Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է ակումբների վարկանիշային նոր ցուցակը, որը հաշվի է առնում թիմերի ցուցանիշներն ազգային առաջնություններում ու Եվրագավաթներում 2006 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը: Հայաստանից աշխարհի ուժեղագույն 350 ակումբների շարքում տեղ են զբաղեցրել երկրի չեմպիոն «Փյունիկը» եւ բրոնզե մրցանակակիր, ՀՀ գավաթակիր ու Սուպերգավաթակիր Աշտարակի «Միկան»:
«Փյունիկը» նախորդ ցուցակի համեմատ 5 հորիզոնական վեր է բարձրացել եւ 71 միավորով 265-266-րդ տեղերն է բաժանում Բոլիվիայի «Ունիվերսիտարիոյի» հետ: «Միկան» գործնականում պահպանել է դիրքերըՙ մի խումբ թիմերի հետ 60 միավորով բաժանելով 335-343-րդ տեղերը: Նախկին ցուցակում թիմը 344-րդ հորիզոնականում էր:
Ինչ վերաբերում է ուժեղագույն տասնյակին, ապա նախկինի պես այն գլխավորում է ՈՒԵՖԱ-ի գավաթակիր իսպանական «Սեւիլիան»: 4-րդ տեղից 2-րդ հորիզոնական է տեղափոխվել Միլանի «Ինտերը», իսկ ահա «Միլանը» 2-րդ տեղից նահանջել է 5-րդ հորիզոնական: Չեմպիոնների գավաթակիր «Բարսելոնը» 3 հորիզոնական վեր է բարձրացելՙ հանգրվանելով 4-րդ տեղում: Չորս հորիզոնական նահանջել է Բուխարեստի «Ռապիդը», իսկ Բրազիլիայի «Ինտերնասիոնալն» ընդգրկվել է լավագույն տասնյակում:
1. «Սեւիլիա» | Իսպանիա | 295 |
2. «Ինտեր» | Իտալիա | 286 |
3. «Ռոմա» | Իտալիա | 277 |
4. «Բարսելոն» | Իսպանիա | 268 |
5. «Միլան» | Իտալիա | 268 |
6. «Լիվերպուլ» | Անգլիա | 253 |
7. «Արսենալ» | Անգլիա | 249 |
8. «Լիոն» | Ֆրանսիա | 247 |
9. «Ինտերնասիոնալ» | Բրազիլիա | 244 |
10. «Ռապիդ» | Ռումինիա | 232 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ