«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2007-01-17 | #8, 2007-01-18 | #9, 2007-01-19


ԿԱՐՃԱՏԵՎ ՈՉ-ՈՔԻ

Մեկօրյա հանգստից հետո շախմատի Վեյք ան Զեեի մրցաշարի մասնակիցներն անցկացրին 5-րդ տուրի հանդիպումները: Արոնյանի մրցակիցը մրցաշարի ամենակրտսեր մասնակիցներից մեկն էրՙ նորվեգացի 16-ամյա գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, որի հետ այս տարվա ապրիլին հայ շախմատիստը պետք է հանդիպի աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարում: Գուցե դա էր պատճառը, որ մրցակիցները չցանկացան ռիսկի դիմել եւ կարճատեւ պայքարից հետո արդեն 20-րդ քայլին հաշտություն կնքեցին:

Նման բախտի արժանացան եւս մի քանի մրցախաղեր: Այսպես, Պոնոմարյովն ու Կրամնիկը միավորը բաժանեցին 19-րդ քայլին, իսկ Կարյակինն ու Մոտիլյովը հաշտություն կնքեցինՙ կատարելով երկու քայլ ավելի: Կարճատեւ ընթացք ունեցավ նաեւ Անանդի եւ Սվիդլերի մրցավեճը: Սակայն ի տարբերություն վերը նշված պարտիաների, հնդիկ գրոսմայստերը 21-րդ քայլին հաղթանակ տարավ:

Իր հաղթարշավն է շարունակում ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը: Այս անգամ նա սեւ խաղաքարերով 34-րդ քայլին պարտության մատնեց չեխ շախմատիստ Դավիթ Նավարային: Հաղթանակ տոնեց նաեւ հոլանդացի գրոսմայստեր Լյուկ վան Վելինՙ սեւերով առավելության հասնելով Ալեքսեյ Շիրովի նկատմամբ: Տիվյակովն ու Թոփալովը երկարատեւ պայքարից հետո համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի:

Այսպիսով, 5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Թեյմուր Ռաջաբովը, որը վաստակել է 4,5 միավոր: Նրանից մեկական միավորով հետ են մնում Վիշվանաթան Անանդն ու Վեսելին Թոփալովը: Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Կրամնիկը վաստակել են 3-ական միավոր:

Առայժմ ոչ մի կերպ չի կարողանում իր խաղը գտնել «B» խմբի մրցաշարում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը: Նա հինգ հնարավորից վաստակել է երկու միավոր: Հինգերորդ տուրում Գաբրիելը 49-րդ քայլում հաշտություն կնքեց բուլղարացի Գեորգիեւի հետ մրցավեճում: Այստեղ 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Բոլոգանը, Սմեթսը եւ Յակովենկոն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4