«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2007-01-23 | #12, 2007-01-24 | #13, 2007-01-25


ՄԵՐ ՍԲ. ՍԱՐԳԻՍՆ ՈՒ ՕՏԱՐԻ ՎԱԼԵՆՏԻՆԸ

Հայ առաքելական եկեղեցին մի քանի տարի անընդմեջ ակտիվորեն քարոզեց հանրությանը, որ հայերի սիրո խորհրդանիշը ոչ թե Վալենտին անունով այլազգի մի կալանավոր էր կամ նրա երկու անվանակիցներից մեկը, այլ Սբ. Սարգիս զորավարը, որ նաեւ արագահաս սուրբ է համարվում` երիտասարդների ու սիրո հովանավորը: «Վալենտինին որպես սրբի չի ճանաչում ոչ կաթոլիկ, ոչ էլ ռուս ուղղափառ եկեղեցին: Հայտնի է, որ եվրոպացի գործարարները ծննդյան տոներից հետո իրենց ապրանքների վաճառքը վերականգնելու համար հորինեցին Վալենտինի տոնը: Գաղափարն անշուշտ հետաքրքրական է, սակայն Վալենտինի տոնը օտար է, որ հիմքում ունի զուտ կոմերցիոն ուղղվածություն, ի տարբերություն Սբ. Սարգսի տոնի, որ հիշատակում է հույն զորավարի քիստոնեավայել պահվածքը, հավատարմությունն ու քաջությունը», ասում է Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի վարիչ Էլզա Մանուկյանը: Սակայն քիչ չեն այն երիտասարդները, որոնց Սբ. Սարգիս անունը ծանոթ է միայն հայտնի ռաբիս երգիչ Ա. Ասատրյանի «Սուրբ Սարգիս ես կգնամ...» երգ-խոստումի շնորհիվ:

Շատ ծնողներ եւ ուսուցիչներ էլ հարկ են համարում երեխաներին քաջատեղյակ պահել հայկական ավանդույթների մասին, ապա եւ մեկնաբանում օտարամուտ սովորույթը: «Ես Սբ. Սարգսի մասին մանրամասներ իմացա որդուցս, որ եկեղեցու պատմության դասից էր տեղեկացել, իսկ Վալենտինի օրվա առթիվ նա հանձնարարություն էր ստացել անգլերենի ուսուցչուհուց: Չնայած չորրորդ դասարանում էր, նա պետք է բացիկ պատրաստեր իր սիրելիի համար», ասում է տիկին Մարիան, մեզ հետաքրքրող թեմայի մասին զրույցում: Նրա կարծիքով Սբ. Սարգսի տոնն ուղղակի լավ օրինակ է հասկանալու, թե որքանով է հայ մարդը եւ հատկապես երիտասարդը տուրք տալիս հայկական ավանդույթին կամ գերադասելով նորամուծությունը, մոռանում սեփականը` յուրացնելով օտարինը: «Մեր ավանդական ամեն ինչն էլ պահելու համար պետք է ջանք չխնայենք, քանի որ միշտ նորը, ուրիշինը հրապուրիչ է ջահելների համար», ասում է երկարամյա մանկավարժ տիկին Սիլվան: Նա գտնում է, որ գլոբալացման եղանակներից մեկն էլ ազգայինը «տակով անելն» ու դրա փոխարեն «մոդայիկ» օտարը, անգամ չիմացածը կրկնօրինակելն է:

Երիտասարդ սերնդին օտարամոլությունից զերծ պահելու համար Արարատյան հայրապետական թեմը ավանդույթ է դարձրել մեծ շուքով տոնել «հայկական» սիրո հովանավոր Սուրբ Սարգսի հիշատակի օրը, մանավանդ որ դրան երիտասարդները սպասում են հատկապես աղի բլիթ ուտելու եւ երազում ապագա կողակցին տեսնելու հույսով: Նախաձեռնությունն անշուշտ գովելի է, մանավանդ որ այդ օրը Հայ առաքելական եկեղեցիներում կատարվում է նաեւ երիտասարդների օրհնություն: Իսկ համերգային միջոցառումը միայն գրավչություն եւ հանդիսավորություն է հաղորդում տոնին: Սակայն այս վերջին նախաձեռնության կատարման մասին դեմ կարծիքներ էլ ենք արձանագրվում: «Գիտեք, եթե միջոցառումը թափթփված լինի, ավելի լավ է չիրականացնեն», ասում է Լիլիթ անունով մի աղջիկ: Նա լսել էր ԶԼՄ-ներով տարածված այս տարվա անցկացվելիք միջոցառման մասին եւ իր դիտողությունները հաղորդեց «Ազգին»: «Մի համերգ, որի ընթացքում պիտի երգեն եւ Շուշան Պետրոսյանը եւ «Հայք» կոչվող խայտառակությունը, ուղղակի կասկածելի է: Եթե երգեին, ասենք Շ. Պետրոսյանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, «Արմենոիդները» եւ նմանատիպ երգիչներ, կհասկանայի, բայց Շուշանն ո՜ւր, «Հայքի» գռեհկությունն ո՜ւր, ասում է երիտասարդ աղջիկը: Չի կարելի բոլորին դուր գալ մշակութային միջոցառման համար վճարած եւ բարձրաճաշակ մշակութային միջոցառում ակնկալող հանդիսատեսի հաշվին: Կարծում եմ, կազմակերպիչները դեռ մտածելու շատ բան ունեն` սկսած երգիչների կազմի ընտրությունից մինչեւ մրցույթի նոմինացիաները, որոնք շատ հապճեպ գրած ու չխմբագրված են թվում»: Լիլիթը դեռ չի որոշելՙ մասնակցելու է Սբ. Սարգսի տոնին, թե՞ ոչ: Մի բան սակայն հաստատ է. «Նշանածս որ հրավիրի, չեմ մերժի, կգնամ նույնիսկ Վալենտինի տոնին, իսկ եթե դուր չգա, կհեռանանք»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4