յսօր Մոսկվայում կտրվի «Համագործակցության գավաթի» 15-րդ խաղարկության մեկնարկը: Առաջին անգամ Հայաստանն այդ մրցաշարում կներկայացնի ոչ թե երկրի չեմպիոնը, այլ առաջնության արծաթե մրցանակակիր Երեւանի «Բանանցը», որն իր նորամուտն է նշելու ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկություններում: Ինչպես հայտնի է, նախորդ խաղարկության կիսաեզրափակիչում ՀՀ չեմպիոն «Փյունիկը» հրաժարվել էր Բաքվի «Նեւթչիի» հետ մրցախաղից, ուստի որակազրկվել էր:
«Բանանցը» «Համագործակցության գավաթի» մրցաշարին լավագույն ձեւով նախապատրաստվելու համար ծրագրել էր հունվարի 11-ին Սոչիում մեկշաբաթյա կարճատեւ հավաք անցկացնել: Սակայն փաստաթղթերի ձեւակերպման հարցում ծագած անսպասելի դժվարությունների հետեւանքով թիմը չմեկնեց Սոչի: Փոխարենը որոշվեց նախապատրաստությունը շարունակել Մոսկվայում, ուր թիմն ընդամենը 13 ֆուտբոլիստով ժամանեց հունվարի 14-ին: Ըստ Սարգիս Իսրայելյանի` որոշակի խնդիրներ էին ծագել զինծառայության մեջ գտնվող թիմի 7 ֆուտբոլիստի` Սամվել Մելքոնյանի, Արարատ Առաքելյանի, Արտակ Օսեյանի, Արամ Բարեղամյանի, Սուրեն Սարգսյանի, Աղվան Հայրապետյանի եւ Նարեկ Մանուկյանի մոսկովյան մրցաշարին մասնակցելու հարցում: Բարեբախտաբար, այդ հարցը դրականորեն լուծվեց եւ երեկ նշված ֆուտբոլիստները ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանի հետ ժամանեցին Մոսկվա:
Հավաքականի կազմում հանդես գալուց հետո ԱՄՆ-ից Մոսկվա են ժամանել Արամ Հակոբյանն ու Եղիշե Մելիքյանը: Վերջինիս պայմանագրի ժամկետը Դոնեցկի «Մետալուրգի» հետ ավարտվել է, եւ նա այժմ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունի: Եղիշեն այժմ նոր թիմ է փնտրում: Մոսկովյան մրցաշարում «Բանանցում» հանդես կգա նաեւ կենտրոնական պաշտպան Անդրեյ Չերեւկոն:
«Բանանցն» ընդգրկվել է «C» խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցներն են Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը», Լատվիայի ուժեղագույն ակումբ Վենտսպիլսի համանուն ակումբը եւ Ուզբեկստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն Տաշքենդի «Պախտակորը»: Ինչ խոսք, «Բանանցին» լուրջ մրցակիցներ են բաժին ընկել, թեեւ «Շախտյորը» մոսկովյան մրցաշարում հանդես է գալու երկրորդ կազմով: Հենց Ուկրաինայի չեմպիոնի հետ հանդիպումով էլ այսօր «Բանանցը» կսկսի մրցավեճը մոսկովյան մրցաշարում: Խաղը տեղի կունենա «Օլիմպիյսկի» մարզասրահում եւ կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 18-ին: Հաջորդ օրը, նույն ժամին, «Դինամո» մանեժում, «Բանանցը» կմրցի «Պախտակորի» հետ, իսկ 2 օր անց այստեղ կհանդիպի «Վենտսպիլսի» հետ:
Անշուշտ, «Շախտյորն» ու «Պախտակորը» դեռեւս խորհրդային տարիներից քաջ հայտնի են մեր ֆուտբոլասերներին: Ազգային առաջնություններում այս թիմերն իրենց երկրների ուժեղագույն ակումբների շարքին են դասվումՙ բազմիցս նվաճելով չեմպիոնի տիտղոսը: «Շախտյորը» 4-րդ անգամ է հանդես գալու մոսկովյան մրցաշարում: Նախորդ երեք խաղարկություններում թիմն անցկացրել է 11 խաղ (+5=1-5, 19-16): Նշենք, որ Ուկրաինան 1995 թ. է սկսել մասնակցել «Համագործակցության գավաթի» խաղարկությանը եւ այդ տարի հանդես եկավ երկրի փոխչեմպիոն «Շախտյորը», որը «Շիրակի» հետ ընդգրկված էր միեւնույն խմբում եւ անդրանիկ խաղում 2-1 հաշվով հաղթեց գյումրեցիներին: Այն ժամանակ, մրցակարգի համաձայն, միայն խմբերի հաղթողներն էին շարունակում պայքարըՙ մտնելով միանգամից կիսաեզրափակիչ: Այդ բախտին արժանացավ հենց «Շախտյորը»:
Հայաստանի թիմերի հետ «Շախտյորի» հաջորդ հանդիպումը կայացել է անցյալ տարի: Ուկրաինացիները Մոսկվա էին ժամանել փոխարինող կազմով եւ քառորդ եզրափակիչում 1-3 հաշվով զիջեցին «Փյունիկին»: Դա մոսկովյան մրցաշարում ուկրաինական թիմերի նկատմամբ հայկական ակումբների առաջին հաղթանակն էր: Իսկ Կիեւի «Դինամոյի» հետ «Փյունիկի» եւ «Շիրակի» անցկացրած բոլոր 3 խաղերն էլ ավարտվել են ուկրաինացիների հաղթանակով:
Տաշքենդի «Պախտակորն» ավելի հաճախՙ 5 անգամ է մասնակցել «Համագործակցության գավաթի» մրցաշարին, սակայն նշանակալի հաջողությունների չի հասել: Թիմն անցկացրել է 18 խաղ (+7=6-5, 29-23): Նշենք, որ «Պախտակորի» հետ մեր թիմերն առայժմ չեն հանդիպել: Իսկ Ուզբեկստանի ներկայացուցիչների հետ նախորդ երկու հանդիպումներն էլ շահել են հայ ֆուտբոլիստները: 1995 թ. «Շիրակը» 4-2 հաշվով պարտության է մատնել «Նուրաֆշոնին», իսկ 2002 թ. Ֆերգանայի «Նեւթչիի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակ է տոնել «Փյունիկը»: Կհաջողվի՞ արդյոք «Բանանցին» շարունակել այդ լավ ավանդույթը, հայտնի կդառնա հունվարի 21-ին:
Եթե «Շախտյորն» ու «Պախտակորը» հարուստ ավանդույթներ ունեցող ակումբներ են, ապա Լատվիայի չեմպիոն «Վենտսպիլս» ակումբը հիմնադրվել է ընդամենը 10 տարի առաջՙ 1997 թ.: Վենտա գետի ափին գտնվող 45 հազար բնակիչ ունեցող քաղաքի համանուն թիմն առաջին անգամ լուրջ հաջողության հասավ 2003 թ.ՙ նվաճելով Լատվիայի գավաթը: Հաջորդ երկու տարիներին թիմը կրկնեց այդ հաջողությունը: «Վենտսպիլսը» բազմիցս առաջնության 2-րդ եւ 3-րդ մրցանակակիր է դարձել, իսկ ահա չեմպիոնական բարձունքը նվաճել չէր հաջողվում: Եվ ահա 2006 թ. առաջնությունում թիմն ուժեղագույնը ճանաչվեց ուկրաինացի մասնագետ Ռոման Գրիգորչուկի գլխավորությամբ: Նոր մրցաշրջանին թիմը սկսել է նախապատրաստվել դեկտեմբերի 21-ից, իսկ հունվարի 9-ից մարզումները շարունակում էր Մոսկվայում: Այստեղ էլ ընկերական խաղում «Վենտսպիլսը» 2-0 հաշվով հաղթել է «Մոսկվայի» փոխարինող կազմին:
Ինչպես եւ «Բանանցը», «Վենտսպիլսն» էլ առաջին անգամ է մասնակցելու մոսկովյան մրցաշարին: Նախորդ խաղարկություններում հայկական թիմերը 4 անգամ հանդիպել են Լատվիայի ուժեղագույն ակումբիՙ «Սկոնտոյի» հետ եւ միայն 2005 թ. «Փյունիկին» է հաջողվել խաղն ավարտել ոչ-ոքի (2-2): Իսկ նախորդ երեք խաղերում «Արարատը», «Շիրակը» եւ «Փյունիկը» զիջել են «Սկոնտոյին»:
«Բանանցը» մեր հանրապետության 6-րդ թիմն է, որ մասնակցելու է «Համագործակցության գավաթի» մրցաշարին: Առավել հաճախՙ 8 անգամ, մոսկովյան մրցաշարում հանդես է եկել «Փյունիկը»:
Նախորդ 14 խաղարկություններում մեր հանրապետության թիմերը հանդիպել են ԱՊՀ եւ Բալթյան 13 երկրների 29 թիմերի հետ: Հետաքրքրական է, որ մինչ օրս մոսկովյան մրցաշարում միմյանց հետ ուժերը չեն չափել Հայաստանի եւ Վրաստանի չեմպիոնները: Հայաստանի ներկայացուցիչները դրական հաշվեկշիռ ունեն Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի ֆուտբոլիստների հետ հանդիպումներում: Իսկ ահա Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լատվիայի, Մոլդովայի, Լիտվայի եւ Ադրբեջանի թիմերի հետ հաշվեկշիռը բացասական է:
Այսպիսով, նախորդ 14 մրցաշարերում Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ անցկացրել են 44 խաղ, որից 13-ում հաղթել են, 6-ն ավարտել են ոչ-ոքի, 25-ում պարտվել են: Մեր ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը խփել են 63 գնդակ, սեփականը բաց թողել 89-ը: Բոլորից արդյունավետ է գործել Արսեն Ավետիսյանըՙ խփելով 5 գնդակ, 3-ական գոլի հեղինակ են դարձել Արթուր Ոսկանյանը, Հայկ Հակոբյանը եւ Հարություն Վարդանյանը: Անցկացրած խաղերի թվով յուրօրինակ ռեկորդակիրը փյունիկցի Աղվան Մկրտչյանն է, որը 5 անգամ հանդես գալով մոսկովյան մրցաշարերում` 15 հանդիպման է մասնակցել: 5 խաղարկությունների են մասնակցել նաեւ Ռաֆայել Նազարյանը (13 խաղ) եւ Վարդան Մինասյանը (12): 13 խաղի է մասնակցել Սարգիս Հովսեփյանը, 12ՙ Լեւոն Փաչաջյանը:
Ներկայացնում ենք «Համագործակցության գավաթի» խաղարկությունների մասնակից Հայաստանի թիմերի ընդհանուր ցուցանիշներն ու ելույթների համառոտ վիճակագրությունը:
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 26 | 7 | 5 | 14 | 35-50 | 26 |
2. Արաքս | 6 | 3 | 1 | 2 | 10-9 | 10 |
3. Շիրակ | 6 | 2 | 0 | 4 | 8-13 | 6 |
4. Երեւան | 3 | 1 | 0 | 2 | 7-5 | 3 |
5. Արարատ | 3 | 0 | 0 | 3 | 3-12 | 0 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ