Շախմատի Հայաստանի առաջնության 3-րդ տուրն էական փոփոխություն չմտցրեց տղամարդկանց մրցաշարի մասնակիցների ցուցանիշներում: Եթե նախորդ տուրից հետո աղյուսակը գլխավորում էին հինգ շախմատիստներ, ապա 3-րդ տուրից հետո առաջատարների թիվը հասավ 6-ի: Աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են Աշոտ Անաստասյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը, Տիգրան Նալբանդյանը, Կարեն Ասրյանն ու Զավեն Անդրեասյանը:
3-րդ տուրում ուշադրության կենտրոնում էին Ասրյան-Անաստասյան, Անդրեասյան-Արտաշես Մինասյան պարտիաները: Հաղթանակի հասնելու ուղիներ չգտնելով, մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Նրանց օրինակին հետեւեցին նաեւ Նալբանդյանն ու Եղիազարյանը:
Իր 2-րդ հաղթանակը տոնեց Փաշիկյանըՙ պարտության մատնելով Արթուր Չիբուխչյանին: Տիգրան Քոթանջյանը կարողացավ իրացնել առավելությունը Պետրոսյանի հետ մրցախաղում եւ միացավ առաջատարներին: Վերջինն ավարտվեց Դավիթ Կարաթորոսյանի պարտիան Արա Մինասյանի հետ: Վերջինս պարտիան հասցրեց հաղթական ավարտիՙ տոնելով մրցաշարում անդրանիկ հաղթանակը:
Եթե տղամարդկանց մրցաշարում առաջատարների խմբում խիստ նեղվածք է, ապա կանանց մրցաշարում արդեն մեկնարկից զգացվում է Նելի Աղինյանի առավելությունը մրցակիցների նկատմամբ: Մրցաշարի միակ գրոսմայստերը չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդն է: Աղինյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ այս անգամ առավելության հասնելով Անի Դարբինյանի նկատմամբ: Նա այժմ հարյուր տոկոսանոց արդյունքով վստահորեն ստանձնել է առաջատարի դերը:
Առաջատարից կես միավորով է հետ մնում ՀՀ ներկայիս չեմպիոնուհի Սիրանուշ Անդրեասյանը, որը սեւերով պարտության մատնեց Մարիանա Գասպարյանին: 2-ական միավոր ունեն Լիանա Աղաբեկյանն ու Նարինե Գասպարյանը: Լիանան հաղթեց Նունե Դարբինյանին, իսկ Նարինեն ոչ-ոքի խաղաց Լուսինե Ալավերդյանի հետ: Անդրանիկ հաղթանակը տոնեց Լիլիթ Գալոյանըՙ պարտության մատնելով Անահիտ Խառատյանին: Վերջինս երրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ միակ մասնակիցն է, որ միավոր չի վաստակել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ