100 եւ ավելի աշխատողներ ունեցող ընկերությունների ցանկում գերակշռում են պետական կազմակերպությունները
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարկային պետական ծառայության կողմից «Ազգում» հրապարակված մեկ այլՙ ֆինանսական տարվա սկզբից 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած կազմակերպությունների ցանկը հնարավորություն է տալիս ծանոթանալու առավել շատ աշխատատեղեր ունեցող ընկերություններին եւ որոշակի համեմատություններ անցկացնել առաջին 300 խոշոր հարկատուների ցանկի հետ:
Ի տարբերություն խոշոր հարկատուների ցանկի, այս ցանկը գլխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունըՙ 7984 աշխատողներով: Երկրորդը «Հայռուսգազարդն» էՙ 5167 աշխատակից, երրորդըՙ «Արմենտելը»ՙ 5018 աշխատակից: 4-րդ եւ 5-րդ տեղերը զբաղեցնում են պետական խոշոր ընկերություններ «Հայկական երկաթուղին» եւ «Հայփոստը»: Առաջինում աշխատում է 4641, երկրորդումՙ 3771 մարդ: Ակնհայտ է, որ այս կառույցների աշխատացուցակները ուռճացված են: Ամենայն հավանականությամբ, դրանք որոշակիորեն կբեռնաթափվեն, քանի որ «Հայփոստն» արդեն հանձնվել է կառավարման, իսկ «Հայկական երկաթուղին» կառավարման կհանձնվի այս տարի:
Խոշոր հարկատուների ցանկում առաջին տեղը զբաղեցնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» այս ցանկում 6-րդն է: Ձեռնարկությունում աշխատողների թիվը կազմում է 2601 մարդ: Երեք անգամ անհաջող սեփականաշնորհման ճանապարհ անցած «Նաիրիտը» 7-րդն էՙ 2196 աշխատողներով: «Հայջրմուղկոյուղին» 8-րդն է 1891 աշխատողներով, «Հայկական ԱԷԿ-ը 9-րդըՙ 1715 աշխատակից, «Երեւանի ջրմուղ-կոյուղին» եզրափակում է առաջին տասնյակըՙ 1497 աշխատակիցներով:
100 եւ ավելի աշխատողներ հայտարարագրած ընկերությունների ցանկին անդրադառնալիս աչքի է զարնում այն, որ այստեղ մեծ թիվ են կազմում պետական ձեռնարկություններըՙ բժշկական կենտրոններ, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, տրանսպորտային ձեռնարկություններ, ճանապարհների շահագործման եւ շինարարության ձեռնարկություններ, ազգային եւ գիտահետազոտական ինստիտուտներ: Նրանք շատ ավելի աշխատակիցներ են հայտարարագրում, քան արտադրության, շինարարության եւ առեւտրի ոլորտի ընկերությունները: Վերջիններս չեն ցանկանում աշխատողների իրական թիվ ցույց տալ, որը հիմնականում պայմանավորված է սոցվճարներից խուսափելու նրանց ցանկությամբ: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ ի տարբերություն պետական կազմակերպությունների, որոնց ղեկավարները ձգտում են հնարավորինս շատ մարդկանց «աշխատանքի տեղավորել»ՙ դրանից բխող բոլոր անձնական օգուտներով եւ առանց սեփական գրպանից սոցվճար վճարելու փաստի, մասնավոր ձեռնարկությունների սեփականատերերը սոցվճարները վճարում են իրենց սեփական եկամուտներից: Հետեւաբար, բնական է, որ նրանք ջանում են ունենալ ավելի փոքր եւ օպտիմալացված աշխատակազմ:
Հատկապես ակնառու է շինարարական հայտնի կազմակերպությունների բացակայությունն այս ցանկում, ինչը վկայում է շինարարական ընկերություններում ստվերային աշխատուժի մեծ քանակի մասին: Երեւանում կառուցապատման ծրագրեր իրականացնող ընկերություններից այս ցանկում գտնվում են միայն երկուսըՙ «Գրիարը»ՙ 322 աշխատակից եւ Աբրահամյան ընտանիքին պատկանող «Սոգլասիե-Արմենիան»ՙ 295 աշխատակից:
100 եւ ավելի աշխատող հայտարարագրած ընկերությունների ցանկից պարզ է դառնում նաեւ, թե որտեղ է իրականությունը իրենց ստեղծած աշխատատեղերի մասին ձեռնարկատերերի հայտարարությունների եւ իրականության միջեւ: Օրինակՙ Թալինում գործող «Դայմոթեք» ադամանդագործական ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, վաղուց արդեն այստեղ աշխատողների թիվը պետք է գերազանցեր 600-ը, բայց նրանց թիվն այժմ ընդամենը 175 է: Հետաքրքրական է Խորհրդային Հայաստանի խոշորագույն ընկերությանՙ «Հայէլեկտրամեքենայի» աշխատակիցների քանակը: Եթե խորհրդային տարիներին այստեղ աշխատում էին մոտ 12 հազար մարդ, ապա այժմ, դժբախտաբար, ընդամենը 404:
Բացատրելի է նաեւ այն փաստը, որ առաջին 300 խոշոր հարկատուներից շատերն այս ցանկում կամ ընդգրկված չեն, կամ ավելի համեստ տեղեր են զբաղեցնում: Մասնավորապես ներկրող ընկերությունները կարիք չունեն շատ աշխատողներ պահելու:
Այս ցանկի մասին խոսելիս անհրաժեշտ ենք համարում նշել, որ ճիշտ կլիներ այստեղ նշել նաեւ ձեռնարկություններում միջին աշխատավարձի չափը եւ նրանց կատարած սոցվճարների գումարը: Սա առավել թափանցիկ եւ հասկանալի կդարձներ ընկերությունների գործունեությունը նրանց վճարած աշխատավարձերի եւ սոցվճարների մասով: