Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում արդեն մեկնարկից բավականին թեժ մրցապայքար է ծավալվել չեմպիոնի տիտղոսի համար:
Տղամարդկանց մրցաշարում 2 տուրից հետո միանգամից հինգ շախմատիստներՙ Կարեն Ասրյանը, Զավեն Անդրեասյանը, Տիգրան Նալբանդյանը, Տիգրան Պետրոսյանն ու Աշոտ Անաստասյանը 1,5 միավորով գլխավորում են աղյուսակը: Անաստասյանն իր անդրանիկ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով Տիգրան քոթանջյանին: Պետրոսյանը հաղթեց Չիբուխչյանին, իսկ Նալբանդյանն առավելության հասավ Փաշիկյանի նկատմամբ: Ոչ-ոքի ավարտվեցին Եղիազարյան-Կարաթորոսյան, Արա Մինասյան-Անդրեասյան, Արտաշես Մինասյան-Ասրյան պարտիաները:
Նշենք, որ այս մրցաշարի արդյունքներով 1-5-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան Հայաստանը ներկայացնելու Եվրոպայի անհատական առաջնությունում: Իսկ Հայաստանի նորընծա չեմպիոնը կընդգրկվի ՀՀ հավաքականում եւ թիմի կազմում կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը: Տղամարդկանց մրցաշարում սահմանված է գրոսմայստերի նորմա (7 միավոր):
Կանանց մրցաշարում արդեն մեկնարկից տոն է տալիս ամենափորձառու մասնակից, միակ գրոսմայստեր Նելի Աղինյանը: Երկրորդ տուրում էլ նա սեւերով ստիպեց Անահիտ Խառատյանին հանձնվել: Աղինյանը 2 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը: 1,5-ական միավորով հաջորդ տեղերում են Սիրանուշ Անդրեասյանը, Նարինե Գասպարյանը եւ Նունե Դարբինյանը: Նրանք իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքիՙ հաշտություն կնքելով համապատասխանաբար Լիլիթ Գալոյանի եւ Մարիանա Գասպարյանի հետ: Միավորը կիսեցին նաեւ Անի Դարբինյանն ու Լուսինե Ալավերդյանը: Նարինե Գասպարյանը պարտության մատնեց Լիանա Աղաբեկյանին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ