«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2007-01-17 | #8, 2007-01-18 | #9, 2007-01-19


ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ

Սեպտեմբերին գործարար եւ արդյունաբերող հայաստանցիները իրենց արտադրանքն ու դրա համբավը կտարածեն Սիրիայի Արաբական Հանրապետությունում` մասնակցելով Հայաստանում արտադրվող ապրանքատեսականու ցուցահանդեսին Հալեպում: Այս մասին իմացանք երեկ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Մինչ այդ հայ եւ սիրիացի գործարար շրջանակներ կոորդինացնող երկու դեմքեր` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը եւ Հալեպի առեւտրային պալատի նախագահ Սալեհ Մալլահը ստորագրեցին հայ-սիրիական գործարար համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին փաստաթուղթ, ինչպես նաեւ հուշագիր հայ-սիրիական համագործակցության մասին:

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի տնօրեն Մարտին Սարգսյանը նշեց, որ չնայած Հայաստանից Սիրիա է արտահանվում կաուչուկ, ռետինե իրեր, կիսաթանկարժեք եւ թանկարժեք քարեր ու սարքավորումներ, իսկ Սիրիայից Հայաստան են ներմուծվում սեւ մետաղից իրեր, հագուստ ու մթերք, հայ-սիրիական ապրանքաշրջանառությունն իր ներկայիս ծավալներով գոհացուցիչ չ: Նա նշեց, որ սիրիացի գործարարների հետ հանդիպումը առիթ է բանակցելու համատեղ ձեռնարկությունների ստեղծման մասին, քանի որ բեռնափոխադրումների թանկության խնդիրն առկա է: Դրա համար գերադասելի է կիսաֆաբրիկատներ ներմուծելն ու արտահանելը:

Իր խոսքում Սալեհ Մալլահը հատուկ շնորհակալություն հայտնեց Հալեպում Հայաստանի հյուպատոսին` Արթուր Մանասերյանին եւ Հայաստանում Սիրիայի հավատարմատարին, որոնց անձնական ջանքերի գնով կազմակերպվել եւ իրականացվել է Հալեպի գործարարների այցը:

«Ազգը» հարց ուղղեց Սալեհ Մալլահին` իմանալու թե Հալեպի գործարար կյանքում ի՞նչ դեր ու կշիռ ունեն սիրիահայ գործարարները: Պ-ն Մալլահը պատասխանեց, որ Հալեպի առեւտրարդյունաբերական պալատի գրանցված անդամներ են 300-400 հայազգի գործարարներ, որոնց թվում է առեւտրարդյունաբերական պալատի խորհրդի ամենատարեց եւ հին անդամը` Կարապետ Չամիչյանը: «Հայերը աչքի են ընկնում Հալեպի հատուկ արհեստագործական շրջանակներում` մեքենաների պահեստամասերի եւ մեքենաների տեխնիկական մասի ապահովման, ոսկերչության, ջեռուցման եւ հովացման համակարգերում: Հալեպում կա նաեւ բժիշկների եւ ինժեներների մի ընտրանի, որոնք միշտ էլ ակնառու են Հալեպի հասարակությունում», նշեց նա:

Սիրիացի գործարարների թվում էր նաեւ ապրանքի վերահսկողության եւ ISO վկայականների շնորհման շվեյցարական SGS-ի ներկայացուցիչ Նադեր Հադդատը: Նա «Ազգի» հետ զրույցում հավաստիացրեց, որ շրջանառվող ապրանքների որակը, անգամ հագուստի նախապես նշված չափերը, պետք է համապատասխանեն նախնական պայմանավորվածություններին: Անորակ կամ էկոլոգիապես ոչ մաքուր ապրանքները պետք է վերադարձվեն դրանք արտահանել փորձող երկրներ: Այլ կերպ ասած` նա բացառեց անորակի ե՛ւ խոտանի շրջանառությունը եւ մինչ օրս, ե՛ւ սրանից հետո:

Հայազգի Վարուժ Եսայանն այն սիրիացիների թվում է, որ եկել են Հայաստան: Նա հաստատում է միջոցառման ժամանակ հնչած այն միտքը, որ հնարավոր է Երեւանի մեքենաշինական գործարանի հետ պայմանագրի ստորագրում կամ համատեղ ձեռնարկության ստեղծում: Հայաստանի տնտեսության օգտին կարելի է դիտել նաեւ այն հանգամանքը, որ հյուրերը խաղողագործությունն ու ընդհանրապես հողագործությունը զարգացնելու մասին են մտածում, գտնում է Վ. Եսայանը: Նա կարեւորում է տրանսպորտային թանկարժեքությունն ինչ-որ կերպ դյուրացնելու խնդրի արծարծումն իրենց այցելության օրերին: Թե որքանով դա կհաջողվի գործարարներին, կերեւա առաջիկայում սիրիական ապրանքների գներից եւ դրանց որակից:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4