«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2007-01-18 | #9, 2007-01-19 | #10, 2007-01-20


ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԵՐԸ ԿՂՈՂԱՆՋԵՆ ՍՈՖԻԱՅՈՒՄ

Բուլղարիայի հայոց թեմից ստացված հաղորդագրությունը ավետում է թեմի առաջնորդանիստ եկեղեցու հիմնաքարերի օրհնության մասին մայրաքաղաք Սոֆիայում: Մինչ այս եկեղեցու կառուցման հնարավորությունը, Սոֆիայում դեռ 17-րդ դարի կեսերից մինչեւ 1934 թ. գործել է մեկ այլ եկեղեցի, որը քանդվել է քաղաքաշինական նպատակներով: Բուլղարական պետությունը դրա դիմաց տվել է այլ, եկեղեցու համար փոքր տարածություն, որտեղ եկեղեցու փոխարեն բուլղարահայերը գերադասել են կառուցել քառահարկ Հայոց տուն, որի երկրորդ հարկն ամբողջությամբ, բայց ժամանակավորապես տրամադրվել է եկեղեցական արարողություններին:

Միայն վերջերս է, որ բուլղարահայ համայնքից գործարար Մարգար Շիրինյանն իր բուլղար եւ հույն գործընկերների աջակցությամբ հանձն առավ եկեղեցու կառուցման ծախսերը հոգալ: Քրիստոնեական այս յուրօրինակ կամեցողության ու սիրո շնորհիվ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին կատարվեց եկեղեցու հիմնաքարերի օրհնության կարգը: Սա նշանակում է, որ երկարամյա դադարից հետո, մոտ ապագայում Սոֆիայում կարձագանքեն Հայ առաքելական եկեղեցու զանգերը: Կառուցվելիք եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Կարագաշյանը: Եկեղեցին լինելու է կենտրոնագմբեթ, 25 մ երկարությամբ եւ 12,5 լայնությամբ: Եկեղեցին կունենա 24 մ բարձրություն, ինչպես նաեւ նկուղային հարկաբաժինՙ գրասենյակների ու սրճարան-սրահի համար:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4