Պոլսահայ համայնքին մտահոգում են սպանության շահարկումներն ու նորանոր սպառնալիքները
«Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը ցնցել է առաջադեմ թուրք մտավորականներին, առավել եւս պոլսահայ համայնքին: Այդ սպանության հետեւանքով մտավորականները կորցրել են միջազգային հեղինակություն վայելող իրենց զինակցին, իսկ համայնքըՙ իր ամենահանդուգն ներկայացուցչին:
Թեեւ թուրքական մամուլն ընդհանուր առմամբ ատելությամբ դատապարտում է Դինքի սպանությունը եւ համերաշխություն հայտնում համայնքին, համերաշխության հարցում մամուլին է միանում նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ընդգծելով, որ Դինքի դեմ բարձրացած արյունոտ ձեռքերը երկարացվել են իրենց դեմ եւ իրենք գիտակցում են դավադիր այս սադրանքի պատասխանատվությունը, այնուամենայնիվ, թուրքական առանձին թերթեր, գործիչներ եւ ստահակներ չեն հրաժարվում սադրանքներից, որոնց պատճառով սգի մեջ հայտնված համայնքի ցնցումը վերածվում է տագնապի:
Թերթերի պարագայում խոսքը վերաբերում է «Թերջումանին», որը հունվարի 21-ի համարում գրել է, որ Դինքին սպանող Օգյուն Սամսաթն իբր ծագումով հայ է եւ զարմանում, թե ինչո՞ւ նրա ծնողները հեռուստատեսությամբ ուրացել են իրենց ծագումը: «Թերջումանի» այս սադրանքին, որը տեղ է գտել թուրքական մասնավոր որոշ հեռուստատեսությունների հաղորդումներում, արձագանքել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը:
Նա մասնավորապես ասել է. «Մենք սգի մեջ ենք եւ Հրանտ Դինքի աճյունը դեռեւս չենք հանձնել հողին: Գուցե չափազանց մեծ լավատեսություն կլիներ մեր կողմից ցավակցություն ակնկալելը հասարակության բոլոր խավերից, բայց եւ այնպես սպասում էինք, որ կցուցաբերվի նվազագույն հարգանք»:
Մութաֆյան պատրիարքի հետ «Թերջումանին» խստագույնս դատապարտել են նաեւ թուրքական կենտրոնական թերթերը, սակայն «Մայր հայրենիք» կուսակցության հիմնադիրներից Հասան Ջելալ Գյուզելը, որը Թուրգութ Օզալի իշխանության օրոք նախարարի պաշտոններ էր վարում, «Ռադիկալի» հունվարի 21-ի համարում Հրանտ Դինքի սպանության պատասխանատվությունն անուղղակիորեն բարդում է սփյուռքահայության վրա: Գյուզելը պատճառաբանում է, թե Հրանտ Դինքն ի տարբերություն հայկական սփյուռքի, թուրքերին չէր մեղադրում ցեղասպանության մեջ, այլեւ հակադրվում էր նման ծայրահեղություններին, այդ իսկ պատճառով սփյուռքում նրան չէին սիրում:
Այդ ընթացքում մի խումբ ստահակներ, ինչպես «Միլիեթի» հունվարի 22-ի համարում վկայում է Ջան Դյունդարը, Գատըգյուղի Սբ. Թագվոր հայկական եկեղեցու պատին գրում է. «Մի Հրանտ մեռավ, հերթը մյուս Հրանտներինն է: Սատկի կեղտոտ հայը»: Հեղինակը նշում է, որ ոստիկանությունը խանգարել է նրանց, ովքեր մամուլին փոխանցելու համար փորձել են լուսանկարել այս գրությունը:
Այնուհետեւ նա ավելացնում է. «Եկեղեցում հավաքվածների տագնապի մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է: Սարսափելի է, բայց միաժամանակ ճշմարտություն: Սադրիչները կարող են հպարտանալ իրենց հանճարեղ ստեղծագործությամբ»:
Հ. Չ.