«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2007-01-18 | #9, 2007-01-19 | #10, 2007-01-20


«ԱՐՅՈՒՆՈՏ ՁԵՌՔԵՐԸ ՀԱՍԱՆ ԴԻՆՔԻՆ»

Հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Երեկ Ստամբուլում սպանվել է «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Սպանությունը կատարվել է ցերեկով այն պահին, երբ Դինքը դուրս է եկել խմբագրության շենքից: Ենթադրվում է, որ մարդասպանը եղել է երիտասարդ, մոտ 18-19 տարեկան: Սպանությունը կատարել է ատրճանակի կրակոցներով: Սպանության վայրում ոստիկանությունը հայտնաբերել է չորս պարկուճ: Ստամբուլի ոստիկանությունը մարդասպանին հայտնաբերելու համար ձեռնարկել է արտակարգ միջոցառումներ: Ուշ երեկոյան ձերբակալվել են 2 կասկածելիներ:

Այս վայրագ սպանությունը բուռն զայրույթ է առաջ բերել պոլսահայ համայնքում, ինչպես նաեւ թուրք մտավորականների շրջանում, որոնք, տեղեկանալով ողբերգական միջադեպի մասին, սպանությունը դատապարտելու համար շտապել են «Ակօսի» խմբագրություն: Սպանությունից հետո այնտեղ է շտապել նաեւ Ստամբուլի նահանգապետ Մուամմեր Գյուլերը: Այդ ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել սպանությունը դատապարտող հայտարարությամբ:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դինքի սպանության մասին իմացել է նախարարների խորհրդի նիստի ժամանակ, ընդհատելով նիստը` անհրաժեշտ հրահանգներ է տվել սպանության բացահայտման ուղղությամբ: Վարչապետը կարգադրել է ներքին գործերի եւ արդարադատության նախարարներին անել հնարավորը սպանությունը բացահայտելու համար: Երկու նախարարներ իսկույն ուղեւորվել են Ստամբուլ: էրդողանը խորը վշտով նշել է, որ արյունոտ ձեռքերն այս անգամ հասել են Դինքին: «Այս հարձակումն, ի դեմս Հրանտ Դինքի, կատարվել է մեր բոլորի դեմ, ուղղված է մեր միասնության եւ կայունության դեմ»:

Դինքի սպանությունն ըստ երեւույթին սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ նաեւ թուրքական մամուլի ներկայացուցիչների վրա, որ նրանք, այդ թվում հանրային հեռուստատեսությունը, "Reuters"-ը AP-ին ինտերնետային էջերում իսկույն արձագանքել են միջադեպին: Նրանց են միացել նաեւ CNN-ը, BBC-ին "եւ այլ միջազգային լրատվական միջոցները:

«Ազգի» հետ զրույցում «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանը նշեց, որ խորապես ցնցված են սպանությունից: «Ինձ բարոյալքված, հուսախաբ եմ զգում: Այս երկրում հանրային կարծիքը պատրաստ չէ խիզախ կարծիքներ լսելու»: Ըստ Ռոբեր Հատտեճյանի, Հրանտ Դինքի սպանությունը հարված էր հայ համայնքին, Թուրքիային, խոսքի ազատությանը: «Հայ-թուրքական հարաբերություններում վերջերս նոր գաղափարներ էին առաջ քաշվում, եւ հույս կար, որ հին վերքը կարող է դարմանվել: Այս սպանությունը հարված էր այդ հույսին»:

Ռոբեր Հատտեճյանը ընդգծեց, որ համայնքը ցնցված է այդ սպանությունից: «Դինքը հաճախ համարձակ հայտարարություններ էր անում: Հայ համայնքը դեռեւս պատրաստ չէր այդպիսի կարծիքների, եւ ոմանք վախենում էին, որ նման վախճան կարող էր լինել: Ինչ էլ որ ասենք, դեպքը ողբերգական է, դա մեզ 50 տարով հետ կտանի»:

«Ժամանակի» խմբագրությունից պրն Հատտեճյանի խոսքին հավելեցին, որ անգամ ենթադրելի չէր, թե այդ աստիճանի վայրագ ոճիր կկատարվի հայի դեմ Ստամբուլում, դա անակնկալ էր համայնքի համար:

«Մարմարայից» եւ «Ժամանակից» ստացված տեղեկությունների համաձայն, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը, որ երեկ երեկոյան վերադարձել էր Երուսաղեմից, պատրիարքարանում պատրաստվում էր մամուլի ասուլիս հրավիրել ինչպես հայկական, այնպես էլ թուրքական լրատվամիջոցների համար` հրապարակավ դատապարտելու Հրանտ Դինքի սպանությունը:

Երեկոյան Դինքի սպանությունը դատապարտեցին ՀՀ ԱԺ նախագահը, ԱԳ նախարարը, եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Դինքի ընտանիքին նամակ է հղել ՀՀ նախագահը:

Ուշ երեկոյան բողոքի ցույց տեղի ունեցավ Շիշլիում, որտեղ գտվնում է «Ակօսի» խմբագրությունը: Թաքսիմի հրապարակից ծայր առած ցույցի մասնակիցների մեծ մասը երիտասարդներ էին:

Հրանտ Դինքը ծնվել էր 1954 թվականին, Մալաթիայում: 1961 թ. ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլ: 1996 թվականի ապրիլից Դինքն «Ակօսի» գլխավոր խմբագիրն էր: Ստամբուլի համալսարանի շրջանավարտ Դինքը անդամակցել է ընդհատակում գործող Թուրքիայի կոմունիստական կուսակցությանը: Հրանտ Դինքին թուրքական արդարադատությունը հետապնդել է համարձակ հայացքների համար: Նա 2005 թ. հոկտեմբերին թուրքերի ինքնությունը վիրավորելու համար դատապարտվել էր վեց ամսվա ազատազրկման: Սակայն դա չխանգարեց Դինքին, որ նա շարունակի բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին: Հատկապես վերջին շրջանում հաճախակի էին դարձել թուրք ազգայնամոլների սպառնալիքները նրա նկատմամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4