Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարի 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում էր մրցաշարի առաջատար Վեսելին Թոփալովի հետ: 28-րդ քայլում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Կարճատեւ պայքարից հետո, արդեն 21-րդ քայլում հաշտություն կնքեցին Մագնուս Կառլսենն ու Թեյմուր Ռաջաբովը, Պյոտր Սվիդլերն ու Վլադիմիր Կրամնիկը: Վիշվանաթան Անանդը սպիտակներով 41-րդ քայլին պարտության մատնեց Լյուկ վան Վելիին եւ զգալիորեն բարելավեց մրցաշարային գործերը: Ուկրաինացի երկու գրոսմայստերներ Ռուսլան Պոնոմարյովի եւ Սերգեյ Կարյակինի մրցավեճն ավարտվեց փորձառու աշխարհի նախկին չեմպիոնի հաղթանակով: Շիրովն էլ սեւերով պարտության մատնեց Նավարային: Տիվյակով-Մոտիլյով պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
9-րդ տուրն էական փոփոխություններ չմտցրեց առաջատարների ցուցանիշներում: Նախկինի պես աղյուսակը գլխավորում է Թոփալովըՙ 6,5 միավոր: Նրանից կես միավորով հետ է մնում Թեյմուր Ռաջաբովը: Լեւոն Արոնյանը Պյոտր Սվիդլերի եւ Վլադիմիր Կրամնիկի հետ 5,5-ական միավորով բաժանում է 3-5-րդ տեղերը: Կարյակինն ու Անանդը վաստակել են 5-ական միավոր:
«B» խմբի մրցաշարում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը 9-րդ տուրում սեւերով մրցում էր թուրք շախմատիստ Սուաթ Աթալիկի հետ: Երկարատեւ պայքարից հետո պարտիան 81-րդ քայլում ավարտվեցՙ ոչ-ոքի: 9 տուրից հետո Գաբրիելը վաստակել է 4,5 միավոր: Իսկ առաջատարը Լագրավեն է (6,5 միավոր):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ