Վերջին տարիներին Գյումրիի «Շիրակին» անդրադառնալիս ամենացավոտ հարցը թիմի ֆինանսական անմխիթար վիճակն էր, որի հետեւանքով գյումրեցիներն առաջնությունում անհաջող մրցելույթներ էին ունենում` մրցաշրջանի սկզբում զրկվելով նաեւ հիմնական կազմի մի խումբ ֆուտբոլիստներից: Մեկ անգամ չէ թիմի գլխավոր մարզիչ Ժորա Բարսեղյանը ցավով նշել, որ եթե կարգավորվի «Շիրակի» ֆինանսական վիճակը եւ թիմից հեռացած ֆուտբոլիստները հարազատ կոլեկտիվ վերադառնան, ապա շիրակցիները նախկինի պես կպայքարեն մրցանակային տեղերի համար: Հուրախություն թիմի ճակատագրով մտահոգված ֆուտբոլասերների` վերջապես «սայլը տեղից շարժվեց»: Երբ զանգահարեցինք Գյումրի` տեղեկանալու «Շիրակի» նախապատրաստական աշխատանքների ընթացքին, թիմի գլխավոր մարզիչ Ժորա Բարսեղյանի ձայնում անմիջապես հույսի եւ ուրախության նշույլներ զգացինք: Շտապեցինք հետաքրքրվել` խնդրելով գլխավոր մարզչին ներկայացնել թիմում տիրող իրավիճակը:
Ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ վերջապես թիմի ֆինանսական վիճակի բարելավման հարցում դրական տեղաշարժ է նկատվում: Եվ դա շնորհիվ ակումբի նախագահ Գառնիկ Խաչատրյանի, որը միայնակ 15 տարի իր ուսերին է կրել թիմի ամբողջ հոգսը: Նա այժմ նոր թափով ու եռանդով է սկսել «Շիրակին» ֆինանսական ճգնաժամից դուրս բերելու աշխատանքները: Հունվարի 10-ին հրավիրված թիմի ժողովում ակումբի նախագահը տեղեկացրեց, որ այս մրցաշրջանում բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծվելու են «Շիրակի» հաջող մրցելույթների համար: Ֆուտբոլիստները կստանան կայուն աշխատավարձ, որը եռապատկվել է (300 դոլար), բացի այդ, կպարգեւատրվեն հաջող մրցելույթների համար: Վերջին տարիներին շիրակցիները զրկված էին ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորությունից, ինչն անմիջականորեն անդրադառնում էր թիմի մրցելույթների վրա: Այդ հարցին էլ ակումբի նախագահը դրական լուծում է տվել: Նախատեսվում է ուսումնամարզական երկու հավաք փետրվարին եւ մարտին, առայժմ Հայաստանում:
Մրցաշրջանի ավարտից հետո մենք անորոշ իրավիճակում էինք հայտնվել, նույնիսկ հարցականի տակ էր առաջնության մասնակցությունը: Բարեբախտաբար, դժվարությունները հաղթահարվեցին եւ թիմը հունվարի 11-ից սկսեց նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Առաջին փուլում հիմնական նպատակը տղաների ֆիզիկական որակների բարելավումն է: Օգտագործում ենք Գյումիի բոլոր մարզակառույցները, նաեւ բացօթյա մարզումներ ենք անցկացնում մարզադաշտում: Ճիշտ է, եղանակային պայմանները բարվոք չեն, սակայն ֆուտբոլիստներն առանց տրտնջալու պարապում են: Փաստորեն, զրոյից ենք սկսում, մարզումներ ենք անցկացնում նաեւ ծանրամարտի դպրոցում, տղաները մարզվում են նաեւ մարզասարքերի վրա: Մոռացության չի տրվում նաեւ գնդակախաղը:
Այժմ պարապմունքներում ընդգրկված են 38 ֆուտբոլիստներ: Ուրախությամբ պետք է նշել, որ ստեղծվել է «Շիրակ-2» դուստր թիմ, որը հանդես կգա առաջին խմբի առաջնությունում: Դա, ինչ խոսք, կնպաստի «Շիրակի» համար հուսալի հերթափոխի պատրաստմանը: Անշուշտ, ամեն կերպ ձգտում ենք ամրապնդել «Շիրակի» կազմը: Այժմ մարզումներին մասնակցում են նախկին շիրակցիներ, փորձառու ֆուտբոլիստներ Արտյոմ Բեռնեցյանը, Արարատ Հարությունյանը, Երվանդ Հակոբյանը, Գեւորգ Հովհաննիսյանը, Ֆելիքս Խոջոյանն ու Հովհաննես Դեմիրճյանը, որոնք հարազատ կոլեկտիվ են վերադարձել: Վերջին երկուսը հանդես էին գալիս Իրանում: Իհարկե, հնարավոր է թիմ վերադառնար նաեւ մեր վետերան Գագիկ Մարգարյանը, սակայն նա ընտանիքով ներկայում Ֆրանսիայում է: Ինչ խոսք, փորձառու ֆուտբոլիստների վերադարձը զգալիորեն կուժեղացնի թիմի կազմը: Կան նաեւ խոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք հուսով եմ մրցաշրջանի ընթացքում կհամալրեն հիմնական կազմը:
Եթե վերջին տարիներին որպես կանոն «Շիրակի» մի խումբ ֆուտբոլիստներ հեռանում էին թիմից ֆինանսական անմխիթար վիճակի հետեւանքով, ապա այժմ հակառակ գործընթաց է տեղի ունենում: Մենք ուրախ կլինենք նախկին շիրակցիների հարազատ կոլեկտիվ վերադառնալուն: Թիմից հեռացել է միայն Հրայր Մկոյանը` տեղափոխվելով «Արարատ»: «Շիրակի» մարզչական եւ ղեկավար կազմում փոփոխություններ չկան: Բոլորս էլ նոր ուժերով եւ եռանդով ենք լցված` վերականգնելու գյումրվա ֆուտբոլի բարի ավանդույթները: «Շիրակում» դրական տեղաշարժերը բոլորիս լավատեսորեն են տրամադրել եւ հուսով եմ, որ այս տարի թիմն իրեն արժանավայել կդրսեւորի եւ նույնիսկ կարող է պայքարել մրցանակային տեղերի համար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ