Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստներն «Այգ» մարզաբազայի խաղադաշտում անցած կիրակի ստուգողական երկրորդ հանդիպումն անցկացրին: Այս անգամ արարատցիների մրցակիցը նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր, երկրի գավաթակիր ու Սուպերգավաթակիր Աշտարակի «Միկան» էր: Եթե արարատցիների մեկնարկային կազմն ավելի մոտ էր օպտիմալին, ապա «Միկան» հիմնականում խաղադաշտ էր դուրս բերել թիմի չորս նոր լեգեոնականների եւ երիտասարդ մի քանի ֆուտբոլիստների:
Ինչ խոսք, ձյունածածկ խաղադաշտում ֆուտբոլիստներին դժվար էր մտածված ու գեղեցիկ կոմբինացիաներ ձեռնարկելը, սակայն որոշ դրվագներում դա նրանց հաջողվեց: Նշենք, որ կողմերի համաձայնությամբ, խաղը տեւեց 70 րոպե: Դաշտում ավելի ակտիվ էին արարատցիները, որոնք ավելի լավ էին համագործակցում, հաճախակի էին գրոհներ կազմակերպում: Դրանցից մեկի ժամանակ էլ, 13-րդ րոպեին խփվեց հանդիպման միակ գոլը, որը հաղթանակ բերեց արարատցիներին: Գրոհի աջ թեւում միմյանց հետ լավ համագործակցեցին Նռանյանն ու Նշան Էրզրումյանը, որը նկատելով ավելի հարմար դիրքում գտնվող եղբորը, գնդակը հասցեագրեց նրան: Այդ պահին սերբ դարպասապահը մի փոքր դուրս էր եկել դարպասից եւ Սերգեյը գեղեցիկ հարվածով, վարպետորեն դարպասապահի գլխավերեւով գնդակն ուղարկեց դարպասը:
Այսպիսով, արարատցիները ստուգողական 2-րդ խաղում էլ հաղթանակ տոնեցինՙ կրկին անառիկ պահելով սեփական դարպասը: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արարատը» 2-0 հաշվով հաղթել էր «Կիլիկիային»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ