Կառավարությունը երեկ որոշում է ընդունել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքին համապատասխան եւ հիմք ընդունելով Երեւանի գլխավոր հատակագիծն ու քաղաքի զարգացման հեռանկարներըՙ Երեւան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ բացառիկՙ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ: Այդ տարածքներում սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2008 թ. հունվարի 1-ը, իսկ սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինՙ Երեւանի քաղաքապետարանը:
Ինչպես տեղեկացանք հավաստի աղբյուրներից, կառավարության որոշումն առնչվում է այն տարածքներին, որոնք արդեն ճանաչվել էին կառավարության որոշումներով իրացման գոտիներ (Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաներ, Գինու կոմբինատին, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքներ, Ֆիրդուսնոց, Կոզեռն, Կոնդ եւ այլն): Սակայն, ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը կառավարության վերոնշյալ որոշումները ճանաչել էր որպես հակասահմանադրական եւ որոշել, որ սեփականության օտարման գործընթացը պետք է կատարվի համապատասխան օրենքով: Ազգային Ժողովի կողմից օրենքն ընդունվել է, որտեղ սահմանվել էր կառավարության իրավունքը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ: Ինչն էլ կատարվել է կառավարության երեկվա որոշմամբ: Խոսքն այստեղ չի գնում մայրաքաղաքի նոր տարածքներ իրացման գոտիներ ճանաչելու մասին: Միակ նորույթն այն է, որ սեփականության օտարումը սկսելու համար վերջնաժամկետ է սահմանվել:
Ա. Մ.