Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը հանդես է գալու ռումինական «Ունիրիա» թիմում: Կիպրոսում ուսումնամարզական հավաքում գտնվող ռումինական ակումբը ստուգողական խաղում մրցել է անգլիական «Լիդսի» հետ: Խաղին մասնակցել է նաեւ Ռոմիկ Խաչատրյանը: «Ունիրիայի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն գոհ է մնացել Ռոմիկի խաղից. «Երեւում է, որ նա փորձառու ֆուտբոլիստ է եւ գիտի, թե դաշտում ինչ է անում: Իմ կարծիքով Խաչատրյանը ռումինական առաջնության երկրորդ շրջանի անակնկալներից մեկը կդառնա»:
Տեղեկացնենք, որ ներկայումս Ռումինիայում ընդմիջում է հայտարարված եւ ակումբները նախապատրաստվում են առաջնության 2-րդ շրջանին, որի մեկնարկը նախատեսված է փետրվարի կեսերին: 19 տուրից հետո «Ունիրիան» 22 միավորով (+6=4-9, 14-19) 13-րդ տեղում է: Աղյուսակը 52 միավորով գլխավորում է Բուխարեստի «Դինամոն», որը զգալիորեն առաջ է անցել 2-րդ տեղում ընթացող «Ստյաուայից» (39 միավոր): «Պոլիտեխնիկան», որի կազմում հանդես են գալու Արման եւ Արտավազդ Քարամյանները, առայժմ 2-րդ տեղն է զբաղեցնումՙ վաստակելով 32 միավոր (+9=5-5, 20-14):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ