«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2007-01-18 | #9, 2007-01-19 | #10, 2007-01-20


ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՀՈ՞ՒՆՉ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ «Ռեգնում» գործակալության հանդիպումների սրահում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը թեեւ եկել էր պատասխանելու միմիայն բանակի հետ կապված հարցերին, եւ հանդիպումն էլ հայոց բանակի 15-ամյա հոբելյանի շրջանակում էր, սակայն լրագրողները կարողացան մի շարք հարցեր զուգահեռել քաղաքական թեմաներին, մասնավորապեսՙ մոտեցող ընտրություններին:

Գնահատելով բանակ-հասարակություն կապըՙ պաշտպանության նախարարը նկատեց, որ թեեւ բանակում խնդիրներ կան, բայց բանակը փակ չէ որեւէ մեկի համար, եւ այսօր Հայաստանում կան բոլոր հնարավորությունները, որպեսզի հասարակությունը վերահսկողություն իրականացնի բանակի նկատմամբ. «Կարծում եմ, այսօրվա բանակ-հասարակություն կապը հուսալի է, օգտակար եւ ծառայում է մեր բանակին եւ հասարակությանը»: Նա հիշեցրեց, որ մինչեւ 2000 թվականի սկիզբը շատ ծնողներ ցույցեր, բողոքի ակցիաներ էին կազմակերպում. սկսած 2001-2002 թվականներից, երբ տարբեր հասարակական կազմակերպություններ սկսեցին գնալ զորամասեր, հանդիպել զինվորների հետ, կատարել ստուգումներ եւ զեկույցներ ու տեղեկանքներ ներկայացնել ՊՆ ղեկավարությանը` դարձան ՊՆ համախոհները. «Չի եղել որեւէ դեպք, երբ որեւէ կազմակերպություն տեղեկություններ ուզենա ստանալ բանակի մասին, եւ այդ ցանկությունը մնա անկատար... Փառք Աստծո, գոնե զուտ վիճակագրության մասով վերջին երկու-երեք տարիներին այլեւս խեղաթյուրված թվեր չեն հրապարակվում նույնիսկ ամենից ազատ տրամադրված մամուլի էջերում», գոհացավ նա բանակ-հասարակություն կապից:

Գելափի հարցումներին ի պատասխանՙ «Ո՞վ է մեր ժամանակի հերոսը», մարդկանց մեծամասնությունը գրել է զորավարների անուններ, բայց այդ ցանկում բացակայել է նախարարի անունը. այս հարցի պատճառի վերաբերյալ լրագրողի այն դիտարկմանը, թե նախարարը գուցե մի տեսակ չի՞ ասոցացվում բանակի հետ, պաշտպանության նախարարը իր դիտարկումը հակադրեց. «Նախ որեւէ տարօրինակ բան չկա, որ Գելափի հարցումներում մեր ժողովուրդը ինձ չի համարում այսօրվա հերոս, ես ինքս երբեք ինձ ոչ հերոս եմ համարել, եւ ոչ էլՙ մեծ զորավար: Ինչ վերաբերում է որեւէ մեկի կողմից ինձ բանակի հետ ասոցացնելուն, ապա պիտի ասեմ, որ վերջին 20 տարվա իմ գործունեությունից ուղիղ 20 տարին էլ այս թե այն կերպ կապված է եղել բանակի հետ, 15 տարին ծառայել եմ հայկական բանակում, եւ ոչ երկրորդական պաշտոններում: Այդքանից հետո եթե ինձ չեն ասոցացնում բանակի հետ, ես որեւէ պրոբլեմ չունեմ, անհրաժեշտ է նաեւ իմանալ-ճշտել սպաների եւ զինվորների կարծիքը»:

Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի (ՀՅԴ)ՙ քաղաքականությամբ զբաղվելու ցանկությամբ պայմանավորված նրա հրաժարականի մասին հարցին Ս. Սարգսյանը, փաստորեն, ուղիղ պատասխան չտվեց, ասաց միայն, որ ամեն օր ՊՆ-ում կադրային փոփոխություններ են լինում, որ յուրաքանչյուր շաբաթ օր նախարարն ընդունում է միջին հաշվով 30-ից ավելի սպաներիՙ նշանակելու-ազատելու առիթով, իսկ Ա. Աղաբեկյանի մասով էլ հարկ է հարցնել հենց Ա. Աղաբեկյանին, իսկ քաղաքականությամբ զբաղվելու նրա որոշումը նորմալ է համարում:

«Ազգի» հարցերը վերաբերում էին բանակում մահերին եւ ընտրություններում բանակային ընտրողի քվեարկությանը, ինչի առթիվ հաճախ է մտահոգություն հայտնվել պարտադրանքի եւ ուղղորդված լինելու առումով:

2006 թվականին մեր բանակում մահացել է 33 ժամկետային զինծառայող, այդ թիվը 2005 թվականին 47 էր. «Չեմ ասում, որ 33 թիվը քիչ էՙ 33 ճակատագիր է, 33 ընտանիք, բայց պիտի հաշվի առնենք, որ մեր բանակում ծառայում են 40 հազարից ավելի 18 տարեկան տղաներ` յուրաքանչյուրն իր բնավորությամբ, յուրաքանչյուրն իր խառնվածքով: Գումարած դրան` մենք այսօր պաշտպանում ենք 1200 կմ-ից ավելի սահման, մեր զորքի 80 տոկոսից ավելին գտնվում է մարտական հերթապահության մեջ, յուրաքանչյուր զինվոր ունի մարտական զենք, լիցքավորված մարտական փամփուշտներով, եւ այստեղից պետք է եզրակացություն անել», ասաց նաՙ հիշեցնելով, որ 2001-ին բանակում մահերի թիվը 300-ից ավելի էր, 2000-ինՙ 100-ից ավելի. «Բայց պետք է խոստովանեմ, որ այդ 33 թիվը մեր սահմանը չէ, եւ մենք պետք է աշխատենք, որ հայկական բանակում զոհերի, սպանությունների թիվը հասցնենք նվազագույնի»: Միաժամանակ նախարարը իմաստ չտեսավ ասելու, թե քանի՞սն են այդ մահերից ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք, ինչն ավելի պարզություն կմտցներ հարցում:

Զինվորների պարտադրված կամ ուղղորդված քվեարկության մասին էլ ասաց, թե 9 տարի պաշտպանության նախարար է եղել, որեւէ մի հրամանատար չի ասիՙ նրան որեւէ ցուցում է տրվել այս կամ այն կուսակցության օգտին քվեարկություն կազմակերպելու: Եթե որեւէ հրամանատար այդպիսի բան ասի, ուրեմն պաշտպանության նախարարն, իր խոսքերով, աշխարհի ամենաանազնիվ մարդն է: Բայց եւ վատ բան չկա, որ հրամանատարները տեսնում են նախարարի կողմնորոշումները եւ ունեն համահունչ կարծիքներ: Ըստ նրաՙ մեր հասարակությունը դրանից միայն պետք է ուրախ լինի, քանի որ պաշտպանության նախարարը հեղինակություն է վայելում:

Զինվորներին չի՞ պարտադրվելու քվեարկել հանրապետական կուսակցության օգտին: «Քվեարկությունը գաղտնի է, ի՞նչ է նշանակում վախի մթնոլորտ», լրագրողին հակադրվեց նախարարըՙ նկատելով, թե որեւէ տեղամաս չկա, որի 80 տոկոս կամ 90 տոկոս ընտրողները զինվորներ լինեն, ԿԸՀ-ն այնպես է անում, որ զինվորների թիվը գերակշռող չլինի:

Անդրադառնալով երեք ատյանների դատարաններով հակասական վճռի արժանացած Մատաղիսի գործին, երբ երեք զինծառայող նախ դատապարտվել էր 15 տարվա, հետոՙ ցմահ ազատազրկման, ապա եւ վճռաբեկով ազատ արձակվելՙ գործն էլ նոր քննության էր ուղարկվել, Ս. Սարգսյանն ասաց, որ որեւէ գործով, որեւէ դատավորի հետ երբեւէ չի խոսել, արդարադատություն իրականացնող դատարանները պաշտպանության նախարարության հսկողությունից դուրս են եւ ինքնուրույն են գործում, ինքն էլ քննիչ չէ, եւ ավելացրեց. «Ինձ մոտ, որպես պաշտպանության նախարար, հարց է առաջանում, թե ո՞ր ատյանն է ճիշտ գործել, որըՙ սխալ»: Պաշտպանության նախարարը պահանջատեր է այս խնդրում եւ հետամուտ է լինելու, որ իրադրությունը հստակվի, սխալ վճիռ կայացնողները պատժվեն:

Այն հարցին ի պատասխան, թե 18 տարեկանների նվազման պատճառով արդյոք բանակը մոտ ապագայում խնդիրներ կունենա՞, նախարարը որոշակի նվազում աչքի առաջ ուներ, բայց այդ նվազումը ճակատագրական չհամարեց մինչեւ 2018-19 թվականները, մանավանդ որ մեր բանակի մեկ երրորդը համարյա պրոֆեսիոնալներից է կազմված: Արդեն այս տարի 1000-ից ավելի պայմանագրային զինծառայողի հետ պայմանագիր է կնքվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4