«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2007-01-25 | #14, 2007-01-26 | #15, 2007-01-27


ԴԻՔԼՈՐՔԱՑԱԽԱԹԹՈՒՆ ԲՈՒԺՈՒՄ Է ՔԱՂՑԿԵՂԸ

Կանադացի գիտնականների հայտնագործությունը

Ալբերտայի նահանգի (Կանադա) մի խումբ գիտնականներ պրոֆեսոր Եվանգելոս Միքելակիսի գլխավորությամբ հանգել են այն եզրակացության, որ երեխաների նյութափոխանակության բնածին խանգարումների բուժման նպատակով տասնամյակներ շարունակ կիրառվող դիքլորքացախաթթուն (DCA) քաղցկեղային ուռուցքների հետաճ է առաջացնում:

Այդ խանգարումները բջիջների միտոքոնդրիաների աշխատանքի խախտման հետեւանք են: Բջիջների շնչառությունն ապահովող օրգանոիդներըՙ միտոքոնդրիաներն արդեն 1930-ական թթ.-ից շաղկապվել են քաղցկեղային ուռուցքների հետ, քանի որ հիվանդների օրգանիզմում դիտվում էին միտոքոնդրիաների աշխատանքի խանգարումներ: Բայց մինչեւ վերջերս գիտնականները կարծում էին, թե օրգանոիդների քայքայումը քաղցկեղի հետեւանք է եւ ոչ թե պատճառը:

Այդ տեսակետը վիճարկող Միքելակիսը 2005 թ. սկսեց ստուգումների ենթարկել DCA-ի մոլեկուլները: Կենդանիների վրա անցկացված լաբորատոր փորձարկումները եւ ստուգումները ցույց տվեցին, որ DCA-ն ակտիվացնում է միտոքոնդրիաների ֆերմենտը, որը ճնշվում է քաղցկեղային բոլոր հիվանդությունների դեպքում:

Ավելին, օրգանոիդների աշխատանքի կարգավորումն էապես կրճատում է քաղցկեղային բջիջների աճը: Եվ վերջապես դիքլորքացախաթթուն չունի կողմնակի ազդեցություններ, թունավոր չէ եւ չի ճնշում հյուսվածքների առողջ բջիջներին (ի տարբերություն քիմիաբուժության մեջ կիրառվող մյուս նյութերի):

Միտոքոնդրիաները կարգավորում են բջջի հաշվեկշիռըՙ դրա բազմացման եւ բնական ոչնչացման միջոցով: Քաղցկեղային բջիջները ճնշում են միտոքոնդրիաներին, խախտելով բջիջների նյութափոխանակությունը եւ անվերահսկելիորեն բազմանալով: DCA-ն արմատապես փոխում է վիճակը, կանոնավորում միտոքոնդրիաների աշխատանքը, փաստորեն նրանց վերադարձնելով հիվանդ բջիջների ոչնչացման գործառույթը:

Ըստ Միքելակիսի, դիքլորքացախաթթուն բուժում է թոքերի, կրծքի եւ գլխուղեղի բաժինների քաղցկեղը, «կարող է բուժել քաղցկեղի բոլոր ձեւերը, քանի որ քաղցկեղային բոլոր հիվանդությունները հիմնված են միտոքոնդրիաների աշխատանքի ճնշման վրա»:

Բժիշկներն առաջարկում են բուժման նպատակով խմել դիքլորքացախաթթվի փոքր քանակություն: Այդ անվնաս նյութը կարող է ազդել նույնիսկ ուղեղի ուռուցքների վրա, որոնք անմատչելի են մյուս դեղամիջոցների համար:

Միքելակիսն ընդգծում է, որ DCA-ն որեւէ երկրում արտոնագրված չէ, դեղագործական որեւէ ընկերության չի պատկանում, էժան է եւ մատչելի:

Կանադացի բժիշկների հետազոտության նախնական արդյունքները հայտնի են դարձել 2005 թ. նոյեմբերին, իսկ վերջնական արդյունքները հրապարակվել են 2006 թ. հոկտեմբերին: Գիտափորձերի արդյունքներին կարելի է ծանոթանալ «Cancer Call» հանդեսի 2007 թ. 11-րդ թողարկման էջերում:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4