Երեկ ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Արցախի գրողների միության հետ նախաձեռնել էր բազմահազարանոց սգո երթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Տեղի ունեցավ հանրահավաք, որտեղ պոլսահայ անվանի լրագրող եւ հասարակական գործիչ Հրանտ Դինքի չարանենգ սպանությունը դատապարտող ելույթներով հանդես եկան մտավորականներ, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ:
Անհնար է հաշտվել Հրանտ Դինքի կորստյան հետ, որովհետեւ նա իր նախնյաց հողում հայության հավերժության խորհրդանիշերից մեկն էր: Դինքի սպանությամբ, սակայն, թուրքերին չի հաջողվել արմատախիլ անել հայոց ցեղասպանության համընկալման ծիլերը, նոր սերնդի մտածողության ակոսներում դրանք կարմատակալեն, ու կզորանա պատմական արդարության մեծ ծառը: Նա դրոշակակիր մարտիկ էր իր դիրքերում եւ ընկավ թշնամու դավադիր գնդակից, իսկ այդպիսի մահը անմահություն է: Հրանտ Դինքի անունը անմահ կմնա արցախցիների սրտերում. այս երդմնահունչ համոզմունքը հնչեցրին ելույթ ունեցողները:
Կ. Գ., Ստեփանակերտ