«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2007-01-27 | #16, 2007-01-30 | #17, 2007-01-31


ԵՎՍ ՄԵԿ ՓՈՐՁԱՄՐՑՈՒՄ

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստները եւս մեկ ընկերական հանդիպում անցկացրին, այս անգամ մրցելով մեկամյա ընդմիջումից հետո կրկին կազմավորված «Երեւան յունայթեդի» հետ: Խաղն անցավ ավելի փորձառու արարատցիների առավելությամբ, որոնք էլ խոշոր հաշվով հաղթեցին (3-0): Հաշիվը 11մ հարվածով բացեց Նշան Էրզրումյանը, այնուհետեւ աչքի ընկան Գեւորգ Նռանյանն ու Սամվել Պետրոսյանը:

Նախապատրաստական շրջանում սա «Արարատի» ստուգողական երրորդ հանդիպումն էր: Հիշեցնենք, որ նախորդ երկու խաղերում էլ արարատցիները հաջող էին հանդես եկելՙ հաղթելով «Կիլիկիային» (2-0) եւ «Միկային» (1-0): Արդեն թիմին է միացել բրազիլացի Մարկոսը, որն անցած մրցաշրջանում իրեն լավագույն կողմերով էր դրսեւորել: Օրերս Երեւան կժամանեն եւս երկու բրազիլացիներՙ փորձաշրջան անցնելով «Արարատում»: Արարատցիներն առայժմ մարզումները շարունակում են Երեւանում, իսկ փետրվարի 7-ին նախատեսվում է ուսումնամարզական հավաք սկսել Սերբիայում:

Ինչ վերաբերում է «Երեւան յունայթեդին», որի ղեկը կրկին ստանձնել է Ալբերտ Սարգսյանն, ապա ներկայումս թիմում փորձարկվում են մեծ թվով ֆուտբոլիստներ: Մարզումների եւ ուսումնամարզական հավաքների շնորհիվ թիմի մարզիչները հնարավորություն կունենան վերջնականապես կողմնորոշվել հրավիրված ֆուտբոլիստների հարցում եւ որոշել հիմնական կազմը: Ըստ թիմի գլխավոր մարզիչ Ալբերտ Սարգսյանի, բավական աշխատանք կա կատարելու իրոք մարտունակ կոլեկտիվ ստեղծելու ճանապարհին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4