Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից տեղեկացանք, որ արդեն սեփականության վկայականներ են ստացել իրացման գոտի համարվող Կոզեռն թաղամասի 64 ընտանիքներ: Եվս երկու ընտանիքի դիմումը ընթացքի մեջ է, իսկ մեկինը մերժվել է փաստաթղթային տվյալներն ու հատակագիծը միմյանց չհամապատասխանելու պատճառով:
Հիշեցնենք, որ այս թաղամասի բնակիչների սեփականության իրավունքի ճանաչման մասին Երեւանի քաղաքապետի որոշմամբ այդ իրավունքը ճանաչվել է 110 հասցեի նկատմամբ: Հետագայում նրանցից 13-ի վերաբերյալ որոշումը չեղյալ է համարվել, քանի որ նրանց իրավունքն արդեն գրանցված է եղել: 10 ընտանիքների խնդիր մնում է առկախ, քանի որ նրանք ապօրինի շինարարություն են իրականացրել այն ընթացքում, երբ տարածքը ճանաչվել էր իրացման գոտի եւ այդ ընթացքում կառուցված շինությունների համար, իրացման ժամանակ օրենքով փոխհատուցում նախատեսված չէ:
Փաստորեն, մնացած 87-ից ներկա պահի դրությամբ դիմել են միայն 67-ը, որոնցից, ինչպես արդեն նշեցինք, ներկա պահին 64-ն արդեն ստացել են սեփականության վկայականներ: Մնացած 20-ը անցած մի քանի ամսվա ընթացքում դեռեւս չեն դիմել վկայական ստանալու համար: Հարկ է նշել, որ թաղամասի բնակիչները, որքան էլ տարօրինակ է, աչքի չեն ընկնում կադաստրի տարածքային ստորաբաժանումներ դիմումներ ներկայացնելու եւ իրենց սեփականության իրավունքը գրանցելու ակտիվությամբ: Մինչդեռ աննախադեպ ակտիվ էին մոտ 1-1,5 ամիս առաջ այդ նույն խնդրի վերաբերյալ հանրահավաքներին մասնակցելիս:
Ա. Մ.