«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2007-01-19 | #10, 2007-01-20 | #11, 2007-01-23


ԱՐՈՆՅԱՆԸ ՍՏԻՊԵՑ ՌԱՋԱԲՈՎԻՆ ԱՆՁՆԱՏՈՒՐ ԼԻՆԵԼ

Վեյք Ան Զեեի շախմատի գերմրցաշարում վերջին երկու տուրերում բավական հետաքրքրական իրադարձություններ տեղի ունեցան, որոնք էապես ազդեցին առաջատարների ցուցանիշների վրա:

Հիանալի հանդես եկավ Լեւոն Արոնյանը, որին բավական դժվարին մրցակիցներ էին բաժին հասել: 7-րդ տուրում Լեւոնը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ: Հաջորդ տուրում նրա մրցակիցը մրցաշարի առաջատար ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն էր, որը մինչ այդ պարտություն չէր կրել: Նախորդ տուրում Ռաջաբովին մեծ դժվարությամբ հաջողվել էր պարտությունից խուսափել Անանդի հետ մրցավեճում: Սակայն Արոնյանի հետ պարտիայում դա նրան չհաջողվեց: Հայ գրոսմայստերը մեծ վերելքով անցկացրեց ողջ պարտիան: Վերջնախաղում Արոնյանը երկու զինվորի առավելություն ուներ եւ կարողացավ իրացնել այն:

Այսպիսով, Արոնյանին հաջողվեց ստիպել Ռաջաբովին, առաջին անգամ այս մրցաշարում, ի նշան պարտության կանգնեցնել ժամացույցը: Հաջող ելույթների շնորհիվ Արոնյանն ընդհուպ մոտեցավ առաջատարներին: 8 տուրից հետո հայ գրոսմայստերը Կարյակինի, Սվիդլերի եւ Կրամնիկի հետ (5 միավոր) բաժանում է 3-6-րդ տեղերը: Իսկ առաջատարի դերը ստանձնել է բուլղարացի Վեսելին Թոփալովը (6 միավոր), որը մեկը մյուսի հետեւից hաղթեց Պոնոմարյովին ու Անանդին: Ռաջաբովն առաջատարին զիջում է կես միավորով:

7-րդ եւ 8-րդ տուրերի մրցախաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Շիրով-Մոտիլյովՙ 0,5-0,5, Տիվյակով-Կարյակինՙ 0,5-0,5, Նավարա-վան Վելիՙ 1-0, Կառլսեն-Սվիդլերՙ 0-1, Մոտիլյով-Սվիդլերՙ 0-1, Կրամնիկ-Կառլսենՙ 0,5-0,5, վան Վելի-Պոնոմարյովՙ 0,5-0,5, Կարյակին-Նավարաՙ 1-0, Շիրով-Տիվյակովՙ 0,5-0,5:

Երեկ շախմատիստները հանգստանում էին, իսկ այսօր նրանք կրկին կնստեն խաղասեղանների շուրջնՙ անցկացնելով 9-րդ տուրի հանդիպումները: Ուշադրության կենտրոնում կլինի Արոնյանի պարտիան Թոփալովի հետ, որում հայ շախմատիստը խաղալու է սպիտակներով: Ռաջաբովը սեւերով մրցելու է Կառլսենի հետ, իսկ Կրամնիկը հանդիպելու է Սվիդլերի հետ:

«B» խմբի մրցաշարում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը որոշ չափով շտկեց մրցաշարային իրավիճակը: 7-րդ տուրում Գաբրիելը պարտության մատնեց Յակովենկոյին, իսկ հաջորդ տուրում ոչ-ոքի ավարտեց պարտիան Քսյանջիի հետ: 8 հնարավորից Գաբրիել Սարգսյանը վաստակել է 4 միավոր եւ աղյուսակի միջին հորիզոնականներում է: Իսկ առաջատարը Լագրավեն է, որը վաստակել է 6 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4