Երեկ Փարիզ այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Ֆրանսիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ միջնորդական ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով: Բանակցություններում առաջընթացի բացակայության համար Ալիեւն ամբաստանել է Հայաստանին: Նրա խոսքերով, 2006 թ. դեկտեմբերին ԼՂ-ում անցկացված սահմանադրության ընդունման հանրաքվեն եղել է «միանգամայն անօրինական»: Ալիեւը հավաստիացրել է, թե Բաքուն Արցախին առաջարկում է «առավելագույն ինքնավարություն Ադրբեջանի կազմում»: Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք հակամարտության ռազմական լուծում, նա ասել է. «Ակնհայտ է, որ մեր տնտեսական զորությունը եւ քաղաքական կշիռը մի օր մեզ միջոցներ կտան մեր հողերի ազատագրման համար: Մենք նախընտրում ենք դրան հասնել խաղաղ ճանապարհով, չդիմելով պատերազմի»:
Պ. Ք.