«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2007-01-17 | #8, 2007-01-18 | #9, 2007-01-19


ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՑԱԿ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ, ԻՍԿ Ո՞Վ Է ՆՐԱՆՑ ԸՆՏՐՈՂԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մինչ մեր կուսակցությունները իրենց մասին ունեցած բարձր ինքնագնահատականն աչքի առաջ` հերթով հայտարարում են ընտրությունների միայնակ գնալու մասին, մինչ նրանք հեւասպառ կազմում են իրենց համամասնական ցուցակները եւ ասում` ո՞ր օրն են այդ ցուցակները ներկայացնելու ԿԸՀ, չսպասելով, որ երկրի նախագահը պաշտոնապես ընտրությունների օր նշանակի, կուսակցությունների հետ ոչ մի կապ չունեցող հայ ընտրողը դեռեւս «հավեսի չի ընկնում» ու առանձնապես չի հետաքրքրվում քաղաքական գործընթացներով: Կամ հետաքրքրվում է այնքանով, որքանով «դալբիտ» են անում մեր բազմաթիվ հեռուստաընկերությունների նույնքան բազմաթիվ լրատվական ծրագրերը, որոնց «անաչառությունից» մարդ պարզապես ամոթախեղդ է լինում:

Մեր ընտրազանգվածն ամեն օր լսում է տարբեր մամուլի ակումբներում եւ այլ լսարաններում ներկայացող քաղաքականների կարծիքները, այն «կանխատեսումները», թե ովքեր են մեծամասնություն կազմելու 2007-ի խորհրդարանում, ով ինչ հավակնություններ ունի, իսկ անձամբ ընտրողը կամ նրան ներկայացնող ինչ-որ միավոր (հանկարծ չասեք, թե կուսակցություններն են ներկայացնում ընտրողներին) չի ներկայացել մամուլի ակումբներում, նրան չեն հարցրել, թե լավ, դու ուզո՞ւմ ես այդպիսի կամ այնպիսի ցուցակ, դու ի՞նչ ես մտածում այս կամ այն քաղաքական խմորման մասին:

Իսկ հասարակ ընտրողի հետ լրագրողի շփումները ցույց են տալիս, թե ինչ խորությամբ է նա անտարբեր տեղի ունեցողի հանդեպ: Սակայն, որքան էլ տարօրինակ թվա, ի տարբերություն հանրաքվեի, այդ նույն անտարբեր ընտրողը կգնա 4 ամիս հետո տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին տարբեր դրդապատճառներով: Ու որքան էլ տարօրինակ թվա` այդ դրդապատճառները ոչ թե ժողովրդավարության կամ իրական-արդար ընտրությունները կայացնելու, այլ մեր խմբավորմամբ` մի քանի տեսակ շահերի արտահայտմանն են ուղղված:

Այս իմաստով մեր ընտրողին կարելի է բաժանել մի քանի խմբի: Մարդիկ, որոնք որեւէ խմբակլանային շահ չունեն. դրանք կենսաթոշակային տարիքի մարդիկ են, գործազուրկները, նվազ եկամուտ ունեցող ընտանիքների չափահաս անդամներ, ովքեր մեծ մասամբ ազգակցական կապ չունեն պաշտոնեական շրջանակների հետ, խորապես անտարբեր են ամեն տեսակ ընտրության հանդեպ եւ նրանց ընտրության գնալու միակ շարժառիթը կարող է նյութական լինել: Սրանք բավական մեծ թիվ են կազմում, եւ բոլոր կուսակցություններից առաջ հենց նրանք կարող են դառնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրազանգվածը: Ահա եւ արդեն իր անունը ստացած «կարտոֆիլային հեղափոխության» ընտրազանգվածը, որը բավական մեծ թիվ կարող է կազմել, եթե նկատի ունենանք, որ Հայաստանում թոշակառուների թիվը կես միլիոնից ավելի է: Նրանցից շատերին կարող է առավել ռեալ թվալ 5 հազար դրամը, կամ մեկ պարկ կարտոֆիլը, մանավանդ որ գարնան վերջին տեղի ունենալիք ընտրություններից առաջ ձմեռվա կարտոֆիլը կարող է վերջացած լինել:

Բայց իշխանական մյուս կուսակցությունները թող չհուսահատվեն` շարունակելով ընտրողին դասդասելու մեր փորձը` կանգ առնենք մոտ 20 հազար չինովնիկների դասի վրա` այն բազմապատկելով նրանց ծանոթ -բարեկամների եւ ընտանիքների անդամների հնգապատիկ թվով. այ այս թիվը, գումարած 30 հազար կուսակցական ակտիվիստները (թեեւ սրանց մի զգալի մասը հենց չինովնիկներ են), լավ, պատռի-տրաքի` մի 150 հազար ընտրող, թող լինի Հանրապետականի ընտրազանգվածը: Իհարկե, Հանրապետականը նույնպես հետ չի մանալու` վերը նշված կենսաթոշակային տարիքի մեր ընտրողին իր կողմը գրավելու ձեւերի մասին կմտածի, կենսաթոշակային հիմնադրամի ղեկավարի հաճախադեպ հեռուստաերեւալները ձեզ օրինակ, միայն թե ամեն տարվա համար 50 դրամ կենսաթոշակային բարձրացումը հազիվ թե համոզիչ կռվան լինի` նրանց գրավելու նոր շտապ խայծեր են հարկավոր: Սակայն չմոռանանք բանակի 70 հազարը, որ առաջներում միշտ էլ հնարավոր է եղել բազմապատկել` հայտնի մեթոդներով, սա էլ որ գումարվի, հանրապետականն ու բարգավաճականները կարող են հավակնել նույնական ընտրազանգվածի, բայց պետք է նյութական տեսքով (ցավով եմ ասում) ապահովեն այս ընտրազանգվածների նյութական շարժառիթները:

Այ միանշանակ չեն մի քանի տասնյակ հազար ուսանողների ու ուսուցիչների շարժառիթները, որոնք, ճիշտ է, հաշվի կառնեն իրենց նախարարի կուսակցական պատկանելությունը, սակայն հենց նրա՛նց տարբեր շահագրգռություններով ու խոստումներով նույնքան հնարավորություն ունեն փախցնելու ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն:

Ընտրողների մյուս դասը բուն կուսակցականներն են, որոնց` հասարակությանը հայտնի թվերից ընտրազանգվածի ու կուսակցականների նույնականությունը միայն ԲՀԿ-ի դեպքում է` ում հասել են-կուսակցական են գրել, ու հենց նրանից ընտրող խլելու ջանք կիրառելու են մյուս բոլոր կուսակցությունները: ՀՅԴ-ի համակիրներն ու բուն կուսակցականները, վերջին տարիները ցույց տվեցին, որ կայուն թվեր են ու առանձնապես չեն փոխվել, իսկ ՄԱԿ-ը չի փոխել ընտրազանգված հավաքելու նախօրոք հայտնի մեթոդները եւ նրա ընտրողը ՀՀԿ-ԲՀԿ ծիրում է մեծ մասամբ ու վերջիններիցս պետք է խլվի:

Ընտրողների մի մեծ խումբ մնաց ընդդիմությանը, որը սակայն վերջին մի քանի տարին այնպես շփոթված է ընդդիմության անհետեւողական ու հատվածական պահվածքից, որ կարող է վերջին պահին սահուն անցում կատարել դեպի բարգավաճողների կուսակցություն` խառնելով բոլորի հաշիվները:

Ուրիշ տեսակի ընտրողներ Հայաստանում չկան, պետք է գումարել ընտրազանգվածի այս խմբերի թվերը, իսկ տարբեր կուսակցությունների` իրենց անդամների վերաբերյալ թվերը «ֆու-ֆու» են, հենց նույն ընտրազանգվածի աչքերին թոզ փչելու միջոց: Անհայտ դաշտում գտնվող մի քանի կուսակցություններ` օրինակ ՕԵԿ-ը, «Դաշինքը», էլի մի քանիսը, դեռ պարզ չէ, թե մեր նշած ընտրազանգվածային խմբերից ո՞ւմ են տանելու, քանի որ հստակ դիրքորոշում չեն հայտնում, դա ավելի ուշ հայտնի կլինի:

Հ.Գ. Այն մարդկանց, ովքեր պատրաստ են ասելու, թե այս կարգի հրապարակումները կորցնում են արդար ընտրությունների վերաբերյալ ընտրողի հույսը, կոտրում են ընտրողին, կարող ենք պատասխանել միայն, որ արդար ընտրություններ անցկացնելու երազանքը հենց լրագրողինն է, սակայն լրագրողը քաղաքական գործիչ չէ, որ գեղեցիկ ստով սքողի իրականությունը: Նա հասարակության բժիշկն է, որը պետք է խոսի ցավի ակունքների մասին: Ցավալի է, բայց մեր հասարակությանն այսպիսին են դարձրել հենց մեր քաղաքական կուսակցություններն ու նրանց ղեկավարները, իսկ անտարբեր նա դարձել է իր ապրելակերպով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4