«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2007-01-25 | #14, 2007-01-26 | #15, 2007-01-27


«ԳԱԶՊՐՈՄՆԵՎՏԸ» ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՎԹԱՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես տեղեկանում ենք «Կոմերսանտ» թերթից, ռուսական «Գազպրոմնեւտ» ընկերությունը հաստատել է նախօրեին թերթի հրապարակած տեղեկությունն այդ ընկերության կողմից Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին: Խոսքը Իրանի սահմանի մոտ տարեկան մինչեւ 7 մլն տոննա հզորությամբ գործարանի մասին է, որի արժեքը գնահատվում է 1,7 մլրդ դոլարՙ առանց տրանսպորտային ենթակառուցվածքի: Իսկ ներառյալ երկաթգծի կառուցումը, որով նավթավերամշակումից ստացված ապրանքների մի մասը պետք է հետ ուղարկվի Իրան, կարժենա եւս 1 մլրդ դոլար: Այսինքն, նախագծի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 2,7 մլրդ դոլար:

Թերթը նաեւ տեղեկացրել է, որ սկզբնական շրջանում Հայաստանի նախագահն առաջարկել է կառուցել տարեկան 3-4 մլն տոննա հզորությամբ գործարան, ինչին ռուսական կողմն առաջարկել է ավելի մեծ հզորությամբ գործարանի տարբերակը: Սակայն, վկայակոչելով տարբեր փորձագետների, հրապարակման հեղինակները նշում են, որ նավթատարի եւ երկաթուղու կառուցումը Թավրիզից մինչեւ Մեղրի, որտեղ նախատեսվում է կառուցել գործարանը, տնտեսապես արդարացված չէ: Ըստ այդ փորձագետների, ստացվող նավթամթերքները բավականին թանկ կարժենան: Հետեւաբար նախագծի ապագա մասնակիցները դրանից քաղաքական շահաբաժիններ ստանալու ակնկալիքներ ունեն:

Հայաստանի համար նավթավերամշակման գործարանի կառուցումը կարեւորվում է ռուս-վրացական հարաբերությունների սրված լինելու հանգամանքով: Այդ պատճառով ցանկացած պահի Հայաստանի կապը Ռուսաստանի հետ կարող է խնդրահարույց դառնալ, եւ Հայաստանը կհայտնվի ծանր վիճակում իր ուժեղացող հարեւան Ադրբեջանի առջեւ: Գործարանը, հրապարակման հեղինակների կարծիքով, թույլ կտա Հայաստանին որոշակիորեն պահպանել իր դիրքերը տարածաշրջանում: Իրանի համար այդ գործարանի կառուցումը կարեւոր է, եթե ԱՄՆ կողմից ռմբահարվեն այդ երկրի նավթավերամշակման այդ գործարանները: Հայաստանի տարածքում գտնվող գործարանը նման ռմբակոծման, ենթադրվում է, որ չի ենթարկվի:

Ռուսաստանը կարող է որոշակի խնդիրներ ունենալ ԱՄՆ հետ, բայց վերջինս չի կարող ֆորմալ առումով ոչ մի պահանջ առաջադրել Հայաստանի տարածքում կառուցվելիք գործարանի դեմ: Եզրակացնում է «Կոմերսանտը»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4