարելու է ոչ միայն մրցանակային տեղերի, այլեւ նույնիսկ երկրի չեմպիոնի տիտղոսի համար: Բնականաբար մարզիչները ձգտում են ուժեղացնել թիմի կազմը, մշակել տակտիկական խաղաոճեր: Նախապատրաստության այս փուլում «Արարատում» զգալի փոփոխություններ են կատարվել: Թիմից հեռացել են Ալբերտ Աճեմյանը, Արկադի Եփրեմյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Էդգար Սաֆարյանը, Ռաֆայել Մկրտչյանը, Վահե Դավթյանը, Գեղամ Քոչարյանը, Էդիկ Երիցյանը: Նրանց փոխարեն թիմ են հրավիրվել դարպասապահ Նիկոլայ Սարգսյանը «Գանձասարից», շիրակցի պաշտպան Հրայր Մկոյանը, փյունիկցի կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը, հարձակվողներ Սարգիս Մովսիսյանը «Կիլիկիայից», Սամվել Պետրոսյանը «Գանձասարից» եւ Գեւորգ Նռանյանը «Ուլիսից»:

Հունվարի 9-ից սկսվել է նախապատրաստության երկրորդ փուլը: «Արարատն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Արարատի «Այգ» մարզաբազայում: Այստեղ մարզումային նորմալ պայմաններ են ստեղծված եւ հնարավորություն կա օրական երկու պարապմունք անցկացնել: Թեեւ ձյունածածկ խաղադաշտին, արարատցիներն արդեն հասցրել են ստուգողական խաղում փորձարկելու ուժերըՙ մրցելով «Կիլիկիայի» հետ: Վերջինիս կազմում հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ են ընդգրկված: Խաղն անցավ արարատցիների առավելությամբ, որոնք էլ հաղթեցին 2-0 հաշվով: Երկու գոլերն էլ խփեց թիմի նորեկ Սարգիս Մովսիսյանը: Հունվարի 21-ին արարատցիները եւս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնեն եւ ավարտելով ուսումնամարզական հավաքըՙ կվերադառնան Երեւան:

Մինչեւ առաջնության մեկնարկն «Արարատը» եւս երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի, այս անգամ արդեն արտերկրում: Փետրվարի 7-21-ը թիմը մարզումները կշարունակի Սերբիայում, իսկ մարտի 4-18-ը նախատեսված է վերջին հավաքը Կիպրոսում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4