Օլիգարխներին պատկանող մի շարք ընկերություններ ցածր հորիզոնականներ են զբաղեցնում
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարկային պետական ծառայությունը երեկ «Ազգում» հրապարակեց անցյալ տարվա արդյունքներով առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը: (Տեխնիկական սխալի պատճառով պակասավոր այդ ցանկը ամբողջությամբ հրատարակում ենք այսօր-խմբ.): Ինչպես միշտ, այս անգամ եւս ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»ՙ 32 մլրդ 800 մլն դրամ ընդհանուր հարկերով, այդ թվում շահութահարկի եւ եկամտահարկի չափազանց մեծ բաժնովՙ 18,5 մլրդ դրամ: Երկրորդ տեղում «Արմենտելն» էՙ 20 մլրդ դրամ հարկային մուտքերով, երրորդըՙ «Հայռուսգազարդը»ՙ 13,7 մլրդ դրամով:
Խոշոր հարկատուների ցանկում շարունակում է վեր բարձրանալ Հայաստանի բջջային կապի երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմը» («Վիվասել»), որն այս անգամ զբաղեցնում է 4-րդ տեղըՙ 9,4 մլրդ դրամ ցուցանիշով: 9,4 մլրդ դրամ է կազմում նաեւ վառելիք ներկրող առաջատար ընկերության «Ֆլեշի» (սեփականատեր Բարսեղ Բեգլարյան) վճարած հարկերը, որը զբաղեցնում է 5-րդ տեղը: Վառելիք ներկրող մեկ այլ կազմակերպությունՙ «Քաղպետրոլսերվիսը» վճարել է 8,7 մլրդ դրամ եւ զբաղեցնում է 6-րդ տեղը:
Նրան հաջորդող ընկերությանՙ ծխախոտ ներկրող «Պարես-Արմենիայի» (սեփականատեր Խաչատուր Սուքիասյան) պետական բյուջե վճարած գումարը կազմել է 7 մլրդ դրամ: 8-րդ տեղում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»ՙ 5,2 մլրդ դրամ: Հաջորդը «Սալեքս գրուպ» ընկերությունն է (սեփականատեր Սամվել Ալեքսանյան)ՙ 5 մլրդ դրամ: Նշենք, որ այս ընկերությունը ինչպես եւ նույն սեփականատիրոջը պատկանող, ցուցակում 134-րդ տեղը զբաղեցրած «Ֆլիտֆուդը» իրականացնում է շաքարավազի ներկրում: Ընդ որում, վերջինիս ծավալները նվազում են ի հաշիվ առաջինի: Որեւէ պարագայում, Սամվել Ալեքսանյանը, հաջողությամբ օգտագործելով օրենքով տրված հնարավորությունը, կարողանում է խուսափել շահութահարկի վճարումից: «Սալեքս գրուպի» վճարած շահութահարկը կազմել է ընդամենը 14 մլն դրամ: եվ վերջապես տասնյակը եզրափակում է «Գրանդ տոբակոն» (սեփականատեր Հրանտ Վարդանյան) 4,4 մլրդ դրամ ցուցանիշով: 11-րդ տեղում Հրանտ Վարդանյանին պատկանող մյուս ընկերությունն է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»ՙ 4,2 մլրդ դրամ ցուցանիշով:
Այս անգամ եւս խոշոր հարկատուների 2006 թ.-ի ցանկում քիչ չեն արտառոց փաստերը: Օրինակՙ Հայաստանի ամենախոշոր գործարարը համարվող Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները շարունակում են համեստ դիրքեր զբաղեցնել: Մասնավորապես «Մուլտի գրուպ կոնցեռնը» վճարել է 203 մլն դրամ եւ ընդամենը 238-րդն է, «Մուլտի գազը»ՙ 245 մլն դրամ եւ 182-րդ տեղը, «Արարատցեմենտը»ՙ 412 մլն դրամ եւ 107-րդ տեղը: Մեկ այլ օլիգարխիՙ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկացեմենտը» 150-րդ տեղում է իր վճարած 306 մլն դրամ հարկերով: Ընդ որում, «Միկացեմենտն» այս տարի շահութահարկ չի վճարել ընդհանրապես:
Հետաքրքրական են էլեկտրոնային ապրանքներ ներկրող երկու առաջատար ընկերություններիՙ «Արայի» եւ «Զիգզագի» ցուցանիշները: Եթե «Արայի» վճարած 824 մլն դրամ ընդհանուր հարկային մուտքերից 101 մլն դրամը շահութահարկն է, ապա «Զիգզագի» 1 մլրդ 150 մլն դրամ հարկերից ընդամենը 58 մլն դրամն է կազմում շահութահարկը: Վերոնշյալ ցուցանիշների դեպքում ինչպե՞ս կարող է «Զիգզագի» շահույթը գրեթե կրկնակի փոքր լինել, քան նրա մրցակից «Արայինը», մեղմ ասած անհասկանալի է: Տարօրինակ է նաեւ Հայաստանում ոսկու արդյունահանմամբ եւ մշակմամբ զբաղվող «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության» վճարած ընդամենը 334 մլն դրամը եւ 132-րդ տեղը: Ընդ որում, ոսկի արդյունահանող ձեռնարկության շահութահարկն ու եկամտահարկը կազմել են 34 մլն դրամ:
Իրենց ոլորտներում խոշոր ընկերություններ «Գրիար» (շինարարություն), «Մակրո Երեւան» (առեւտուր եւ զանգվածային սպառման ապրանքների ներմուծում), «Երեւանի ալրաղաց» (հացամթերքներ) զբաղեցնում են համապատասխանաբար 239,240 եւ 243-րդ տեղերը, իսկ նրանցից յուրաքանչյուրի վճարած հարկերի գումարը գտնվում է 200 մլն դրամի սահմաններում: «Շանթ պլյուս» պաղպաղակի արտադրության ընկերությունը, որը նաեւ գերիշխող դիրք ունի այդ ապրանքային շուկայում, վճարել է 170 մլն դրամ, որից միայն մոտ 17 մլն դրամ շահութահարկ ու եկամտահարկ եւ զբաղեցնում է 277-րդ տեղը: Զանգվածային սպառման ապրանքների մեկ այլ խոշորագույն ներմուծող «Դերժավա-Ս» ընկերությունը, չնայած ընդհանուր առմամբ վճարել է 577 մլն դրամ եւ զբաղեցնում է 79-րդ տեղը, բայց դարձյալ նրա կողմից վճարվել է շատ քիչ շահութահարկՙ 26 մլն դրամ: Նրան հաջորդող «Ջերմուկ գրուպը» վճարել է 576 մլն դրամ, իսկ մյուս հանքային ջուր արտադրողները ընդհանրապես բացակայում են ցանկում:
Բուհերը դարձյալ շատ դեպքերում ավելի մեծ հարկեր են վճարում, քան այն ընկերությունները, որոնք, դատելով նրանց գործունեության ոլորտներից եւ ծավալներից, անհամեմատ ավելի քիչ են հարկեր վճարում: Օրինակՙ Երեւանի պետական համալսարանին (109-րդ տեղ) իրենց վճարած հարկերով զիջում են վառելիք ներկրող «Ագրոպետրոլ սերվիսը», արդեն հիշատակված «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը», «Արմավիա ավիաընկերությունը», «Հրազդան համալիր վարձակալական ձեռնարկությունը» («Հրազդան» տոնավաճառ), իսկ Երեւանի պետական բժշկական համալսարանին (149-րդ տեղ)` «Միկացեմենտը», «Եվրոմոթորսն» ու «Արարատ մոթորսը», «Գրեյթ Վելլին», «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» եւ ուրիշներ:
Մանրածախ առեւտրում ստվերային շրջանառության մեծ ծավալների մասին է խոսում այն փաստը, որ 300 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված են միայն 3ՙ Մալաթիայի, Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ եւ «Փեթակ» տոնավաճառները, Հայաստանում գործող 80 տոնավաճառներից: Այս ոլորտը շարունակում է գրեթե ամբողջությամբ դուրս մնալ հարկային դաշտից, չնայած դրանք հարկման բերելուն կոչված կառավարության ընդունած որոշումների եւ խորհրդարանի ընդունած օրենքի: Բացակայում են նաեւ խոշոր սուպերմարկետներըՙ «Սաս», «Սթար» եւ այլն, խոշոր ռեստորաններըՙ շնորհիվ ոչ մի կերպ չարդարացված հաստատագրված վճարի տեսքով հարկման: Հյուրանոցներից միայն երկուսն են` «Արմենիան» եւ «Երեւանը»: Շինարարության ոլորտը գրեթե բացակայում է, եւ հույս կա, որ օրենսդրական փոփոխությունից հետո գոնե այս տարի այս ոլորտից հարկային մուտքերի ավելացման միտում կնկատվի: Սակայն, ընդհանուր առմամբ, դժբախտաբար, անցյալ տարի հարկահավաքման առումով արմատական տեղաշարժ չգրանցվեց:
Չնայած հարկային մուտքերը տարեցտարի ավելանում են, բայց դա տեղի է ունենում առավելապես տնտեսական աճի եւ ոչ թե ստվերի կրճատման հաշվին: Այս տարի նախատեսված մուտքերն ապահովելու դեպքում անգամ կարելի է խոսել միայն որոշակի դրական տեղաշարժի, բայց ոչ երբեք կտրուկ առաջընթացի մասին: