Դրա շնորհիվ կորեացիներն անցյալ տարի խնայել են 4,5 մլրդ դոլար
Այս օրերին Հայաստանում գտնվող Հարավային Կորեայի պետական գնումների մասնագետների պատվիրակության ղեկավար, գնումների գործակալության պետ Յոնգ Մին Կիմը Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ հուշագիր է ստորագրել այս ոլորտում համագործակցության մասին: Քննարկվել են նաեւ Հայաստանում էլեկտրոնային գնումների բարեփոխումների ընթացքը եւ Կորեայի Հանրապետության կողմից դրանց աջակցության հնարավորությունները: Կորեացիները երեկ մեր մասնագետներին ներկայացրին իրենց երկրում ներդրված գնումների «Կոնեպս» էլեկտրոնային համակարգը, որից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս:
Բացելով մամուլի ասուլիսը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պետգնումների վարչության պետ Կարեն Բրուտյանը նշեց, որ իրենք ուսումնասիրում են այլ երկրներում պետական գնումների բնագավառի դրական փորձը եւ ձգտում դա օգտագործել մեզ մոտ: Ըստ վարչության պետի, Հարավային Կորեայի պետգնումների համակարգը աշխարհում լավագույններից է:
Ներկայացնելով Կորեայի «Կոնեպս» պետգնումների էլեկտրոնային համակարգը, Յոնգ Մին Կիմը հայտնեց, որ պետգնումների ամբողջ գործընթացը, սկսած մրցույթների հայտարարություններից, հայտերի ստացումից, մինչեւ մրցույթի արդյունքների ամփոփումն ու գործարքի կայացումը կատարվում է մեկ կայքէջում: Համակարգը ներդրվել է 2001 թ.-ին եւ անցած 5 տարիներին մշակվել ու կատարելագործվել է: Անցյալ տարի, շնորհիվ պետգնումների էլեկտրոնային համակարգի, խնայվել է 4,5 մլրդ դոլար: Կորեայի Հանրապետության պետական գնումների գործակալության պետի կարծիքով, այս համակարգը կոռուպցիայի դեմ պայքարի եւս մեկ միջոց է: Նա Հայաստանի գնումների համակարգը համարեց «բավականին լավը», նրբանկատորեն ավելացնելով, որ մշակելու եւ գնումների էլեկտրոնային համակարգ ներդնելու խնդիր կա:
Հայաստանում էլեկտրոնային գնումների համակարգ ներդնելու մասին, ըստ Կարեն Բրուտյանի, Հայաստանի կառավարությունն ընդունել է ռազմավարություն: Նախատեսվում է համակարգը ներդնել երեք տարվա ընթացքումՙ երեք փուլով: Առաջին փուլը նախապատրաստական փուլն է, որը կավարտվի այս տարվա մայիսին, երկրորդը էլեկտրոնային գնումների ներդնումն է, երրորդ փուլըՙ մյուս գնումների ավտոմատացումը: Սակայն նախարարության վարչության պետն ասաց, որ փորձելու են համակարգն ավելի շուտ ներդնել: Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաները գնումների մեր համակարգում սահմանափակ են կիրառվում: Կայքէջում միայն մրցույթների մասին տեղեկություններն են հրապարակվում:
Կարեն Բրուտյանի հավաստմամբ, հունվարին 40 մլրդ դրամի գնումներ են կատարվել, եկող ամսին կներկայացվեն եւս 30 մլրդ դրամի հայտեր: Նման մեծ ծավալի հայտերի եւ գործարքների առկայությունը նա բացատրեց այն հանգամանքով, որ երկրի նախագահի կողմից հրահանգ է եղել նվազագույնի հասցնել մեկ աղբյուրից գնումների ձեւը:
«Ազգի» հարցը հետեւյալն էր. «Երկրի նախագահի խիստ գնահատականին էր արժանացել մրցույթների մասնակիցների միջին թիվը, որը մեկ մրցույթի համար կազմում էր 1-2: Որքա՞ն է կազմում այդ թիվը հիմա»: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության գնումների վարչության պետը, պատասխանելով այդ հարցին, տեղեկացրեց, որ անցյալ տարվա արդյունքներով, մրցույթների մասնակիցների միջին թիվը 4 է, իսկ որոշ դեպքերում հասնում է 10-ի: Ասվածին պետգնումների գործակալության պետ Հակոբ Բեգլարյանն ավելացրեց, որ վերջինս վերաբերում է հատկապես շինարարության իրականացման մրցույթներին: Ոլորտի պատասխանատուները նշեցին նաեւ, որ մրցույթների մասնակիցների թվի ընդլայնմանը նպաստել է իրենց իրականացրած լայնածավալ քարոզչական աշխատանքը զանգվածային լրատվամիջոցներով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ