«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2007-01-17 | #8, 2007-01-18 | #9, 2007-01-19


ԶԳԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՄԻԿԱՅՈՒՄ»

Անցած մրցաշրջանը բավական հաջող էր Աշտարակի «Միկայի» համար: Ճիշտ է, թիմին չհաջողվեց լուրջ պայքար մղել երկրի չեմպիոնի տիտղոսի համար` 16 միավորով հետ մնալով ոսկե մեդալներին հերթական անգամ արժանացած «Փյունիկից», եւ զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Փոխարենը «Միկայի» ֆուտբոլիստները դարձան հանրապետության գավաթակիր եւ Սուպերգավաթակիր` վճռորոշ հանդիպումներում առավելության հասնելով նույն «Փյունիկի» նկատմամբ: Ավելացնենք նաեւ, որ «Միկան» հավասար միավորներ վաստակեց առաջնության արծաթե մրցանակակիր «Բանանցի» հետ եւ վերջինիս զիջեց միայն հաղթանակների թվով:

Բնականաբար, նոր մրցաշրջանում էլ «Միկան» իր առջեւ լուրջ խնդիրներ է դրել եւ ձգտելու է հաջողությամբ դրանք իրականացնել: Թիմը ֆուտբոլային նոր մրցաշրջանի նախապատրաստությունը սկսել է դեռեւս դեկտեմբերի վերջին` մարզումներն անցկացնելով նորակառույց հարմարավետ մարզաբազայում: Թիմի մարզչական կազմն անփոփոխ է մնացել: Գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանին օգնում են Բաբկեն Մելիքյանն ու Ալյոշա Աբրահամյանը: Իսկ ահա թիմի կազմում որոշակի փոփոխություններ են կատարվել: Ինչպես տեղեկացանք «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանից, ներկայումս թիմում փորձաշրջան են անցնում 3 բրազիլացի եւ մեկ սերբ ֆուտբոլիստներ: Բրազիլացիներն օրերս են ժամանել Երեւան: Ժուլիանո Ժիմենեսը պաշտպան է, Ակլեյսոնը` կիսապաշտպան, Տալեսը` հարձակվող: Մարզումներին մասնակցում է նաեւ սերբ դարպասապահ Զլատան Ադրովիչը: Բանն այն է, որ «Միկայի» հիմնական դարպասապահ Ֆելիքս Հակոբյանը թիմի կենտրոնական պաշտպան Նիկիտա Ֆուրսինի հետ փորձաշրջան է անցնում Կուրսկի «Ավանգարդում»: «Միկայի» եւս մեկ ֆուտբոլիստ` Արսեն Մելոյանը փորձաշրջանի է մեկնել Տիրասպոլի «Տիլիգուլ»: Վարդան Հովհաննիսյանը ներկայումս մարզվում է Կապանի «Գանձասարում»: Առայժմ մարզումներին չի մասնակցում վնասվածք ունեցող Մարատ Մկրտչյանը, որը պետք է վիրահատվի: «Միկան» հրաժարվել է ռուսաստանցի լեգեոնականներ Ալեքսանդր Սեմյոնովի եւ Պավել Յուշկովի ծառայություններից: Դավիթ Գրիգորյանը, որ անցած մրցաշրջանի կեսերից վերադարձել էր հարազատ կոլեկտիվ, կրկին մեկնել է Ղազախստան` փորձաշրջան անցնելու իր նախկին ակումբ «Եսիլ Բոգատիրում»: Իսկ «Միկայի» ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկը` թիմի ավագ Արտաշես Ադամյանն անցել է մարզչական աշխատանքի:

Նախապատրաստության առաջին փուլը «Միկան» կանցկացնի Երեւանում: Եթե սկզբնական շրջանում հիմնական ուշադրությունը դարձվում էր ֆուտբոլիստների ֆունկցիոնալ պատրաստությանը, ապա այժմ աստիճանաբար ավելի մեծ տեղ է հատկացվում խաղային որակների բարելավմանը, գնդակի հետ վարման տեխնիկայի մշակմանը: Դրանց պետք է նպաստեն նաեւ ստուգողական հանդիպումները: Դրանցից առաջինը «Միկան» նախատեսում է անցկացնել հունվարի 21-ին «Այգ» մարզաբազայի մարզադաշտում Երեւանի «Արարատի» հետ: Իսկ հունվարի 28-ին «Միկան» կմեկնի Սոչի` ուսումնամարզական հավաքի: Մարզումներին զուգընթաց Սոչիում թիմն իր ուժերը կփորձի ստուգողական հանդիպումներում, որոնք թույլ կտան մարզիչներին ստուգելու ֆուտբոլիստների պատրաստվածության աստիճանը, պատկերացում կազմելու նորեկների մասին: Հետագայում նախատեսված են եւս երկու ուսումնամարզական հավաքներ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4